top of page
Search

Երիտասարդությունը՝ որպես շարժիչ ավանգարդ ուժ. «VOTE!»



Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը (#FYCA), իր հայաստանյան և եվրոպական գործընկերների հետ համատեղ, ապրիլի 29-ից մայիսի 5-ը Մալթայում իրականացրեց #VOTE! ուսուցողական դասընթացը։ Դասընթացը կազմակերպվել էր «Raising the capacities of youth NGOs for rural youth participation in democratic life – VOTE!» երկամյա կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում՝ Եվրամիության #Էրազմուս պլյուսի համաֆինանսավորմամբ։


Դասընթացի նպատակն էր մասնակիցներին փոխանցել գիտելիքներ երիտասարդների քաղաքական/սոցիալական մասնակցության, ժողովրդավարության և քաղաքացիության վերաբերյալ, ծանթացնել հաղորդակցության և տեղեկատվական արշավների կազմակերպման առանձնահատկություններին։

«Թեման շատ արդիական է ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական այլ երկրներում։ Այս տարին առանձնահատուկ է, քանի որ եվրոպական մի շարք երկրներում նախատեսված են տեղական և համապետական ընտրություններ, մայիսին տեղի կունենան նաև Եվրախորհրդարանի ընտրությունները։ Երիտասարդական ակումբների դաշնությունը, որպես Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույց, կարևորում է երիտասարդների մասնակցությունն այս գործընթացներում և առանձնակի ուշադրություն դարձնում փորձի փոխանակմանն ու համագործակցությանը», - նշեց կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանը։

Դասընթացին կհաջորդեն տեղական տարբեր ծրագրեր՝ միտված երիտասարդների մասնակցության խթանմանը, որոնց արդյունքները կամփոփվեն Բուլղարիայում նախատեսված միջազգային սեմինարի ընթացքում, կկազմակերվեն մի շարք աշխատանքային ուսումնաճանաչողական փորձուսուցումներ (job shadowing)։



Ժողովրդավարության մեղրամիսը.

Ժողովրդավարական պետություն կառուցելը երկար և դժվար գործընթաց է, պահանջում է հսկայական ջանքեր և՛ կառավարության, և՛ ամբողջ հասարակության կողմից։ Ժամանակակից երիտասարդությանը վերապահված է բոլոր ժողովրդավարական բարեփոխումների մասնակցությունը։ Երիտասարդ սերնդի առավելությունը նոր ձևավորվող աշխարհայացքն է, որն էլ նպաստում է ժողովրդավարական պետության ստեղծմանը։

Յուրաքանչյուր պետության առաջնահերթությունը երիտասարդության կենսական հետաքրքրությունների ապահովումն է՝ արդիական կրթությունը, մասնագիտական հմտության ձեռքբերումը, աշխատաշուկայում ուրույն տեղը գտնելը, ունակությունների և պոտենցիալի բացահայտման համար պայմանների ստեղծումը։

Երիտասարդների համար անհրաժեշտ է ստեղծել իրավական սոցիալական, տնտեսական պայմաններ՝ մասնագիտական պատրաստվածությունը բարձրացնելու, ինտելեկտուալ և բարոյահոգեբանական պոտենցիալը աճեցնելու համար։


Ընտրությունները և երիտասարդության մասնակցությունը.

Գլոբալ սոցիալական, քաղաքական վերադասավորումներն ստիպում են վերանայել վերաբերմունքը երիտասարդ սերնդի նկատմամբ, քանի որ նոր սոցիալ-տնտեսական կարիքները պահանջում են նոր հանրային գիտակցության ձևավորում։ Եվ այդ գիտակցության հիմնաքարերից մեկն էլ երիտասարդներին ընտրական պրոցեսներին մասնակցելու մոտիվացնելն ու նախապատրաստելն է։

Երիտասարդ ընտրողը երկրի ապագայի հայելին է։

Եվ որքան էլ տարօրինակ է՝ այս կարևոր էլեկտորատի նկատմամբ տարիներից եկած կարծրատիպեր կան. երիտասարդությունը պասիվ է, հետաքրքրված չէ ոչնչով ընդհանրապես, իսկ եթե ինչ-որ բանով էլ հետաքրքրված է, ապա քաղաքականությունն ու ընտրությունները վերջին շարքում են այդ շրջանակի, օտարված են զգում պետական իշխանական համակարգից բոլոր մակարդակներում։ Եվ այստեղ հերթը հասնում է գիտական տերմիններին՝ իրավական նիհիլիզմ, բացասական սոցիալական ադապտացիա և այլն։ Այս ամենն էլ իր հերթին ամրագրված է փորձագետների վիճակագրական տվյալներով։

Երիտասարդությունն իր ամբողջ անփորձությամբ և բացասական սոցիալական ադապտացիայով հանդերձ ինտուիտիվ մակարդակով զգում է կեղծիքը։ Երբ տեսնում է՝ փորձում են վստահություն շահել կաշառելով, դա անդրադառնում է համատարած անվստահությամբ և հերքումով։

Յուրաքանչյուր գիտակից անհատի հետաքրքրում է՝ ինչպես և որտեղ է նա ապրելու առաջիկա հինգ տարվա ընթացքում, ինչ մասնագիտությամբ և ինչ պայմաններում է աշխատելու, որտեղ են ապրելու և սովորելու իր երեխաները:

Մնում է միայն ճիշտ բացատրել կապը իրենց ապագայի և առաջիկա ընտրության միջև՝ ոչ թե կարգախոսների աբստրակտ լեզվով, այլ խելամիտ փաստարկներով, կյանքից բերված օրինակներով:

Իսկ ահա երիտասարդ ընտրողների թիրախային խումբը, որը անհատական մոտեցման կարիք ունի, առաջին անգամ ընտրական տարիքային շեմին կանգնած մասնակիցներն են: Եվ նրանց գիտակցությունը բարձրացնելու, մոտիվացնելու ակցիաներ կարելի է կազմակերպել «Ես ընտրում եմ առաջին անգամ» կամ «Ես առաջին անգամ կարող եմ ընտրել իմ երկրի ճակատագիրը» թեմատիկայով, կազմակերպել քննարկումներ, ընտրություն անցկացնելու փորձ անել՝ ընտրական պրոցեսներով, ձայների հաշվարկով, դիտորդներով և այլն:

Երիտասարդության հետ երկխոսելու հարթակը կամ գործիքը կարող է դառնալ նրանց շրջանում ակտիվ գործածվող ռեսուրսը՝ Գլոբալ համացանցը:

Որոշ երկրներում ընտրությանը մասնակցելը հայտարարված է հայրենասիրական կամ քաղաքացիական պարտք: Օրինակ՝ Հունաստանում, Լյուքսեմբուրգում, Բելգիայում ընտրական մասնակցությունը սահմանադրական պարտավորություն է, որից խուսափելու համար պատասխանատվության են ենթարկվում, և ոչ ոք կասկածի տակ չի առնում այս եվրոպական պետությունների ժողովրդավարական կարգերը: Կիպրոսում, օրինակ, քաղաքացիներին պարտականությունն է անձամբ գրանցվել ընտրատեղամասերի ցուցակներում՝ այսպիսով ինքնուրույն իրականացնելով սեփական ընտրական իրավունքը: Իսկ Հունաստանում այն քաղաքացիները, որոնք դեռ իրավունք չունեն մասնակցելու ընտրություններին, կարող են աշխատել կուսակցությունների երիտասարդական թևերում: Պարզ է մի բան. երիտասարդների ռեսուրսը չօգտագործելը չափազանց վնասակար է երկրի համար:

bottom of page