
Երիտասարդական ակումբների դաշնությունը Սուրբ Սարգսի տոնը անցկացրեց Թումանյան թանգարանում
Արդեն ավանդույթ է՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) նախաձեռնում և կազմակերպում է Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառում՝ ազգային – ավանդական արժեքները համեմելով ժամանակակից երիտասարդական շնչով:

Կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանն իր խոսքում ընդգծեց. «Եվս մեկ անգամ խաչվեցին Երիտասարդական ակումբների դաշնության և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ճանապարհները, որովհետև Սուրբ Սարգսի տոնին հատվում են մեր նպատակներն ու երիտասարդներին սիրո խորհրդի փոխանցման առաքելությունը»: Ամենայն Հայոց հայրապետ Գարեգին երկրորդի տնօրինությամբ այս տոնը հռչակվել է որպես «Երիտասարդների օրհնության օր»:
Վարքաբանական գրականության մեջ Սուրբ Սարգիսը հիշատակվում է որպես IV դարի զորավար, ով օգնել է կարիքավորներին, պայքարել հանուն քրիստոնեության և նահատակվել: Արդեն V դ. Հովհան Մանդակունու խմբագրած տոնացույցում Սբ. Սարգսի տոնը սահմանվել է Առաջավորաց պահքի շաբաթ օրը: Տոնվում է հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ն ընկած շրջանում` Զատկի տոնից 63 օր առաջ:
