top of page
Search

«Թե կան դասեր, կա նաև սեր»


Երիտասարդական ակումբների դաշնությունը Սուրբ Սարգսի տոնը անցկացրեց Թումանյան թանգարանում


Արդեն ավանդույթ է՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) նախաձեռնում և կազմակերպում է Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառում՝ ազգային – ավանդական արժեքները համեմելով ժամանակակից երիտասարդական շնչով:

Կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանն իր խոսքում ընդգծեց. «Եվս մեկ անգամ խաչվեցին Երիտասարդական ակումբների դաշնության և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ճանապարհները, որովհետև Սուրբ Սարգսի տոնին հատվում են մեր նպատակներն ու երիտասարդներին սիրո խորհրդի փոխանցման առաքելությունը»: Ամենայն Հայոց հայրապետ Գարեգին երկրորդի տնօրինությամբ այս տոնը հռչակվել է որպես «Երիտասարդների օրհնության օր»:

Վարքաբանական գրականության մեջ Սուրբ Սարգիսը հիշատակվում է որպես IV դարի զորավար, ով օգնել է կարիքավորներին, պայքարել հանուն քրիստոնեության և նահատակվել: Արդեն V դ. Հովհան Մանդակունու խմբագրած տոնացույցում Սբ. Սարգսի տոնը սահմանվել է Առաջավորաց պահքի շաբաթ օրը:  Տոնվում է հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ն ընկած շրջանում` Զատկի տոնից 63 օր առաջ:

Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց. «Թեև ժողովրդական ավանդույթները բազմաթիվ են, թե ինչպես է Սուրբ Սարգիսը օգնության հասել երիտասարդներին, սակայն նրա կերպարում ներկայացվող խորհուրդը սերն է, որը դարձավ նրա աստվածային ընթացքի մարմնացումը»:

Հ. Թումանյան թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ, ասաց. «Միջոցառման ընտրության վայրը խորհրդանշական է: Որպես բնաբան վերցվել է Թումանյանի պատանեկության տարիներին գրած

Հոգուս հատոր,

Սրտիս կտոր,

Դասիս համար

Դու մի հոգար,

Թե կան դասեր

Կա նաև սեր:

Եվ ինչ զարմանք,

Իմ աղավնյակ,

Որ կենդանի

Մի պատանի

Սերը սրտում

Դաս է սերտում

բանաստեղծությունը: Այդ ժամանակ Ամենայն Հայոց բանաստեղծը սիրահարված է եղել իր ուսուցչուհու աղջկան: Այդ բանաստեղծությունը շատերի համար դարձավ սիրո խոստովանության իրենց բանաձևը»:

Թումանյանական սիրո շնչով բոցավառված անկաշկանդ մթնոլորտում մի երիտասարդ յուրատեսակ սիրո խոստովանությամբ հանդես եկավ, որից հետո էլ այն ավելի սիրառատ ու հուզառատ դարձրեց տոնը:

Երիտասարդները պատմում էին տոնի ավանդույթի և նրանից մասամբ մոռացված մանրամասների մասին և կոչ անում վերականգնել դրանք:

-Անի, իսկ դու գիտե՞ս օրվա խորհրդանիշն ինչն է:

-Այո, իհարկե: Աղի բլիթը Ս. Սարգսի տոնի խորհրդանիշն է: Տոնի նախորդ օրը երիտասարդներն աղաբլիթ են ուտում, մյուս կեսն էլ պահում ու բարձի տակ դնում՝ հուսալով երազում տեսնել ապագա կողակցին:

Համարյա մոռացվել է փոխինդի և դրանից պատրաստված քաղցր գնդիկների մասին ավանդույթը։ Երբ մութն ընկնում էր, սկուտեղով փոխինդ էին դնում տանիքին՝ հավատալով մեկ այլ ավանդույթի ճշմարտացիությանը. եթե առավոտյան Ս. Սարգսի ձիու պայտի դաջվածքը հայտնաբերում էին փոխինդի վրա, ապա դա նշանակում էր, որ այդ տարի ընտանիքում հարսանիք կլինի: Հետո այդ փոխինդից քաղցր գնդիկներ էին պատրաստում ու բաժանում չամուսնացած երիտասարդներին:

Dark բենդը իր գեղեցիկ կատարմամբ գեղեցկագույն սիրո շունչ փոխանցեց սիրահար զույգերին:

Իր գեղեցիկ ելույթով հանդես եկավ Երիտասարդական ակումբների դաշնության անդամ Լիլիթ Հովակիմյանը:

Յուրահատուկ երաժշտական կատարմամբ հանդես եկան Անահիտ Գաբրիելյանը և Էլեն Կիրակոսյանը՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից:

Թումանյանը մեծ տեղ է հատկացրել մատաղ սերնդի կրթությանը և դաստիարակությանը: Կիրթ և գիտակ երիտասարդները կայուն հասարակության, սիրո ու կյանքի մասին բարձր գիտակցման կրողներն են: Ամենայն Հայոց Մեծ բանաստեղծը ստեղծել է խաղեր և հանելուկներ ինտելեկտուալ զարգացմանը նպաստելու համար: 

Միջոցառումը զուգորդվեց թումանյանական առակներով ու հանելուկներով համեմված խաղերով, որի արդյունքում հաղթողները ստացան մրցանակներ:

Խաղի էությունը հետևյալն է. կարդում են Թումանյանի հանելուկներից, որին պետք է տրվի ճիշտ պատասխան: Հանելուկները ճիշտ կռահելու պարագայում պատասխանողներին տրվում են պատկերանշանով քարտեր, որոնք միավորելով, ստացվում էին Թումանյանի անձնական օգտագործման իրերի պատկերները:

Միջոցառումը նախաձեռնել էր Երիտասարդական ակումբների դաշնությունը, որին աջակցել էին Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրինությունը, Արարատյան Հայրապետական թեմը, Հայկական Փի Ար ասոցիացիան, Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը և Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը:

bottom of page