top of page
Search

Հնարավորություն մարզային ակումբների ակտիվացման համար

ԵԱԴ-ը ուրախ է տեղեկացնել Էրազմուս+ «Երիտասարդ առաջնորդների և երիտասարդական կազմակերպությունների կարողությունների հզորացումը համայնքային կյանքին նշանակալի մասնակցության համար» կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում նոր միջազգային համագործակցության մեկնարկի մասին:


Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել երիտասարդների առաջնորդական հմտությունները և աջակցել տեղական երիտասարդական կազմակերպությունների հաստատմանը և կարողությունների զարգացմանը` մասնակցելու համայնքային քաղաքականության մշակման աշխատանքներին Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Պորտուգալիայի գյուղական շրջաններում:


Ծրագիրը կունենա մի քանի փուլ, որտեղ գյուղական երիտասարդության հզորացման տրամաբանական շարունակությունը և համայնքային քաղաքականության մշակման աշխատանքներին մասնակցությունը ԵԱԴ-ի կողմից կաջակցվի հետևյալ կերպ.


- Բացահայտել և սովորել երիտասարդության ներգրավվածության լավագույն փորձը Պորտուգալիայում, ուսումնասիրել երիտասարդների և քաղաքականություն մշակողների միջև փոխգործակցության մեխանիզմները և նախաձեռնել 20 երիտասարդների կարողությունների հզորացումը Պորտուգալիայում անցկացվող կրթական ծրագրի շրջանակում (5-13 ապրիլ, 2020 թ.): Ինտենսիվ 7-օրյա ծրագիրը ուղղված է լինելու Պորտուգալիայում տեղական քաղաքականության զարգացման գործում երիտասարդության ներգրավվածության լավագույն փորձի ուսումնասիրմանը:


Ծրագիրը ներառելու է այցելություն Էվորա քաղաքի Կրթության նախարարություն, այցեր Պորտուգալիայի ներքին 3 գյուղական բնակավայրեր՝ Կուբա, Վիդիգեիրա և Ալվիտու, որտեղ ծրագրի մասնակիցները կունենան հանդիպումներ քաղաքային խորհուրդներում, հանդիպումներ քաղաքապետերի, երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդական խորհրդարանների ղեկավարների հետ, այցեր Ալենտեժուի շրջանի երիտասարդական խորհուրդներ: Բացի այդ, մասնակիցները կկազմեն յուրաքանչյուր համայնքում երիտասարդների ներգրավվածության վերաբերյալ իրազեկման արշավի հատուկ ծրագրեր։


- Ծրագրից հետո մասնակիցները կներգրավվեն իրենց տեղական համայնքներում քաղաքականության մշակման աշխատանքներին երիտասարդության մասնակցության ջատագովության գործողություններում` քաղաքապետարանների, դպրոցների, քաղաքացիների և համապատասխան այլ շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների միջոցով: Նրանք կհայտնաբերեն ակտիվ երիտասարդների, ովքեր պատրաստ են հիմնել երիտասարդական ակումբներ կամ կգտնեն արդեն իսկ գոյություն ունեցող տեղական կազմակերպություններ, որոնք ցանկանում են հզորացնել իրենց կարողությունները:


- Վերապատրաստել Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Պորտուգալիայի 24 երիտասարդական աշխատողների, որպեսզի դառնան տեղական մակարդակում որոշումների կայացման գործում երիտասարդության մասնակցության ջատագովներ և ներկայացնեն ու պաշտպանեն երիտասարդության կարիքները քաղաքականության օրակարգում Ուկրաինայում անցկացվող 8-օրյա դասընթացի ընթացքում: Մասնակիցները կվերապատրաստվեն անցկացնելու ուսումնական դասընթացներ համայնքների համար և մշակելու 1-օրյա դասընթացի օրակարգ: Բացի այդ, նրանք պատրաստելու են թերոններ, թե ինչպես հիմնել երիտասարդական կազմակերպություն յուրաքանչյուր երկրում:


- Մասնակից երիտասարդները կստանան աջակցություն և ֆինանսական ռեսուրսներ`իրենց հայրենի համայնքներում տեղական իրազեկման արշավներ մշակելու և իրականացնելու համար, այնուհետև ներգրավվելու քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործում։ Երիտասարդները ԵԱԴ-ի տեղական երիտասարդական կազմակերպությունների և գործընկերների հետ միասին կիրականացնեն քաղաքականության ջատագովության իրենց ծրագրերը՝ ուղղված շրջանների երիտասարդների մտահոգություններին և կարիքներին։


- Երիտասարդական փոխանակության ծրագիր Ուկրաինայում. մասնակիցները կընտրվեն այն երիտասարդների շարքերից, ովքեր ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել տեղական գործողություններին:


- Ներգրավվել ծրագրի տարածման գործողություններում`կազմակերպելով հանրային քննարկումներ` ծրագրի արդյունքների ներկայացման համար:

Եթե հետաքրքրված եք մասնակցելու այս եզակի հնարավորությանը, ունենալու կյանքի շրջադարձային փոփոխման հնարավորություն և ՓՈԽԵԼՈՒ ձեր համայնքային մասնակցությունն ու երիտասարդների ձայնը լսելի դարձնել գյուղական վայրերում, ապա մի հապաղեք դիմել:


Ինչպե՞ս դիմել.

1. Կազմակերպեք ձեր թիմը, արդեն իսկ գոյություն ունեցող տեղական երիտասարդական ակումբը կամ տեղական կազմակերպությունը: Եթե ​​չունեք նշյալներից մեկը, կարող եք ստեղծել ձեր սեփական թիմը տեղական գյուղական համայնքից, այն մարդկանցից, ովքեր կիսում են նույն արժեքներն ու գաղափարները և ցանկանում են մասնակցել քաղաքականության մշակմանը:

2. Լրացրեք հայտաձևը: Այնտեղ դուք պետք է հստակ նկարագրեք ձեր տեսլականը, թե ինչ քաղաքականություն եք ուզում փոխել, որտեղ եք ուզում մասնակցել և ձեր ձայնը լսելի դարձնել: https://forms.gle/KD4hkJ7rviEyWjxu6

3. Ի՞նչ ռեսուրսների կամ աջակցության կարիք կունենաք: Միգուցե ֆինանսական ռեսուրսները միշտ էլ խոչընդոտ են առաջացրել և ձեզ տվել են ավելի քիչ հնարավորություններ՝ մասնակցելու կամ նախաձեռնելու որևէ փոփոխություն: Խնդրում ենք նշել կոնկրետ ինչպիսի աջակցություն է պետք և տրամադրել բյուջեի նախնական հաշվարկ ձեր տեղական գործողությունների համար:


Ձեր առաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թվականի հունվարի 15-ը:

Ընտրված խմբերը կհրավիրվեն հարցազրույցի / ծրագրի քննարկման:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Առաջնահերթություն կտրվի ԵԱԴ-ի անդամ երիտասարդական ակումբներին, որոնք գործունեություն են իրականացնում ՀՀ մարզերում կամ գյուղական համայնքներում:


Հաջողակ գաղափարներով հանդես եկած խմբերի առաջնորդները հնարավորություն կունենան մասնակցելու Պորտուգալիայի ուսուցողական ծրագրին և Ուկրաինայում անցկացվող դասընթացին:

bottom of page