Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության պատվիրակությունը սեպտեմբերի 14-ից 23-ը մասնակցում էր Erasmus+ երիտասարդական փոխանակման ծրագրի Իսպանիայի գեղեցկագույն Գրանադա քաղաքում: Ծրագրի հիմնական նպատակն էր ծանոթանալ «խաղաֆիկացմանը» (Gamification) և խաղահեն (Game-Based Learning) ուսուցման մեթոդաբանությանը:
Հիմնական դասընթացների ժամանակ ներկայացվեցին խաղաֆիկացման և խաղահեն ուսուցման միջև հիմնական տարբերությունները, մասնակիցները իմացան, թե խաղերի ժանանակ օգտագործվող տարրերը որքան մեծ դեր են ունենում իրենց առօրյա կյանքում, կարիերայում և ուսուցման գործընթացներում: Երիտասարդները ծանոթացան խաղաֆիկացման լավագույն օրինակներին, փորձարկեցին խաղահեն կրթության առավելությունն ավանդական ուսուցման նկատմամբ։
Ծրագիրը սկսվեց փոխադարձ, միմյանց ավելի լավ ճանաչելու և ծանոթալուն ուղղված վարժություններով, այնուհետև հաջորդեց թիմերի կայացումը: Մասնակիցներնուսումնասիրեցին խաղաֆիկացման հիմնական տարրերը, որոնց մասն են՝ մարտահրավերները, ձեռքբերումները, կրթապիտակները և հետադարձ կապը: Քննարկվեցին նաև խաղահեն ուսուցման այլ տեսակներ՝ դերախաղերը, սիմուլյացիաները և այլն։
Այս ծրագրի կարևորագույն բաղկացուցիչներից էր նաև միջմշակութային փոխանակումն ու համագործակցությունը: Աշխատանքային խմբերում ներառված էին մասնակիցներ Հայաստանից, Լիտվայից, Վրաստանից, Իսպանիայից և Հունաստանից։ Մեծ տեղ էր հատկացված նաև անմոռանալի տպավորություններով միջմշակութային երեկոները, որտեղ յուրաքանչյուր երկիր ներկայացնում էր իր ազգային խորտիկները, խմիչքները, պարերը, երգերը և այլն:
Ծրագրի մասնակից Անի Բարսեղյանն ասում է. «Այս փորձի փոխանակումն ինձ հնարավորություն ընձեռեց ավելի լավ պատկերացնել խաղաֆիկացման և խաղահեն կրթության գործիքակազմը և դրանք օգտագործելու հմտությունները: Ես հնարավորություն ունեցա հանդիպելու և առնչվելու նոր մշակույթների, նոր մարդկանց, ընկերներ ձեռք բերելու և վայելելու Գրանադայի գեղեցկությունը»:
«Սովորել խաղերի միջոցով» ծրագիրը ամենաարդյունավետ նախագծերից մեկն էր: Իրոք, կարևոր է սովորելիս օգտագործել նորարարական մեթոդներ և հասկանալ դրա հիմունքները: Ստացած գիտելիքներից և հմտություններից բացի, հարկ է նշել յուրօրինակ նախագծին մասնակցած հրաշալի մարդկանց մասին»,- հավելում է ծրագրի մեկ այլ մասնակից՝ Յոաննան։
Ի լրումն այս ծրագրի, կազմակերպվեց արշավ դեպի Անդալուզյան լեռներ, այց դեպի Ալհամբրա միջնադարյան ամրոց և ֆլամենկոյի երեկո։ Այս միջոցառումները նպաստեցին իսպանական մշակույթին ու տեղացիներին առավել լավ ծանոթանալուն:
Ծրագրի ընթացքում ձեռք բերված գիտելիքն ու մեծ փորձը կուղեկցեն մասնակիցներին իրենց կյանքի ընթացքում և կներդրվեն նաև երիտասարդներին, հասարակությանը կրթման և զարգացման զանազան գործընթացներում։
Comments