top of page
Search

Վարդավառ փառատոնը համախմբել էր Հայաստանի և արտերկրի հազարավոր հյուրերի





Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ տասներորդ հոբելյանական «Վարդավառ» փառատոնը կազմակերպվեց Կոտայքի մարզպետի աշխատակազմի և Գառնի համայնքի աջակցությամբ: Վարդավառ փառատոնի նպատակը հանրությանը Վարդավառի տոնածիսական առանձնահատկությունների ինքնատիպ ներկայացումն է, ազգային-ավանդական մշակույթի հանրահռչակումը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս:

Հայաստանից և արտասահմանից հազարավոր հյուրերի համախմբող հեղինակավոր փառատոնն անցկացվում է համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող խոշոր հուշարձաններում՝ Գառնիում և Գեղարդում:

Գառնու տաճարում մեկնարկեց Վարդավառի տոնակատարությունը՝ հեթանոսական ավանդույթների մատուցմամբ. ներկայացվեց տոնի խորհուրդը, պատմությունը, ինչպես նաև՝ հայոց Աստղիկ դիցուհուն նվիրված հին հայկական ծիսակատարություններ: Միաժամանակ, Գեղարդի վանքում մեկնարկեց Տիրոջ Պայծառակերպությանը նվիրված Սուրբ Պատարագը, որի ընթացքում պատարագիչը ջուր ցողեց գավթում հավաքված հավատացյալների վրա: Տեղի ունեցավ երիտասարդության օրհնության կարգ:

Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, «Վարդավառ» փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը բացման խոսքում նշեց, որ փառատոնը մշակութային և կրոնական բազմաթիվ շերտեր ունեցող Վարդավառը միջազգային տոն դարձնելու նպատակ ունի: Շնորհավորական ուղերձներ են ստացվել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրաքի, Իրանի, մի շարք այլ երկրների գործընկեր կազմակերպություններից: «Վարդավառն այն տոներից է, որն ունի և՛ քրիստոնեական, և՛ ազգային-հեթանոսական հիմքեր: Հայաստանի տարբեր մարզերում այն նշվում է յուրովի: Մեր նպատակն է, որ մարդիկ իմանան՝ Վարդավառի տոնն ավելին է, քան պարզապես միմյանց ջրելու զվարճալի արարողություն: Այն շատ ավելի հարուստ խորհուրդ ունի, ու բազմաթիվ հետաքրքիր ծեսեր կան կապված այս տոնի հետ», - նշեց Ատոմ Մխիթարյանը՝ հավելելով, որ փառատոնի ծրագիրը մշակելիս գործակցել են ազգագրագետների հետ՝ ուսումնասիրելու և վերակենդանացնելու հայ ժողովրդական նախաքրիստոնեական տոնի մոռացված ավանդույթները:



Կոտայքի մազպետի աշխատակազմի մշակույթի համակարգող Մարի Հովակիմյանն էլ ողջունելով միջոցառումը, կարևորեց Կոտայքի մարզում կազմակերպվող ազգային, մշակութային հենք ունեցող «Վարդավառ» փառատոնը՝ ներկայացնելով մարզի տարբեր համայնքների կողմից ներկայացված բոլոր խմբերին, որոնք պատրաստվել էին առավել հետաքրքիր մատուցելու տոնի առանձնահատկությունները:

Քասախի արվեստի դպրոցի «Երկնքից ծագած ծովն ի վար» բեմադրությամբ ազդարարվեց «Վարդավառ» փառատոնի սկիզբը։ Չարենցավանի «Անդոկ» ավանդական երգի և պարի խումբը ներկայացրեց Յարխուշտա, Քերծի,Կարնո Քոչարի։ Բյուրեղավանի «Ծիլք» ազգային երգ ու պարի համույթն ազգային երգերի և պարերի շարքով ներկայացավ՝ «Մշու սարեր մշուշ է» երգով, «Գյովնդ, լեյլմ լե», «Հանիգնար», «Փափուռի» պարերով։ «Հաճըն» պարային անսամբլը ներկայացավ «Հայաստան» պարով։ Գայանե Ավդալյանն ու կիթառահար Գևորգ Ղազարյանը հանդես եկան Խաչատուր Ավետիսյանի «Անուշ հովիկ» և Գուսան Աշոտի «Լուսնի շողով» երգերի կատարմամբ։ Առաջին անգամ Վարդավառ փառատոնին էին միացել Հայաստանի ազգային փոքրամասնություններից Արզնի համայնքի ասորական «Աթուր» երգի և պարի համույթը՝ «Փեդա» մարտիկների պարով։ Փառատոնի ավարտին Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային և Բյուրեղավանի մարզամշակութային կենտրոնների ներկայացմամբ ցուցադրվեց «Խնդումի» ծեսը։

Գառնու տաճարի տարբեր հատվածներում երիտասարդների մասնակցությամբ ազգային խաղերն էին ներկայացվում, Չարենցավանի քաղաքային գրադարանի «Շողեր» թատերախմբի սաները տիկնիկային ներկայացում բեմադրեցին, ինչպես նաև կազմակերպվեցին վարպետաց դասեր։

Ըստ փառատոնի համակարգող, Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի՝ փառատոնը հայկական մշակույթի հանրահռչակմանը, երիտասարդության շրջանում ազգային-հոգևոր արժեքների պահպանմանը նպաստելուց զատ, մեծացնում է նաև Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու ամրապնդում Հայաստան-Սփյուռք կապերը:



Comentarios


bottom of page