Հուլիսի 17-19-ը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում իրականացավ «Երիտասարդների մասնակցությունը քաղաքական և հասարակական գործընթացներին» խորագրով սեմինար-դասընթացը: Ծրագիրն իրականացավ «Չարենցավանի կամավոր երիտասարդական-հասարակական կազմակերպության» նախաձեռնությամբ: Դասընթացին ակտիվ մասնակցություն ունեցան նաև Կոտայքի մարզի ԵԱԴ ակումբ-անդամներից մասնակիցներ, ինչպես նաև ԵԱԴ կամավորներ: Երիտասարդները 3 օրով դարձան տարբեր կարևոր կառույցների ղեկավարներ, քաղաքական և հասարակական լրջագույն գործիչներ, և անխոս, ծրագիրը մասնակիցների աշխարհայացքում և մտածելակերպում շատ բան փոխեց:
ԵԱԴ Կոտայքի մարզի համակարգող Մարի Հովակիմյանի խոսքով, նմանաբովանդակ սեմինար-դասընթացները հասարակության տարբեր օղակներին հասանելի են դարձնում մի շարք քաղաքական գործընթացներում որոշումներ կայացնելու և հավասարություն ու անաչառություն պահելու կարևորությունն ու բարդությունը: Քաղաքական նոր իրողություններից ելնելով` հասարակության մեջ ընդունված է դարձել անհիմն քննադատել և զազրախոսել այս կամ այն քաղաքական գործչին՝ այս կամ այն հարցի շուրջ, իսկ այս ծրագրի ժամանակ մասնակիցներն իրենք իսկ դառնալով որևէ քաղաքական պաշտոնի կրող, արդեն իսկ հասկացան նրանք իրականում ինչ բարդությունների են հանգում որոշումներ կայացնելիս:
ԵԱԴ ակտիվ կամավորներից Ռուզաննա Ոսկանյանի խոսքով մասնակիցներն ունեցել են գերհագեցած երկու օր։ Նրա խոսքով ծրագրի թեման ինքնին շատ հետաքրքիր էր: Նա մասնավորապես նշեց. «Ծրագրի ընթացքում մենք ինքներս մեր փոքր դերն ունեցանք քաղաքական գործընթացներում, կայացրեցրինք պատասխանատու որոշումներ, որը կայացնում ենք նաև մեր կյանքում։ Շատ հավանեցի ծրագրի երկրորդ օրը, որը շատ հագեցած ու հետաքրիր էր։ Հետաքրքրական էր հատկապես քաղաքական որոշումներ կայացնելու հատվածը, որն իրոք բարդ էր, բայց և միաժամանակ շատ հետաքրքիր ու բազմաբովանդակ։ Ծրագիրը շատ ուսուցողական էր, քանի որ պրակտիկ օգտագործել այն, մտնել այդ իրավիճակի մեջ բավականին բարդ ու հետաքրքիր է, իսկ այլ բան է միայն տեսականորեն լսել ու տեսնել։ Շնորհակալ եմ ծրագրի կազմակերպիչներն, թո՛ղ նմանատիպ ծրագրերը շարունակական լինեն»:
Ակտիվ կամավորներից Նելլի Համզյանի խոսքով էլ դասընթացը շատ հետաքրքիր էր, հագեցած ուսուցողական խաղերով: Իր խոսքում Նելլին նշեց. «Ինչպես գիտենք խաղերի միջոցով ավելի հեշտ են սովորում, և ամեն ինչը ավելի տպավորիչ է դառնում: Ինչքան էլ ասենք, որ մենք քաղաքականությունից հեռու ենք, մեզ չի հետաքրքրում այն, ամեն օր, ինքնըստինքյան, առնչվում ենք քաղաքականության հետ: Այդ իսկ պատճառով խաղերի մեծ մասը քաղաքական թեմաներով էին: Ինձ ամենից շատ դուր եկավ «Դիգնիթիլենդ» խաղը: Խաղի իմաստն այն էր, որ մենք պետք է օրենքներ ընդունեինք մեր երկրի համար: Սկզբում զույգերով էինք աշխատում, հետո 2 խմբի բաժանվեցինք և վերջում սկսեցինք խաղալ ամբողջ թիմով: Ընդհանուր պետք է 7 օրենք ընդունեինք: Այդ ընտրությունը անցավ բուռն քննարկմամբ, ինչպես Ազգային ժողովի նիստերի ժամանակ է լինում: Միշտ բողոքում ենք մեր Ազգային ժողովից, որ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, բայց երբ հայտնվեցինք այդ իրավիճակում, նրանցից ոչնչով չտարբերվեցինք: Բոլորս ուզում էինք, որ հենց մեր ուզած օրենքը լինի ու փոխզիջման չէինք ուզում գնալ: Անչափ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա այսպիսի ծրագրի մասնակցել և նոր ընկերներ ձեռք բերել»:
Կամավոր Դավթյան Մանեի խոսքերից հասկացանք, որ շատ ուրախ էր մասնակիցը դառնալու թեև կարճ, բայց շատ բովանդակալից ու լավ կազմակերպված դասընթացին։ Մանեն նշեց. «Դասընթացի թեման ինքս շատ եմ կարևորում, քանի որ երիտասարդների ակտիվությունը հասարակական ու քաղաքական գործընթացներին երկրի զարգացման գործում մեծ կարևորություն ունի։ Դասընթացի ընթացքում մենք խաղերի միջոցով քննարկեցինք քաղաքական և հասարակական գործընթացներին երիտասարդների մասնակցության բազմաթիվ տարբերակներ և մեզ նույնիսկ փորձեցինք պատգամավորների, քաղաքապետերի դերերում։ Նման դերախաղերը իրենց հերթին բարելավեցին թիմային աշխատանքի մեր ունեցած հմտությունները ու ցույց տվեցին, թե իրական կյանքում որքան բարդ է ողջ պետության բարօրությանն ուղղված օրենքներ մշակել և ընդունել, վարել ճիշտ և պետականամետ քաղաքականություն։ Ամենից շատ ուրախ եմ, որ դասընթացն անցավ ջերմ և ընկերական մթնոլորտում»։
ԵԱԴ կամավոր Լիլիթ Փանոսյանն էլ նշեց, որ սեմինարի ընթացքում մեկտեղվեցին գիտելիքների ստացումը և հանգիստն ու ժամանցը: Լիլիթի համար հատկանշական էր նաև այն, որ դասընթացը անցկացվում էր միմիայն ալտերնատիվ մեթոդներով, որը ավելի արդյունավետ և հետաքրքիր էր դարձնում այն:
Նմանաբովանդակ ծրագրերը շատ կարևոր և նպատակային են նաև երիտասարդական աշխատող դառնալու ուղին բռնած երիտասարդների համար, ուստի ԵԱԴ-ն խրախուսում է ԵԱԴ անդամ-կամավորների ակտիվ մասնակցությունը բոլոր այն ծրագրերին, որոնք երիտասարդներին մոտիվացիա և ուժ են տալիս հանդես գալ իրենց իսկ նախաձեռնություններով :
Comments