top of page
Search

Հայաստանի և Չեխիայի հայ երիտասարդները հանդիպեցին Պրահայում


Հոկտեմբերի 21-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Պրահա ժամանած Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնության պատվիրակության եւ Չեխիայի Արմպրահա երիտասարդական նախաձեռնության խմբի անդամների հանդիպումը՝ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի մասնակցությամբ։

Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հակիրճ ներկայացրեց 2011 թվականից Չեխիայում բացված ՀՀ դեսպանության կատարած աշխատանքները, հայ համայնքի ներկա վիճակն ու պատմությունը, երիտասարդության հետ կատարված համատեղ աշխատանքները։

Արմպրահայի ներկայացուցիչներ Ռուզաննա Նավոյանը ,Գեղեցիկ Աֆունցը, Վահան Սարգսյանը, Նարինե Կոստանյանը եւ Սուրեն Վարդանյանը խոսեցին իրենց խմբի կատարած աշխատանքներից եւ ապագայի ծրագրերից, հարցեր ուղղեցին Հայաստանից ժամանած հյուրերին։

Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց իրենց կողմից իրականացվող աշխատնքները, բերեց միջազգային տարբեր ծրագրերում հայաստանյան երիտասարդության ներգրավվածության օրինակներ, մանրամասն խոսեց դրանց մասնակցելու հնարավորությունների եւ համագործակցության ուղիների մասին։

Նշենք, որ կազմակերպությունը մեծ տեղ է հատկացնում հայապահպանության, լեզվի խնդիրներին, խրախուսում երիտասարդական նախաձեռնությունները եւ աջակցում երիտասարդների դերի հզորացմանը։

Մասնավորապես շեշտվեց ՚՚Ոստայն՚՚ ցանցի դերը, որը ստեղծվել է Երիտասարդական ակումբների դաշնության կողմից եւ այժմ միավորում է տարբեր երկրների հայկական երիտասարդական կազմակերպություններ։

Այնուհետեւ Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական Միության հետ իրականացվող ծրագրերի մասին, դրանց չեխահայ երիտասարդական կազմակերպությունների մասնակցության հնարավորությունների մասին։

Խոսվեց նաեւ երիտասարդական կրթական, կամավորական ծրագրերի, դրանց արդյունավետության եւ լայն տեղեկատվություն ապահովելու մասին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության մասին։

Հաջորդ օրերին Հայաստանից ժամանած 5 հոգանոց խումբը , որի կազմում էր նաեւ Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը, կմասնակցի չեխական Մալա Սկալայում անցկացվող միջազգային երիտասարդական հավաքին։

Հանդիպմանը մասնակցեցին նաեւ Չեխիայում Հայաստանի հյուպատոս Աննա Ավետիսյանը եւ ՚՚Օրեր՚՚ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը։

Orer.eu

Օրեր ամսագիր

Պրահա


bottom of page