top of page
Search

ԵԱԴ կազմակերպած ծառատունկը Դավթաշեն վարչական շրջանում


Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) նոյեմբերի 12-ին՝ համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օրը, Երևանի Դավթաշեն վարչական շրջանում մեկնարկեց «Տնկի՛ր մեկ ծառ» շարժումը:

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված ծառատունկն իրականացվում էր իր գործունեության 17-ամյակին նվիրված ծրագրերի շրջանակում. բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներն առանձնահատուկ տեղ են գրավում կազմակերպության ծրագրերի շարքում:

Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի կարծիքով՝ նման միջոցառումներն ամրապնդում են երիտասարդների և բնության միջև եղած կապը. «Ծառատունկն, ըստ էության, ունի դաստիարակչական նպատակ: Սրանով մենք ամրապնդում ենք երիտասարդների և բնության միջև եղած կապը: Այն տարածվելու է ոչ միայն Երևանի տարբեր վարչական շրջաններում, այլ Հայաստանի ամբողջ տարածքում»:

Ծառատունկին մասնակցում էին նաև մարզերից ժամանած երիտասարդներ: Անդամակցելով երիտասարդական ակումբների դաշնությանը՝ նրանք իրենց մարզերում իրականցրել են տարաբնույթ միջոցառումներ: Արագածոտնի մարզում դաշնությունը գործում է արդեն 12 տարի: Այստեղ ԵԱԴ-ի միջոցով կազմակերպվել են բնապահպանական, կրթական-ճանաչողական բնույթի տարբեր միջոցառումներ. «Միջազգային տարբեր կազմակերպությունների հետ իրականացրել ենք փոխանակման ծրագրեր: Ունեցել ենք հյուրեր Լիտվայից, Հոլանդիայից, ովքեր մարզի երիտասարդների համար կազմակերպել են լուսանկարչության, անգլերենի, կիթառի անվճար դասընթացներ»,- պատմում է Արագածոտնի մարզում ԵԱԴ մարզային համակարգող Թամարա Խոեցյանը:

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում դաշնությունն ավելի երիտասարդ է. 2 տարվա պատմություն ունի: Չնայած դրան՝ երիտասարդներն արդեն հասցրել են իրականացնել իրենց բարեգործական նպատակները. «Բարեգործական ակցիայով եղել ենք Դարփնիկ, Արեգունի գյուղերում, իրականացրել ենք կամավորական աշխատանքներ և երեխաներին բաժանվել են գրենական պիտույքներ և հագուստ»,-ընդգծեց Կոտայքի մարզում ԵԱԴ մարզային համակարգող Գառնիկ Բեգլարյանը:

Խոսելով դաշնության ապագա ծրագրերի մասին՝ նախագահ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ նախատեսվում է ստեղծել ԱՊՀ երկրների հետ համագործակցության հիմնադրամ: Իսկ մինչ այդ Երիտասարդական ակումբների դաշնությունը կմասնակցի Համաշխարհային երիտասարդական 19-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքներին, որը տեղի կունենա 2017 հոկտեմբերի 14-22-ին Սոչիում:

Փառատոնին կմասնակցեն աշխարհի 150 երկրների շուրջ 30 000 պատվիրակներ:


bottom of page