top of page
Search

Ջավախքի ճամփան երկար է, դժվար բոլորի համար



Երիտասարդական ակումբների դաշնության պատվիրակությունն առավոտ կանուխ ուղևորվեց դեպի Ախալքալաքի Խանդո գյուղ, որտեղ մեկ տարեկան «Սմարթ սքուլ» երիտասարդական ակումբում հանդիպում-քննարկում պետք է տեղի ունենար:

Հատեցինք Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերը և հասանք սահմանին, Հայաստանի ճանապարհները վարորդների համար հաճելի են: Շատերն էին ասում, որ Ջավախք գնացող ճանապարհը՝ Վրաստանի հատվածում, վատն է, բայց որ այսքան քանդված և վտանգավոր՝ չէի պատկերացնում: Միայն մխիթարվում էինք բնության հետաքրքիր դրսևորումներով և կենդանական աշխարհի բազմազանությամբ: Մի գյուղի ողջ երկայնքով արագիլներն էին, մյուս հատվածում՝ արծիվները հպարտ նստած քարերին, հետո պուտիկավոր կովեր և սարյակների բազմություն: Խանդո գյուղ հասնելուն դեռ շատ ճանապարհ կա, մինչ գյուղ հասնելը փորձեցի մի քիչ տեղեկություն ստանալ:

Խանդո (վրաց.՝ ხანდო) գյուղը Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Ախալքալաքի մունիցիպալիտետում է։ Շրջկենտրոն Ախալքալաքից ուղիղ գծով 10 կմ հյուսիս-արևմուտք, Փարվանա գետի աջ կողմում, ձորապռնկից ոչ հեռու: 1830 թվականին Խանդո են ներգաղթել Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգի Խաչքավանք գյուղից, Բասենից նաև Կարսից։ 1828 թվականի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմում գեներալ Բ. Ֆ. Պասկեվիչի զորքերը գրավեցին Ջավախքի կենտրոն Ախալքալաքը, և այն ավարտվեց Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով (1829 թ. Սեպտեմբերի 2), որով Ռուսական կայսրությանն անցան Ախալցխա, Ախալքալաք և Ծալկա քաղաքները։

Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Բասենի, Բաբերդի և այլ գավառներից 7300 հայ ընտանիքներ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու գլխավորությամբ գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալցխայի, Ախալքալաքի և Ծալկայի շրջակայքում՝ վերականգնելով ու հիմնադրելով ավելի քան 60 գյուղ և 50 եկեղեցի։ Այդ թվում էր Խանդո գյուղը և Խանդոյի Սուրբ Գևորգ եկեղեցին (վանքը)։

Խանդոյում մեզ դիմավորեցին Մագա (Մարգուշ) Ակոպյանը և Անահիտ Եփրիկյանը, վերջինս ռուսաստանաբնակ է, ամառներն անցկացնում է Խանդոյում: Մագան, լուսավոր մի աղջիկ, ով ձեռնամուխ է եղել ստեղծելու երիտասարդական ակումբ և հնարավորություն տալու գյուղի երիտասարդներին ինքնադրսևորվելու և ակտիվություն մտցնելու գյուղի իներտ կյանքում: Իհարկե, դժվար է, երբ գյուղում օրիորդը կարծրատիպեր է կոտրում, բայց նրան հաջողվել է: Երիտասարդական ակումբների դաշնության «Սմարթ սքուլ» ակումբն ունի 12 անդամ: «Շատ չեն ակտիվ երիտասարդները, բայց Ձեր գալուց հետո, կարծում եմ, կկրկնապատկվենք,-անկեղծանում է Մագան, -գյուղը 700 հոգանոց է, բայց վերջին տարիներին հազիվ 300 մարդ մնացած լինի»: Արագ ու կայտառ պատմում է Ջավախքում երիտասարդների հետաքրքրությունների բավարարման բացակայող ենթակառուցվածքների մասին ու հույս հայտնում, որ քիչ-քիչ կաշխուժանան: Ճանապարհից հանգստանալու համար հյուընկալվում ենք Ակոպյանների ընտանիքում: Մեզ արդեն սպասում էին Աշուղ Ալիք Ջավախքը և Ջավախք համույթի պարուսույց Լամարա Քսպոյանը: Սեղանին ջավախքյան ուտելիքներ էին՝ համեղ հարիսա, աճմա, պանրի տեսականի, թոնրի լավաշ, մի խոսքով, իրենց ձեռքով մշակած և պատրաստված կերակրատեսակներ: Սեղանի շուրջ էլ սկսվում է քննարկումը, սակայն երկար չի տևում, որովհետև Խանդոյի մշակույթի տանը սպասում էին գյուղի երիտասարդները:

Մշակույթի տունը, որի պատին մինչ այսօր կա ցուցանակ, գրված՝ կուլտուրայի տուն, շինարարները նշել են նաև ստեղծման տարեթիվը՝ 1934, ստեղծման օրվանից չի վերանորոգվել: Գյուղապետ Աշոտ Սահարյանը տեղեկացնում է, որ մինչև այսօր օգտագործում են խորհրդային տարիների սեղան, աթոռներն ու համապատասխան գրասենյակային կահույքը:​

Մշակույթի տան դիմաց, հացով և աղով մեզ դիմավորում են երիտասարդական ակումբի կամավորները, բոլորը ուրախ են, տղաներից մեկն ուրախ-ուրախ ասում է, որ վերջապես բոլորին կբացատրեն, թե իրենք ինչով են զբաղվում: Մեծամասնությունը գյուղում չգիտի, թե ինչ է կամավորությունը: Երիտասարդներին ողջունում են գյուղապետ Աշոտ Սահարյանը, Աշուղ Ալիք Ջավախքը և Ախալքալաքի սպորտի և երիտասարդության հանձնաժողովի նախագահ Սարգիս Մելիքյանը: Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանն էլ ներկայացնում է կազմակերպության առաքելությունը, բոլորին մատչելի բացատրում է կրթության տեսակները, կարևորելով՝ ոչ ֆորմալ կրթությունը, երիտասարդական աշխատանքը, միմյանցից սովորելու հնարավորությունների ու երիտասարդների գիտելիքի և հմտությունների ձեռքբերման մասին: Երիտասարդական ակումբների դաշնությունը, որը Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունն է, հովանոցային դերակատարություն ունի, իր շուրջ համախմբում է 100-ից ավելի երիտասարդական ակումբներ ու կազմակերպություններ: Հարյուրավոր երիտասարդների ինքնադրսևորման, ինքնաբացահայտման հնարավորություններ է ընձեռում, ինչպես նաև տարեկան շուրջ 700 երիտասարդ հնարավորություն է ստանում եվրոպական տարբեր երկրներում մասնակցելու երկարաժամկետ և կարճաժամկետ ուսուցողական ծրագրերի, սեմինարների ու ճամբարների:

Մագա Ակոպյանն էլ Երևանում մասնակցելով Երիտասարդական ակումբների համաժողովին, որոշում է իր գյուղում ստեղծել երիտասարդական ակումբ: Smart school երիտասարդական ակումբը 2017 թվականից անդամակցում է դաշնությանը (www.FYCA.net)։ Պաշտոնական հանդիպումից հետո, գյուղի երիտասարդները ծանոթացրեցին գյուղի տեսարժան վայրերի հետ, ապա պատմեցին մեկ տարվա ընթացքում իրենց կողմից իրականացված ծրագրերը: Դրանք բազմազան էին բնապահպանական, ուսուցողական, մշակութային: Գյուղի կյանքն աշխուժացել է Մագայի նախաձեռնությունից հետո, խոստովանում է Սարգիս Մելիքյանը, ով մշտապես աջակցում է երիտասարդներին:

Երկրորդ օրը սկսվեց թոնրատանը հացաթխման գործընթացով, Մագայի տատիկն իր թոնրատուն էր հրավիրել Երևանից ժամանածներին և գյուղի երիտասարդներին: Սիրով պատմում էր թոնրում տարբեր համեղ կերակրատեսակներ պատրաստելու մասին: Յուրահատուկ էր աղի խորիզով գաթան:

Հաջորդ կանգառը Թամար թագուհու օրոք կառուցված Վարձիայի ժայռափոր ամրոցն էր, որտեղ ակումբականները ճանաչողական այց կատարեցին. Քրքրել էին գրքերը, գրվածքները, և մեզ էին ներկայացնում ժայռափոր ամրոցի պատմությունը:

Անմոռանալի երկու օր հյուրընկալ Խանդոյում անցկացնելուց հետո, Ատոմ Մխիթարյանը հույս հայտնեց, որ մեկ տարի հետո Սմարթ ակումբն արդեն ավելի կընդլայնվի և կնախաձեռնի ու կիրականացնի նոր և հետաքրքիր գաղափարներ:

Աստղիկ Ավետիսյան Երևան-Ախալքալաք-Խանդո-Երևան


bottom of page