top of page
Search

Տեղի ունեցավ «Ինչպես ստեղծել դասընթացներ երիտասարդական աշխատողների համար» ուսուցողական ծրագիրը


Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ և Եվրամիության Erasmus+ ծրագրի աջակցությամբ իրականացվող International Youth Studies («Միջազգային երիտասարդական հետազոտություններ», InYouS) երկարաժամկետ ծրագրի շրջանակում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ «Ինչպես ստեղծել դասընթացներ երիտասարդական աշխատողների համար» (HTML - How to Make Lessons for Youth Workers) դասընթաց-ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր զարգացնել երիտասարդական աշխատողների հմտությունները, ուսումնասիրել երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը, ծանոթանալ ոչ-ֆորմալ կրթության առանձնահատկություններին և գտնել երիտասարդական աշխատանքի ճանաչմանը նպաստող ուղիները:

Դասընթացի ընթացքում կարևորվել է նաև թիմային աշխատանքը, որի միջոցով մասնակիցները զարգացրել են հաղորդակցման, բանակցելու, վերլուծելու և մի շարք այլ հմտություններ:

Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը կարևորելով գործընկերների հետ աշխատանքը, նշում է, որ «համատեղ ուժերով մշակված դասընթացը օգտակար է լինելու ցանկացած երկրում գործող երիտասարդական աշխատողի համար: Այն կարող է օգտագործվել նաև ֆորմալ կրթական համակարգում աշխատող դասախոսների կողմից, որոնք իրենց դասընթացների մատուցման արդյունավետությունը կբարձրացնեն՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդները և հեռավար ուսուցման հարթակն օգտագործելով»:


«Միջազգային երիտասարդական հետազոտություններ» ծրագրի համակարգող և ԵԱԴ միջազգային քարտուղար Դիանա Եղիազարյանը գոհ է ծրագրի արդյունքներից՝ ընդգծելով, որ «ծրագիրը շատ ինտենսիվ էր այն երիտասարդական աշխատողների համար, ովքեր ցանկանում էին խորացնել իրենց գիտելիքները երիտասարդական աշխատողի կարողությունների, ոչ-ֆորմալ և ֆորմալ կրթական մեթոդների համատեղման, ծրագրերի համակարգման և երիտասարդական ակտիվ մասնակցության վերաբերյալ։ Սա ամբողջական ծրագրի 2-րդ փուլն էր, որի արդյունքում մասնակիցները մշակեցին երիտասարդական աշխատողի հեռավար դասընթացի մի քանի մոդուլներ»։

Բելառուսից Վալերիա Բուլաթսկայան արդեն երրորդ անգամ է մասնակցում Երիտասարդական ակումբների դաշնության կողմից կազմակերպված ծրագրերին. «Այս ծրագրի ընթացքում մեծ գիտելիք և փորձ եմ ձեռք բերել, ծրագիրը լի էր մարտահրավերներով: Որպես մասնակից հանդես գալուց զատ, նաև հնարավորություն ունեցա դասընթաց անցկացնել հմտությունների և կարողությունների զարգացման վերաբերյալ, որի համար շատ ուրախ եմ: Սիրով սպասում եմ Երիտասարդական ակումբների դաշնության հետ հետագա համագործակցություններին:

Լեան, ով Պորտուգալիայից է և ԵԱԴ-ի գործընկեր կազմակերպությունն է ներկայացնում, նշեց, որ «Հայաստանի և Պորտուգալիայի երկու հայտնի կազմակերպություններն ունեն նույն առաքելությունը, այն է՝ երիտասարդական աշխատանքի ճանաչմանը հասնելու համար հստակ քայլեր կատարելը: Ծրագիրը հնարավորություն է տալիս աշխատել երիտասարդական աշխատողների հետ տարբեր երկրներից, լսել միմյանց, աշխատել համատեղ և տարբեր երկրների փորձը կիսել մի հարթակում»:


Ծրագրի կարևոր մասերից մեկը տասներեք երկրների մասնակիցների կողմից իրականացված միջմշակութային երեկոն էր, որի ընթացքում ներկայացվեցին ազգային պարեր, խոհանոց և հետաքրքիր փաստեր յուրաքանչյուր գործընկեր երկրի մասին:

Մասնակիցներն այցելեցին Վրաստանում երկու երիտասարդական կենտրոն և ծանոթացան վերջիններիս գործունեությանը:

«Կարծում եմ ծրագրի ընթացքում մենք ունեցանք նաև մեկ այլ ձեռքբերում՝ ստեղծելով թիմ, որը հաջորդ փուլերի ընթացքում արդյունավետ կաշխատի, որպեսզի իրականացնի ծրագրում տեղ գտած առաջադրանքները»,- իր խոսքում նշեց ԵԱԴ Վրաստանի գործընկեր «Umbrella» կազմակերպության ղեկավար, ծրագրի հյուրընկալող Ստանիսլավ Մեժդոյանը։ «Ուրախ ենք, որ լինելով FYCA-ի գործընկերը Վրաստանում հյուրընկալեցինք այս կարևոր ծրագիրը»։

Ծրագրի շրջանակում հաջորդ հանդիպումը նախատեսվում է Չեխիայում, որտեղ մասնակիցները գործնականում կիրառելու են նախորդ 2 փուլերի ընթացքում ստացված գիտելիքները:


bottom of page