top of page
Search

«Aiming by Gaming» երիտասարդական փոխանակման ծրագիրը Բուլղարիայում

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության 5 անդամներ օգոստոսի 22-ից 31-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում մասնակցեցին «Aiming by Gaming» երիտասարդական փոխանակման ծրագրին, որի գլխավոր նպատակն էր զարգացնել մասնակիցների հմտությունները և կրթությունը խաղային մեթոդներով:

Երիտասարդական փոխանակման ծրագիրը բուլղարական ծովափնյա քաղաքում էր համախմբել շուրջ 30 երիտասարդների, ովքեր եկել էին Իտալիայից, Լիտվայից, Հունգարիայից, Բուլղարիայից, Վրաստանից և Հայաստանից՝ մեծ ցանկություն ունենալով փորձով փոխանակվելու և սովորելու միմյանցից:

Ծրագրի բովանդակությունը կառուցված էր որպես խաղերի ինքնատիպ շղթա, իսկ ընթացքում ներկայացվեցին ոչ միայն կրթությունը խաղերի միջոցով կազմակերպելու, այլև ոչ ֆորմալ կրթության, սիմուլյացիաների, գործելու միջոցով սովորելու և հարակից հասկացությունները։ Փոխանակման ծրագիրն էապես նպաստեց նաև մասնակիցների թիմային, հաղորդակցման, համագործակցության և ներկայացման հմտությունները զարգացնելուն և բարելավելուն: «Խաղային դարձնելու» դասընթացի ժամանակ թիմերը հաջողությամբ մշակեցին լուծումներ կրթության, շրջակա միջավայրի, կարիքավոր խմբերին առնչվող խնդիրների լուծման վերաբերյալ:

«Aiming by Gaming» ծրագրի ընթացքում մասնակիցները նաև ստանձնեցին կազմակերպչական տարաբնույթ աշխատանքներում օժանդակելու, նկարահանումներ անելու և այլ դերեր: Գաղտնի խաղեր, դասընթացներ ծովափնյա գեղեցիկ միջավայրում, խաղային ձևաչափով կազմակերպված միջմշակութային երեկոներ և երիտասարդական զվարճանք. այս ամենը նպաստեցին մասնակիցների միջև ամուր կապերի կազմավորմանը:

Մոտիվացված և ոգեշնչված այս բեկումնային փորձառությունից՝ ծրագրի մասնակիցները պլանավորում են ապագայում կիրառել ստացած գիտելիքները նոր դասընթացներ ու փոխանակման ծրագրեր կազմելու ժամանակ, իրականացնել տեղական և միջազգային կրթական դասընթացներ, որոնք կօգնեն առաջ բերել փոփոխություններ մյուս երիտասարդների կյանքում:

bottom of page