Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) 5 հոգանոց պատվիրակությունը հունվարի 24-ից փետրվարի 4-ը մասնակցեց Վրաստանի Բակուրիանի քաղաքում տեղի ունեցող ''Once Green Always Green'' միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրին։
Ծրագրին մասնակցում էին եվրոպական ութ երկրի երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր հնարավորություն ունեցան կիսվել իրենց գաղափարներով, ծանոթանալ մասնակից երկրների մշակույթին ու ավանդույթներին, ձեռք բերել նոր ընկերներ և ամենակարևորը՝ ստանալ նոր գիտելիքներ և կիրառել իրենց երկրներում։
Ծրագրի հիմքում մշակութային էկո սովորությունների և նոր մտածելակերպի ձևավորումն էր, որի շրջանակներում տասն օր շարունակ մասնակիցները ստանում էին տեսական ու գործնական գիտելիքներ՝ էկոլոգիապես մաքուր բաղադրիչներ օգտագործելու թեմատիկայով: Այսպես, ծրագրի ընթացքում յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց սովորություններ, որոնք թույլ կտան կրճատել իրենց կողմից առաջացրած աղբի քանակը: Դասընթացներն ուղղված էին ողջամիտ սպառման խթանմանը՝ զրոյական թափոնների սկզբունքի համաձայն:
Ծրագրի մասնակիցներից Վերոնիկա Բեկնազարյանի խոսքով՝ դասընթացները բավականին հագեցած էին, յուրաքանչյուրը ներկայացրեց իր երկրի փորձը, առկա խնդիրները, ինչպես նաև ձեռքբերվեցին պայմանավորվածություններ՝ էկոլոգիական սովորույթների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Նա շեշտում է, որ նման ծրագրերին մասնակցությունը դրական ազդեցություն է ունենում երիտասարդների կայացման համար և միայն նպաստում է նրանց առաջընթացին:
Ծրագրին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Սլովակիայի, Իսպանիայի, Թուրքիայի և Պորտուգալիայի շուրջ քառասուն երիտասարդ։
Մանակիցներից Արուսիկ Հարությունյանը բարձր է գնահատում #FYCA-ի ընձեռած այսպիսի հնարավորությունը.
«Շատ երիտասարդներ կցանկանային յուրաքանչյուրիս փոխարեն մասնակցություն ունենալ։ Շնորհակալ եմ այն տասը անմոռանալի ու էմոցիաներով լի օրերի համար, որոնք ինձ համար դարձան կրթական, ճանաչողական, նոր բնավորությունների ձևավորման և բացահայտման օրեր»,- ասաց Հարությունյանը:
Իսկ ծրագրին մասնակցած մեկ այլ երիտասարդ` Անուշավան Նահապետյանն ասում է, որ Երիտասարդական ակումբների դաշնությունը հնարավորություն է ընձեռում ավելի լավ ճանաչել աշխարհը, ծանոթանալ այլ մշակույթների հետ, ինքնազարգանալ ու ինքնակրթվել։
Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը։
Comments