top of page
Search

Երիտասարդությունը ծայրահեղականության դեմ պայքարում. ուսուցողական այց Բրյուսել


Պոպուլիզմը, արմատականացումն ու ծայրահեղականությունը վերջին տասնամյակում մեծ աճ են գրանցել ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան Եվրոպայում` անդրադառնալով գրեթե բոլոր ոլորտներին: Մարդկանց առօրյա խնդիրների, հոգսերի շահարկումները, վերջին ժամանակաշրջանում ահաբեկչությունների սպառնալիքների թվի կտրուկ աճը, անհանդուրժողականությունը, բարդ իրավիճակներին պարզունակ լուծումներ քարոզելը վտանգում են ժողովրդավարության գոյությունն ու խաղաղությունը։

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը` Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA), կարևորելով երիտասարդների դերը կրթության միջոցով ծայրահեղականության և արմատականացման դեմ պայքարում, մայիսի 7-ից 13-ը Բրյուսելում մասնակցեց իր միջազգային գործընկեր «MIJARC Europe» կազմակերպության նախաձեռնած «Visiting at the speed of radicalisation» ուսուցողական այցելությանը: Եվրոպական 12 երկրների երիտասարդ առաջնորդներ Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Արմատականացման իրազեկման ցանցի (RAN), Եվրոպական երիտասարդական ֆորումի և ԵԽ Եվրոպական երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկեցին իրադրությունը Եվրոպայի տարբեր անկյուններում, առկա մարտահրավերներն ու հնարավոր լուծումները, այցելեցին Եվրոպական խորհրդարան, Ռասիզմի դեմ պայքարի եվրոպական ցանց (ENAR), Մոլենբեկի քաղաքապետարան:

«Բրյուսելի տասնինը քաղաքային շրջաններից մեկը` Մոլենբեկը, ժամանակին հայտնի էր իր գործարաններով: Հիմա այն շրջապատված է գեղեցիկ ճարտարապետությամբ շինություններով, սակայն շարունակում է մնալ բոլորի ուշադրության կենտրոնում, քանի որ բնակչության ավելի քան 25 տոկոսը մուսուլման է», -ներկայացնելով շրջանի պատմությունն ու առկա մարտահրավերները` նշում է երիտասարդության, միջմշակութային հաղորդակցության և սոցիալական ներգրավվածության հարցերով փոխքաղաքապետ Սառա Թուրինը,- «Մեզ համար կարևոր է միգրանտների ինտեգրացիան. արևելյան Եվրոպայից (օրինակ Հայաստանից) եկած միգրանտները իսլամաֆոբ չեն, չեն վախենում շփվել մահմեհմեդականների կամ սևամորթների հետ, խրախուսում են նրանց այցելությունը իրենց պատկանող սրճարաններ, ինչը նպաստում է միգրանտների իտեգրմանը, սակայան դեռ շատ անելիքներ կան: Վերջին շրջանում կտրուկ աճել է ծայրահեղականությունը, ինչը, կարծում ենք, անթույլատրելի է: Կան բազում խնդիրներ, բայց մեղավորներին պետք չէ փնտրել դատելով կրոնական, ազգային և ռասայական տարբերություններից»:

Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) և «MIJARC Europe»-ի` ծայրահեղականության և արմատականացման դեմ պայքարի հաջորդ կանգառը կլինի Գերմանիայում, որտեղ եվրոպական երկրներից ավելի քան 40 երիտասարդներր կմասնակցեն «Բաց մտքեր, բաց դռներ» (Open Minds, Open Doors) խորագիրը կրող միջազգային սեմինարին:


bottom of page