top of page

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ

ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄԱՆՈՐ

Image-empty-state.png

Հունվարի 1-ին տարին սկսելու և Նոր տարվա սկզբի տոն նշելու սովորույթը հայոց մեջ մտել  է համեմատաբար ոչ վաղ անցյալում: Արևմտահայոց շրջանում, Կիլիկիայի տարածքի հայերի մեջ, մասամբ՝ արևելահայ որոշ ազգագավառներում և հայ­կական մի շարք գաղթօջախներում 19-րդ դարում Նոր տարին նշվում էր հունվարի 1-ին և բավական կայունացած արարողակարգ ուներ: Սակայն մինչև 20-րդ հարյուրամյակի սկիզբը արևելահայ որոշ շրջաններում Նոր տարուն զուգահեռ, ավելի խանդավառ ու ջերմորեն, որպես Նոր տարի, նշում էին Նավասարդը, իսկ հունվարի 1-ին սահմանափակվում էին միմյանց շնորհավորելով: Այնուամենայնիվ տոնակատարությունն արդեն կայունանում էր և նրանում ամրագրվում էին տարեմուտին կամ Նոր տա­րուն բնորոշ սովորույթները:

Տոնի անունները հայոց մեջ տարբեր էին: Հիշվում են Ամանոր, Տարեմուտ, Տարին Գլուխ, Նոր տարի, Կաղանդ, Կաղինդ, Կալոնտար ձևերը, Նոր տարուն նախորդող գիշերը հայտնի էր Լոլեի գիշեր, Խլվլիկ, Կախ կամ Կաղ, Գոտեկախ անուններով: Այս բոլոր անուններն ունեն իրենց բացատրությունները: Կաղանդ, Կաղինդ, Կալոնտար ձևերը գործածվել են գլխավորապես արևմտահայոց միջավայրում՝ հունական ազդե­ցությամբ: Արևելահայոց մեջ առավել տարածված էին Նոր Տարի, Տարեմուտ ձևերը: «Լոլեի գիշեր» անունը, թերևս, գալիս է այն հանգամանքից, որ Նոր տարվան նախորդող օրը հայոց մեջ թխվող հացատեսակների շարքում՝ «փուռնիկ», «կլոճ» և այլն, հիշատակվում է նաև «լոլիկը»:

Կախ կամ Կաղ բառերը ժողովրդական ստուգաբանությամբ բացատրվում են այդ գիշեր պա­հուստի թարմ մրգի «կախանները» տուն բերելու և առաստաղից կախելու, «գոտեկախը»՝ պա­տանեկան գիշերային շրջայցերի ժամանակ երդկից գոտիով գուլպաներ կամ զամբյուղներ կախելու սովորույթով:

Ամանորի տոնակատարություններն սկսվում էին ծիսական մաքրությամբ, բնակարանի հարդարմամբ, ապա տոնածիսական կերակուրների (հատկապես ծիսական հացերը, տարեհացը, ասիլ-բասիլ կոչվող հացիկները) և ծիսական պարագաների (զարդարված ծառը, երեխաների համար նվերներ, հատուկ գուլպաներ՝ երդիկից կախելու և բաժին հավաքելու համար) պատրաստությամբ, շարունակվում փոխայցելություններով, հյուրասիրությամբ, ծիսական գուշակություն­ներով՝ ջրի և հատկապես հացի միջոցով, և ավարտվում հաջողություն բերող ու չարը կանխող հատուկ մաղթանքներով:

Բնակարանի մաքրությանն առանձնակի կարևորություն էր տրվում: Ոչ միայն մաքրվում էր բնակարանը, այլև դուրս էին նետվում անպետք իրերը, նորոգվում էին քանդված մասերը: Հանվում և մաքրվում էր ողջ ամա­նեղենը, լվացվում էր ողջ սպիտակեղենը: Բնակա­րանը հարդարվում, զարդարվում էր գեղագիտական և չար­խափան կամ բարեբեր իրերով՝ չար աչքի դեմ կիրառվող նշաններով, որոնք տեղադրվում էին ինչպես մուտքի դռան վրա և պատերին, իսկ տանտիրուհին դռան կողքը մեղրով ու ալյուրով խաչ էր նկարում, որ նոր տարին առատությամբ ու անուշությամբ մտնի տուն:

Ընտանիքի բոլոր անդամները լողանում էին և հագնում տոնական հագուստ, ցանկա­լի է՝ նոր հագուստ: «Նոր տարվա նախորդ օրերը շարուրցիների բոլոր երդիկներից անընդհատ ծուխ էր բարձրանում», օջախի վրա անընդհատ ջուր էին եռացնում: Եթե ընտանիքում, համայնքում գժտու­թյուն կար, աշխատում էին լուծել գժտության առիթը, հաշտեցնել գժտվածներին:

Տոնի ժամա­նակ օգտագործվող ուտեստների տեսականին, դրանց ծիսական բնույթն ընդհանուր առմամբ նույ­նական, սակայն երբեմն տարբերվում էին պատ­րաստման կերպով, մատուցման և ճաշակման ժամանակով, անուններով: Աշնանից սկսած այս տոնի համար պահած ունենում էին զանազան չորացրած ու թարմ մրգեր, ընդեղեն, պաստեղներ, շարոցներ և այլն: Պետք է հիշել, որ հունվարի 1-ը, ընկնելով հայոց ծննդյան տոնի շաբաթվա մեջ, պաս օր էր, եւ ամանորյա կերակուրները բաղկացած էին պասին թույլատրելի ուտելեղենից: Դեկտեմբերի 30-31-ին տանտիկինները ջանասիրաբար մաքրում էին լոբին, սիսեռը, ոսպը, բրին­ձը, ձավարեղենը, որոնք տարբեր կերակրատեսակների ձևով պիտի զարդարեին տոնական սե­ղանը, շատերը ջանում էին դրանց թիվը հասցնել յոթի: Շատ ընդունված էին հատիկեղենից պատրաստված քյուֆթան, տոլման («սուտ տոլմա»), ծեծած կորկոտով, չամիչով, չոր ծիրանով ու սալորով եփված մայրամապուրը, որին եփելուց հետո դոշաբ են ավելացնում: Լոռեցիների համար հատուկ նշանակություն ունեին լոբին և լոբաջրով պատ­րաստված կերակրատեսակները, որովհետև, ըստ նրանց, նոր տարին առանց լոբու «գալ չի»:

Չոր ու թարմ մրգերը չամիչի ու ընդեղենների հետ կազմում են ամանորյա ընթրիքի հիմնական բաղադրիչները: Որոշ տեղեր դարձյալ ջանում են պահել «յոթ» թիվը՝յոթ տեսակ թարմ միրգ, յոթ տեսակ չրեղեն կամ չոր մրգեր, յոթ տեսակ ընդեղեն, յոթ տեսակ պաստեղ: Սիրված անուշեղեններից էին նաև աղանձը՝ չամիչի, մաքրած ընկույզի, նուշի ու բոված կանեփի, երբեմն՝ բոված սիսեռի հետ խառնած:

Դեկտեմբերի 31-ը տոնական նախապատրաստությունների օր էր: Այդ օրը հաց էին թխում, եթե նույնիսկ մեծ քանակությամբ հաց ունենային, Նոր տարին պետք էր նոր հացով սկսել. նորոգում էին թթխմորը: Հացը տոնի կարևորագույն ծիսական ուտեստն էր՝ «Տարի հաց», «Կրկենի» «Դովլաթ կրկենի», «Կլոճ», «Փուռնիկ» և այլ անուններով հայտնի հացն էր: ՏԱՐԻՆ կարող էր լինել գաթա, բաղարջ, ձվաձև, կլոր, եռանկյունի, խաչաձև և այլն:

Սասունում աշխատում էին թխել այնպես, որ կեսգիշեր չեղած կտրեին: Ջավախքում Նոր տարվա արշալույսը բացվելու հետ, տանտիկինները «ՏԱՐԻՆ» դնում էին սկուտեղի մեջ, վրան մեղր լցնում, դուրս գալիս տնից, դառնում դեպի արևելք և երեք անգամ ասում. «Դովլա՛թ, սարն էս, ձորն էս, արի տուն»: Ապա տուն էին մտնում, վրայի մեղրը բոլորին բաժանում, որպեսզի տարին անուշությունով անցկացնեն, իսկ «ՏԱՐԻՆ» պահում` հունվարի 4-ին կտրելու համար: Շիրակում պառավը տարին գրկում էր, տանում երդիկի շուրջը երեք անգամ պտույտ տալիս և այնտեղից գցում քուրսու վրա: ՏԱՐԻՆ կտրում էին տան բոլոր անդամների թվին հավասար, հաճախ բաժին հանելով նաև տան կենդանիներին, արտին, հանդին ...

Blue Wall
Blue Wall

«ՏԱՐԻ» հացից բացի, թխում էին զանազան ձևերի ու մեծության այլ խմորեղեններ, որոնք ունեին կանխատեսելու նպատակ, ինչպես նաև՝ հմայական խմորեղեններ: Գուշակություններ անելու նպատակով թխում էին նաև կլոր, մեջը ծակ, ցորենով ու գարիով զարդարված «հացի հոր», «գարու հոր» կոչվող խմորեղենը: Գյուղերում թխում էին «եզան պտուկներ», «արոր», «գութան», «խնոցի», քաղաքներում՝ ընտանիքի եկամուտը խորհրդանշող աշխատանքային գործիքի պատկերով խմորեղեն, ինչպես՝ «մկրատ», «մատնոց», «ուրագ», «քսակ» և այլն: Մարդուկների, զանազան կենդանիների, իրերի տեսքով հացիկները կոչվում էին նաև ասիլ-բասիլ, ըստ այս հացիկների ուռչելու, կարելի է կանխատեսում անել, թե տարին ինչպիսին կլինի՝ բարեբեր, թե սակավ, նորահարսը կպտղավորվի, թե ոչ, կենդանիները, արտերը բեղմնավոր կլինեն, թե ոչ:

Եղևնին, որպես Ամանորի տոնածառ, հայոց կենցաղ մտել է ոչ վաղ անցյալում, բայց ծիսական ծառ զարդարելու սովորությունը նոր չէ: Օրի­նակ, Պոնտոսի հայերի մեջ ընդունված էր Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ մի ճյուղ խրել նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը «Կաղանդի ծառ» է կոչվում: Տնեցիներից յուրաքանչյուրը «Կաղանդի ծառից» կտրում էր փոքր ոստ և, ինքն իր լու­սավոր ճակատագիրն ապահովելու նպատակով, զարդարում ընկուզեղենով: Առավոտյան տան­ տերը հաստ ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս, հետ բերում տուն, տան անդամներից յուրաքանյուրի մազերից մեկ-մեկ մազ հանում, փաթաթում ճյուղին և այն ամրացնում գերանին:

Նոր տարին սկսվում էր տոնական ընթրիքով, որին ընտանիքի բոլոր անդամների ներկայությունը պարտադիր էր: Նշանված աղջիկներն իրենց նշանածներին մետաքսյա գույնզգույն թելերով փնջած խնձոր էին ուղարկում և նրանցից նույնպես խնձոր էին ստանում՝ մեջը արծաթ դրամներ խրած: Որոշ տեղերում տոնական այցելություններն սկսվում էին հենց այդ գիշեր: Տան ավագ անդամը բարձրացնում էր առաջին բաժակը, օրհնում սեղանը, շնորհավորում Նոր տարին և առաջարկում բոլորին առաջին բաժակի հետ մեղր համտեսել. «Անուշ մեղր ուտենք, որ տարին բոլոր անուշ զրուցենք, անուշ լսենք, անուշ վարվենք»: Որոշ տեղերում ընթրիքն սկսելուց առաջ տան գլխավորը երեք բուռ կաղին, ընկույզ էր նետում դեպի տանիք «Շեն կենա Կալանտար, բարով Կալանտար ըլլա» խոսքերով՝ վստահ, որ նետված ընկուզեղենը առաջիկա տարվա առատությունը պիտի ապահովի: Ընթրիքին հաջորդում էր աղանդերի ճաշակումը, որը բաղկացած էր թարմ ու չոր մրգերից, խմորեղենից, ընդեղենից:

Մինչև ընթրիքը, մինչև մութն ընկնլն ընդունված էր երեխաների խմբերի ծիսական շրջայցերը և տոնը շնորհավորելու ավանդույթը՝ ծիսական երգ ու պարով: Երգերի տեքստերը պարունակում էին բարեմաղթություններ, ընտանիքի անդամների գովք և տոնական ճաշատեսակների խնդրանք: Մինչ տներում զբաղված էին տոնական պատրաստություններով, տղաները երգելով տուն էին մտնում կամ երդիկից դատարկ տոպրակ (կամ գուլպա. երբեմն այդ երեկոյի համար հատուկ երկար գուլպա էին գործել տալիս) իջեցնելով՝ ավետում հին տարվա ավարտը և Նոր տարվա գալուստը: Տանտիկինները երդիկից կախված գուլպայի կամ տոպրակի մեջ լցնում էին զանազան անուշեղեն, որը երեխաները հետո անպայման միասին էին ճաշակում:

Ընթրիքից հետո, կեսգիշերին երիտասարդները գնում էին թարմ, Նոր տարվա սկզբի հետ նորոգված ջուր բերելու: Այդ ժամին ջրին հատուկ զորություն էր վերագրվում: Մարդիկ համոզված էին, որ ուղիղ կեսգիշերին, երբ հին տարին տեղը զիջում է նորին, գետի ջուրը մի պահ ոսկի է դառնում: Որոշ տեղեր մինչև կեսգիշեր յոթ անգամ գնում էին մեկական կուժ ջուր բերում և իրար ետևից շարում, մինչև կեսգիշերին՝ ութերորդ կժի ժամանակ հաջողեցնեին «ջրի հետ հոսող ոսկին որսալ»: Ջավախքում երիտասարդ տղաները երկաթե շիշը և ակիշը ձի արած արշավում էին դեպի գետը, նրա մեջ ցորեն ու գարի լցնում և սրբազան ջուրը տուն բերում: Երբեմն այդ ժամին բազմաթիվ մարդիկ շրջապատում էին աղբյուրը, ջերմորեն աղոթում և ջրի շիթերին խառնում  Նոր տարվա բնորոշ խմորեղենների կտորներ, գարու, ցորենի հատիկներ՝բ ասելով.

- Քեզի կուտամ ցորեն, գարի, դուն ա ինձի տոլ բարի, շնորհավոր Նոր տարի:

- Ջրին բարին, ջրին մորին, անդնդային թագավորին, ջուր կաղնդե՞ր ես:

Ջրի կեսգիշերային զորությունը այնքան մեծ էր համարվում, որ ոմանք վստահ էին, որ այդ պահին հոսող ջուրը իր հետ կարող է տանել, չքացնել դողէրոցքով հիվանդի ցավը: Ձմեռվա այդ սառնամանիքին հիվանդներ կային, որ մերկանում էին և մի ակնթարթով մտնում գուռից հոսող ջրի տակ, ապա գրեթե մերկ վազում նստում թթի ծառի վրա:

Հացից ու ջրից զատ նորոգվում էր նաև կրակը: Օջախը կամ թոնիրը տան սրբա­զան անկյունն էր, և նրա հետ կապված բազմաթիվ ավանդական սովորություններ կային: Նոր տարվա օջախն առանձնահատուկ էր: Շատ տեղերում մի մեծ քոթուկ էին դնում օջախի մեջ՝ աստիճանաբար առաջ մղելու պայմանով այնպես, որ մինչև Սուրբ Ծնունդ կրակն անմար մնար:

Տան դուռը չէր փակվում: Առավոտ շուտ կարող էին սկսվել այցելությունները: Բոլոր հյուրերը խիստ ցանկալի էին: Այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, հարևաններին, քավորին, գյուղապետին, քահանային: Նշանված աղջկան «փայ», բաժին էին ուղարկում փեսացուի միջոցով: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին՝ բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով: Թե՛ տնեցիները, թե՛ այցելուները տուն մտնում էին աջ ոտքը առաջինը մտցնելով, այլապես ձախորդություններն անպակաս կլինեին:

Շնորհավոր ձեր նոր տարին, առատ, ուրախ, անկորուստ տարի լինի, բարով հասնեք մեկ էլ էս օրվան, առողջ, երջանիկ լինեք, բոլոր պանդուխտները վերադառնան:

bottom of page