top of page

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ

ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ, ՎԻՃԱԿ, ԿԱԹՆԱՊՐԻ ՏՈՆ

Image-empty-state.png

Բնության գույների առանձնացումը (զատվելը) և ցանքի աշխատանքների ավարտն արտացոլող Սուրբ Զատկի կամ Քրիստոսի Պայծառակերպության տոնին հաջորդում է Համբարձման, Վիճակի կամ Կանթնապրի տոնը: Համբարձման տոնը նշում են Հարության կիրակիից` Զատիկից քառասուն օր անց, Զատիկով պայմանավորված, այն շարժական տոն է և ամեն տարի տարբեր օրերի է նշվում, սակայն միշտ տոնվում է հինգշաբթի:

Համբարձումը բնության բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է: Այն համընկնում է գարնանային աշխատանքների ավարտի հետ, երբ երկրագործն, իրենից կախված ամեն ինչ անելուց հետո, հայացքը վեր է պարզում և Աստծուց ու բնությունից ակնկալում հատուցում: Ըստ Աստվածաշնչի՝ Հարություն առնելուց հետո Հիսուսը քառասուն օր մնում է երկրի վրա և առաքյալների հետ խոսում Աստծո արքայության մասին, իր վարդապետությունն ուսուցանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ է տալիս ու համբարձվում երկինք: «Եվ ինքը՝ Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19):

Հայ Առաքելական եկեղեցին Համբարձման տոնին հիշատակում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը: Պատմության թելադրանքով 484    թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապե­տա­կան Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցա­կան ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է լուսավոր­չահիմն Ս. Էջմիածնում:

Ի հիշատակություն պատմական այդ օրվա` Ս. Էջմիածնում Համբարձման տոնի առթիվ մատուցվող Ս. Պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջև կատարվում է նաև Հայրապետական մաղթանք:

«Համբարձման» տեսարանում Քրիս­տոսը պատկերվում է մանդոռլայի (Աստծո փառքի առարկայական արտահայտություն) մեջ նստած, ձախ փեռքին մագաղաթի գալարը, աջով նա օրհնում է աշակերտներին: Երկու կողմից սավառնելով՝ Հիսուսին են մոտենում հրեշտակները: Ներքևում կանգնած է առաքյալներով շրջապատված Տիրամայրը:

Համբարձման տոնի ժողովրդական սովորույթներն ու ավանդույթ­ները, խորհրդապաշտական նշանակությունը նախաքրիս­տոնեական են: Հավատալիք կար, որ համբարձման գիշերը երկնքի դռները բացվում են և բոլորի իղձերն ու նպատակներն իրականանում են: Տոնի կարևոր խորհուրդներից է այն, որ այդ օրն արգելվում է արյուն հեղել` կենդանու զոհ մատուցել, որը դարձյալ բնությանը սիրաշահելու միտում ունի:

Համբարձման գիշերվա վերաբերյալ ամենուր տարածված էր Լեյլի ու Մեջլունի հանդիպման առասպելը: Ծնողների պատճառով իրենց մուրազին չհասած սիրահար զույգը` Լեյլին ու Մեջլունը խնդրում են Աստծուն իրենց աստղ դարձնել և իր մոտ` վերև տանել: Աստված կատարում է նրանց խնդրանքը, և տարին մեկ անգամ, Համբարձման գիշերը, այդ աստղերը երկնակամարի տարբեր կողմերից գալիս միանում, ջերմ համբույրով գրկախառնվում են և դարձյալ վերադառնում իրենց տեղերը: Այդ պահին համբուրվում, միմյանց ողջունում են երկինքն ու երկիրը, ծառերն ու ծաղիկները... Կանայք այդ գիշեր դուրս էին գալիս դաշտերը բուժիչ խոտեր հավաքելու:

Ժողովրդական ծիսակարգում աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Ծաղիկներից բացի նրանք փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծառից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Աղջիկները դուրս էին գալիս բոլորից գաղտնի և, մինչև իրենց առաքելությունը չնկատարեին, անխոս ու լուռ էին մնում: Ծաղկահավաքի ընթացքում պատրաստվում էր ամենամեծ ծաղկեփունջը՝ «Ծաղկամերը»: Արարողության ավարտին աղջիկները, դիմելով տղաներին, երգում էին.

Իմ ծաղիկը քաղած ա,

Բարձր տեղում պահած ա,

Ով իմ ծաղիկին ձեռք տա,

Արյունաթաթախ գետին գա:

Ջան վիճակ, ջան, ջան,

Ջան ծաղիկ, ջան, ջան:

Blue Wall
Blue Wall

Համբարձման չորեքշաբթի, լույս հինգշաբթի գիշերը համարվում էր խորհրդավոր ու զարմանալի գուշակությունների, հրաշալիքների ու կախարդանքների գիշեր: Աղջիկները մեկական ձու էին դնում տանիքին, որպեսզի հրեշտակները ձվի վրա իրենց բախտը գրեին: Առավոտյան ստուգելիս` ձվի վրա կարմիր նշաններ գտնողներին երջանկություն, սև նշաններ գտնողներին դժբախտություն էր սպասվում: Այդ կախարդական գիշերը չարքերը կարող էին հարս ու աղջիկ փախցնել, ուստի մարդիկ իրենց կենդանիներով ու ընտանիքներով բացօթյա էին անցկացնում: Համբարձման գիշերը չարքերի փախցրած հարս-աղջիկը միայն մեկ տարի հետո կարող էր վերադառնալ:

Ժողովրդական հետաքրքիր ավանդույթով է հայտնի նաև Կաթնապուրի արարողությունը: Առավոտը բոլոր ընտանիքներում սկսվում էր կաթնապուր եփելով։ Որոշ տեղերում կաթնապուրը եփում էին խմբովի, թաղերով կամ հարևաններով, և մի քանի շերեփ շաղ տալիս արտերի շուրջը, նախ հնձի առատությունն ապահովելու նպատակով, ապա արտը մորեխից ու կարկտից պաշտպանելու համար։ Բոլոր դեպքերում այդ օրվա կաթնապուրը մատաղ էր, այն բաժանվում էր առնվազն յոթը տեղ։ Շատ ընտանիքներում Զատիկից մինչև Համբարձում կաթնապուր չէին եփում և Համբարձմանն առաջին անգամ եփվող կաթնապուրն ուտվում էր հատուկ հանդիսավորությամբ: Ժողովուրդը հավատում էր, որ այն մարդը, ով առաջինը կճաշակեր կաթնապուրը, կլիներ տարվա հաջողակը:

Հինգշաբթին տոնական հանդիսությունների հիմնական օրն էր: Տոնական հագուստով և ծաղիկներով զարդարվում էր ամեն ինչ՝ տները, անասունները, սրբավայրերը: Աղջիկները երգելով շրջում էին տնետուն, ծաղկեփնջեր և ջուր նվիրում անցորդներին: Ամեն մեկն իր նշանը՝ որևէ զարդ, կոճակ, գցում էր փարչի մեջ, վերջում փարչը պահում էին ինչ-որ թաքուն տեղում, որ գիշերը մնար բաց երկնքի տակ, և բոլորի բախտերը լցվեին բախտագուշակ ու բախտ բաժանող փարչի մեջ: «Վիճակը» շրջելիս աղջիկները երգում էին.

Էսօր մեծ Համբարձում է,

Հանաներ, նաներ, նաներ,

Ծաղիկների հարցում է, (աղջիկների հարցում է)

Ջանաներ, նաներ, նաներ:

Կեսօրին սկսվում էր վիճակահանությունը: Աղջիկներից ամենակրտսերը (մինչև 7 տարեկան) հարսի զգեստ էր հագնում և խորհրդավոր փարչի միջից հանում ամեն մեկի վիճակը, որն ազդարարում էր բարի բախտ կամ անհաջողություն: Դրական արդյունքի դեպքում երգում էին.

Վիճակ, վիճակ, դուս էլավ,

Վիճկի վրեն լուս էլավ,

էս ի ՞նչ բարի բախտ էլավ:

Իսկ հակառակ դեպքում.

Առակ էլար մէջ գեղին,

Սիրտդ ընկավ օձու լեղին,

Քո հորն ու մորը ի ՞նչ ասեմ,

Որ քե տվին տախ տղին:

Ջան վիճակ, ջան, ջան,

Ջան ծաղիկ, ջան, ջան:

Այս արարողությունը կոչվում է «Ծաղիկ գովել»: Ծաղիկների, ծառերի, տերևների միջոցով հմայություններ և գուշակություններ են կատարվել, իսկ ծաղիկներն ու տերևները բուժիչ նշանակություն են ունեցել: Վերջում «Ծաղկամերը» նվիրվել է եկեղեցուն:

Համբարձման տոնի կարևոր մասն էին կազմում նաև փոխայցելությունները. նոր նշանվածների և նորապսակների ընտանիքները հյուրընկալվում էին միմյանց, փոխանակվում նվերներով և քաղցրավենիքներով: Սգավոր ընտանիքները ևս գտնվում էին հարազատների ուշադրության կենտրոնում:

Ինչպես բոլոր տոները, համբարձումը ևս սկսվում էր ուխտագնացությամբ, եկեղեցական կարգից հետո սկսվում էր ժողովրդական տոնախմբությունը՝ կերուխում, տոնավաճառ և երգ ու պարի անվերջանալի շրջան: Այն սրբավայրերում, այն բնակավայրերում, որտեղ Կաթնապրի կամ համբարձման տոնը համարվում էր ամենագլխավորը, պարերգերը կոչվում էին նաև Կաթնապրի երգեր, որոնց քառյակները նույն վիճակի մանիներն էին, որ երգվում էին զանազան մեղեդիներով և ուղեկցվում այդ շրջանին բորոշ պարատեսակներով:

Հեթանոսական սովորույթներով ու քրիստոնեական գաղափարներով միաձուլված այս տոնը բնության բարիքները գնահատելու, միմյանց աջակցելու և բարեկամական կապերի ամրապնդելու հրաշալի առիթ էր ժողովրդի համար:

bottom of page