top of page

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ

ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Image-empty-state.png

Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը՝ Աստծո մարդանալու ու մարդկանց հայտնվելու տոնը։

Նաև Աստվածհայտնության տոնն է՝ հիշատակվում է Քրիստոսի մկրտությունը, երբ Հայր Աստված վկայեց. «Դա է Իմ սիրելի Որդին» ու Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ Քրիստոսի վրա՝ դառնալով Աստծո ամբողջական հայտնությունը որպես Սուրբ Երրորդություն։ Հունվարի 6-ը, քրիստոնյաներիս համար իմաստավորվեց նոր կյանքով, փրկության հույսով: Խավար աշխարհը լուսավորվեց նոր, երկար սպասված Լույսով:

Ծննդյանը նախորդող շաբաթը՝ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոն, պահոց շրջան է: Իսկ հենց Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան եկեղեցում՝ Ճրագալույցի պատարագից հետո: Ճրագալույցը խորհրդանշում է Աստվածային լույսը, որը մարդիկ պատարագից հետո տանում են իրենց տները՝ վառած մոմի տեսքով:

Հունվարի 6-ին առավոտյան եկեղեցում կատարվում է Սուրբ Պատարագ, որից հետո իրականացվում է Ջրօրհնեքի կարգ, ինչը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Հրաշագործ ջուրն այնուհետև՝ օրհնված Խաչով և Սրբալույս Մյուռոնով, բաժանվում է մարդկանց՝ բժշկելու հոգևոր և մարմնավոր ախտերը:

Սուրբ Ծնունդը տոնելը շարունակվում է ընտանիքներում՝ հավաքվելով սեղանի շուրջ և հիշելով, որ Հիսուսը ծնվեց մեզ հետ լինելու, մեր դժվարությունները կիսելու և մեղքերից մեզ ազատելու համար, որպեսզի ջերմացնի, լուսավորի մեր հոգիները, լցնի սիրով ու խաղաղությամբ:

Որոշ Եկեղեցիներում Քրիստոսի Ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին: Այս տարբեր ամսաթվերի գոյության պատճառը հետևյալն է: Նախկինում Սուրբ Ծննդյան և Մկրտության տոները միասին էին տոնում` հունվարի 6-ին, բայց հետո դա փոխվեց Բեթղեհեմի և Հորդանանի` միմյանցից հեռու լինելու պատճառով: Հունվարի 6-ին մարդիկ գնում էին ուխտի Քրիստոսի ծննդյան և մկրտության վայրերը, սակայն շատերն ի վիճակի չէին լինում իրենց ուխտը կատարելու` նույն օրը երկու վայրերն էլ այցելել չկարողանալու պատճառով: Դրա համար երուսաղեմցիները Ծննդյան տոնը փոխեցին դեկտեմբերի 25-ին: Նաև հեթանոսական ժամանակներում արևին նվիրված տոն կար դեկտեմբերի 25-ին, և մարդիկ այդ օրը, ըստ հաստատված սովորության, տոնախմբություն էին անում: Եվ հեթանոսական տոնախմբությունը քրիստոնեա­կա­նով փոխարինելու համար Սուրբ Ծննդյան տոնը տեղափոխվեց դեկտեմբերի 25: Իսկ հայ քրիստոնյաները, ինչպես սկզբից սովորեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչից, այդպես էլ պահեցին` շարունակելով Փրկչի Ծննդյան և Աստվածահայտնության տոները տոնել ճշգրիտ օրը` հունվարի 6-ին:

Blue Wall
Blue Wall

Քրիստոսի Ծնունդը ազդարարվել էր նաև Բեթղեհեմի երկնքում հայտնված հրաշալի աստղի միջոցով: Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրոք, արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և ասացին. «Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնվեց, որովհետև Նրա աստղը տեսանք արևելքում և եկանք երկրպագելու»: Ավանդությունը հիշում է նրանց անունները՝ պարսիկների թագավոր Մելքոնը, հնդիկների թագավոր Գասպարը և արաբների թագավոր Բաղդասարը: Երբ մոգերը եկան Բեթղեհեմ, Սուրբ ընտանիքն արդեն ապրում էր մարդահամարից հետո ազատված քաղաքի տնակներից մեկում և նրանք իրենց հետ նվերներ էին բերել Մանկանը՝ ոսկի, կնդրուկ և զմուռս: Ոսկին նվիրեցին իբրև ինքնակալ և հաղթող թագավորի խորհրդանշան, կնդրուկը՝ իբրև մարդասեր ու երկնային Աստծո, իսկ զմուռսը՝ իբրև մեզ համար ինքնակամ մեռնողի: Մանկանը երկրպագելուց և ընծաները նվիրելուց հետո, մոգերը երազի մեջ Աստծուց հրաման ստացան չվերադառնալ Հերովդեսի մոտ, այլ գնան իրենց երկիրն այլ ճանապարհով: Այսպիսով, Փրկչին խոնարհվում են մարդկային իմաստությունը՝ հանձին մոգերի, անմեղությունն ու պարզությունը՝ հանձին հովիվների, այսինքն՝ ամենահասարակ և ամենակրթված մարդիկ:

Ըստ Անանիա Շիրակացու՝ Քրիստոսի Ծննդյան և Հայտնության տոնը բոլոր տոների սկիզբն ու հիմքն է՝ «Եվ ահա վրա հասավ ժամը,- ասում է Սուրբ Հովհան Ոսկեբերանը,- տոներից ազնվագույնն ու կարևորագույնը՝ Քրիստոսի Ծննդյան օրը: Ով այն տոների սկիզբ կոչի, երբեք չի մեղանչի, քանզի եթե Քրիստոս մարմնակերպ չծնվեր, ապա չէր մկրտվի, ուրեմն չէր լինի Աստվածհայտնության տոնը, եթե չխաչվեր, չթաղվեր կամ հարություն չառներ, ուրեմն չէր լինի հարության տոնը: Այսպիսով, Քրիստոսի Ծնունդով մյուս տոները ծնունդ առան, ինչպես ակունքից բխող բազմաթիվ աղբյուրներ»:

Բացի եկեղեցական արարողություններից, կան բազմաթիվ ժողովրդական սովորություններ ու արարողակարգեր՝ սկսած Ծննդյան ավետիսներից, մինչև ծիսական ուտեստները: Տոնի երեկոյան, մինչև մութն ընկնելը, երեխաները դդմե ճրագներով ծիսական այցելություններ էին կատարում՝ հատուկ երգերով, ավետիսներով (ի դեպ ծննդյան ավետիսներն ավելի շատ ու բազմազան էին, քան կաղանդի երգերը), երգելով պատմում էին ծննդյան հրաշապատումը, թե ինչպես «Երուսաղեմ որ շինեցին, սուն ու գերան պակսեցուցին», Մելքոնը, Ղազարը և տեր Բաղդասարը գնում հասնում են Չամչա մերին՝ ծառ խնկենին բերելու, ծառն ինչպես է ճչում և արյուն բխում, երբ առաջին կացինը խփում են՝ ասելով. «Ես ոչ սյուն եմ, ոչ գերան եմ, ես Քրիստոսի խաչափայտն եմ», բայց սայլը տեղից չի շարժվում. գնում են Ուրֆա քաղաք՝ պառվու մոզին բերելու, ապա սայլն ինքն իրեն թռչում է Ասիս-Մասիս սարերի, Կարմիր-Կապուտ ծովերի վրայով, «Երուսաղեմ նոր շինեցին, պարոն տիկնայք ուրխըցուցին, ալելուիա… ցնծացեք, ուրախացեք…»: Երգելով գովում «տան պստըկին», օրհնություն բաժանում և մեծերից փոխադարձ օրհնություն և անուշեղեն ստանում՝ որպես ընծա: Հավատալիք կար, որ երեխաներին բաժին հանելով՝ բաժին են հանում նախնիներին: Արծափցիների մոտ սովորություն կա տոնի երեկոյին, որպես մատաղ, հալիմ՝ անմիս հարիսա բաժանել:

Սբ. Ծննդյան երջանկության զգացողությամբ, եթե մենք էլ բանանք մեր սրտի դուռը, ապա Քրիստոսի խոստման համաձայն, Նա կծնվի և կհայտնվի մեր մեջ, մեր սրտում: Եվ Նրան մեր մեջ կրելով, բյուրավոր հրեշտակների խմբերին երգակցելով՝ մեկս մյուսին կփոխանցենք ողջ աշխարհն ու մեր ներաշխարհը լուսավորող փրկության ավետիսը:

bottom of page