top of page

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ

ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

ԽՈՍՔ ԽՄԲԱԳՐԻՑ

Image-empty-state.png

Ժողովրդական տոներից յուրաքանչյուրը, բացի կատարման հստակ կանոնակարգից, ուներ կատարման, հանդիսության վայրը, հատուկ ծիսական ուտեստները, հատուկ ծիսական պարագաները: Բոլորն տոներն սկսվում էին նախապատրաստությունից, ծիսական մաքրությունից, հատուկ արարողակարգով մաքրվում էին տունը, գոմը, մարագը, որոշ տոներից առաջ պիտի մաքրվեին նաև հոգեպես՝ պասի միջոցով: Բացի տոնածիսական կերակուրներից պատրաստվում էին տոնի հատուկ ծիսական տիկնիկը (կամ խրտվիլակը, որը պիտի խորհրդանշեր տոնի ոգին), զարդարվում էր ծիսական ծառը, խաչբուռը, խնդումը, և ամեն մի գործողություն ուղեկցվում էր հատուկ երգերով, բարեմաղթանքներով: Իսկ բուն տոնակատարությունն սկսվում էր կրոնական արարոակարգով, երբեմն ուխտագնացությամբ (օրինակ՝ համբարձման կամ տիրամոր տոնը) դարձյալ հատուկ ուխտագնացության երգերով ու պարերգերով, իսկ բոլոր պարտադիր արարողակարգերից հետո սկսվում էին պարերգերն ու շուրջպարերը, որոնք կենսունակ էին բոլոր տոների ժամանակ: Եվ մի հետաքրքիր ու կարևոր յուրահատկություն ևս կար. յուրաքանչյուր ավանդական տոնակատարություն ուներ իր հատուկ վայրը, հատուկ սրբատեղին, դա կարող էր լինել այդ սրբավայրի ուխտի օրը՝ տերին կամ դերին, կարող էր լինել համաբարձման, վարդավառի կամ տիրամոր տոնը: Շրջակա բնակավայրերից գալիս-հավաքվում էին տվյալ սրբավայրում և սկսում էին տոնը նշել միասնաբար: Շրջակայքը լցվում էր եփվող մատաղի բույրով, զուռնա-դհոլի, երգողների ձայներով, պարտադիր ներկա էր լինում լարախաղաց և տոնավաճառ: Երիտասարդները հնարավորություն էին ունենում պարի մեջ միմյանց տեսնելու, երգի միջոցով սեր խոստովանելու, և եթե կաթնապրի կամ վարդավառի շուրջպարի մեջ աղջիկը տղային հավանություն էր տվել, ուրեմն նավասարդից մինչև բարեկենդան նշանտուք ու հարսանիք կլիներ:

Blue Wall
Blue Wall

Տաղավար տոներին պարի մեջ նշան տալու սովորությունը կար, որ նաև հարսնացու պարեցնել էր կոչվում, երբ նախապես աղջկա և հատկապես ընտանիքի հավանությունն ունենալու դեպքում տղայի ազգական կանայք կարող էին պարը կանգնեցնել, նվագածուներին վճարեով պատվիրել իրենց ուզած եղանակը, բռնել իրենց հավանած աղջկա ձեռքերն ու մտնել պարաշրջան, և համայնքն արդեն տեղեկանում էր մոտալուտ ամուսնության մասին, այդ աղջիկն արդեն համարվում էր խոսք տված և այլևս ուրիշ խնամախոս չէր կարող նրա համար գալ: Յուրաքանչյուր տոն ուներ իրեն հատուկ զոհաբերության՝ մատաղի կարգը՝ համբարձման կաթով ապուրը, վարդավառի խորոված խնձորը, սբխեչի ուլը, աշնանային նավասարդի ախառը՝ ցլիկը, և այլն: Ընդհանուր առմամբ ավանդական տոները մեծապես կապված էին տարեպտույտի հետ, բնության, արևի ծննդյան, զարթոնքի, ապա ձմռանը ժամանակավոր մեռնելու հետ, որ գարնանը կրկին հարություն առներ: Բնապաշտական ժամանակներից սկիզբ առնող ազգային տոներն ու ծեսերը ժողովրդի մեջ գիտակցված կամ անգիտակցաբար պահպանել են իրենց որոշ իմաստները, արարողակարգերը՝ յուրաքանչյուր ազգագրական գոտում իրեն, իր մտածողությանը, բնակլիմայական պայմաններին հատուկ՝ սկսած երգերից մինչև ուտեստները, և ինչպես հեթանոս ժամանակներում, երբ ամեն աստվածությունն ուներ իր հատուկ պաշտամունքի վայրն ու ծիսաշարը, այնպես էլ հետագայում այդ սովորությունը պահպանվել է, նաև այն պարզ պատճառով, որ քրիստոնեական եկեղեցիներն ու վանքերը հիմնականում կառուցվել են նախաքրիստոնեական տաճարների տեղերում, հիմնականում բարձր, դժվարամատչելի գագաթներին, սրբազան համարվող աղբյուրների ակունքին, որպեսզի ուխտավորները մինչև ուխտավայր հասնելը որոշակի դժվարություններ հաղթահարեն, բանական զոհաբերություն կատարեն և հավատով սպասեն, որ իրենց խնդիրները լուծում կստանան, հիվանդները կբժշկվեն, բերքն առատ կլինի, երիտասարդները կունենան հաջող ամուսնություն: Քաղաքակրթության, մտածողության փոփոխությունների հետևանքում որոշ հիշողություններ ջնջվել, իսպառ կամ մասամբ մոռացվել են, բայց բուն, խիստ ազգային, խիստ ավանդական հնագույն պաշտամունքային ծեսերն ու ավանդույթները մեծապես պահպանվել են որպես գողեցիկ ժողովրդական սովորություններ, ինչպես որ հնագույն բազմաթիվ պաշտամունքային կամ պատմական երգեցիկ նմուշներ պահպանվել են որպես ավանդական ժողովրդական երգեր:

Լուսինե Նազարյան

bottom of page