top of page

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ

ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՎԱՍԱՐԴ

Image-empty-state.png

Հեթանոս հայերը Նավասարդ-Նոր տարին նշում էին Նավասարդ ամսի… օրերին, որ համապատասխանում է օգոստոսի 11-ին: Հնագույն տեղեկությունները վկայում են, որ այդ վաղնջական ժամանակներում Նավասարդ-Նոր տարին նշվել է մեծագույն շուքով, զվարճահանդեսներով, ձիարշավներով, բազմապիսի խաղերով, որոնց մասնակցում էին թե՛ հայոց թագավորը, թե՛ ազատանին, թե՛ ռամիկները: Տոնահանդեսները տևել են օրեր շարունակ, դրանց ընթացքում կատարվել են զոհաբերություններ, կազմակերպվել խրախճանքներ՝ երգ ու պարի ուղեկցությամբ, թատերախաղեր: Դրանք գլխավորապես բացօթյա, հաճախ ՝ գիշերային խարույկների շուրջ կազմակերպվող հանդեսներ էին ուխտավայրերում, մարզական և զվարճախաղեր, երգ ու պարի հանդեսներ, զոհաբերություններ, խրախճանք: Մեծաթիվ ուխտավորներ են հավաքվել հատկապես Բագրևանդ գավառի Բագավան բնակավայրում, որտեղ տոնը նշելու են գնացել հայոց արքունիքն ու ազատանին, և որտեղ գտնվում էին հայ ժողովրդի պաշտելի աստվածություններին, այդ թվում հայոց մեծազոր աստվածուհուն՝ Անահիտին նվիրված տաճարները: Ըստ ավանդության, մեր նախահայր Հայկը Բելին հաղթել է հենց նավասարդի օրը և այդ օրվանից է սկսվել հայ ժողովրդի պատմությունը, բուն հայոց տոմարը: Պատմում էին նաև, որ այդ օրը Նոյան տապանի՝ Արարատի գագաթին իջնելու, և ջրհեղեղից մարդկության Փրկության օրն էր, և նավասարդին նշվող Նոր տարվա տոնը պարբերաբար վերահաստատում էր մարդկության նոր պատմության սկիզբը:

Քրիստոնեությունը Հայաստանում պաշտոնապես ընդունվելուց հետո հեթանոսական շրջանից եկող ազգային մյուս տոների շարքում Նոր տարին նույնպես պաշտոնապես վերափոխվեց: Գրիգոր Լուսավորիչը նավասարդ ամսին նշվող այս շքեղ տոնը փոխարինեց Ս. Հովհան Կարապետին նվիրված տոնով: Արգելվեցին Բագավանի ուխտագնացությունները, տոնական զվարճահանդեսները, զոհաբերությունները և այլն, քանդվեցին հեթանոսական աստվածություններին նվիրված տաճարները:


ՆԱՎԱՍԱՐԴԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՆԱՎԱՍԱՐԴ-ը լեզվաբանորեն կազմված է ՆԱՎ (ուժականություն) բառով, ԱՍ (զորություն, խորհուրդ) արմատով և ԱՐԴ (հաստատում) բառով եւ նշանակում է Ուժի Զորության Հաստատում կամ Ուժի Խորհրդի Հաստատում: Փաստորեն Նավասարդը աստվածային զորության հաստատումն է Ազգի մեջ, նման հունական Օլիմպիադային: Եվ այն իր ավանդական նախասկիզբն ունի՝ կապված մեր նախահայրերից Հայկի հետ:

Ըստ ավանդության, Բելի դեմ պատերազմի ելնելուց առաջ, Հայկը հավերժական քաղաք Էրեվանում կազմակերպում է Նավասարդյան զորախաղեր` ընտրելու համար զորավորներից զորավորներին: Մրցող քաջերի գլխավերևում բոցկլտում էր Արագածից բերված ջահը, որպես Հայր Արայի օրհնության խորհուրդ: Ինքը` Զորության Աստված Վահագնը, Արևխաչով օծում էր հաղթողներին, և հաղթողները Հայկյան զինվոր էին դառնում:

Այնուհետև ավանդաբար ամեն տարի կազմակերպվում էին Նավասարդյան Խաղեր, որտեղ ամեն մի Արի տղամարդ երազում էր իր հաղթանակով արժանանալ Հայկյան զինվորի պատվավոր կոչմանը: Եվ Նավասարդյան ջահը վառվում էր Արագածի գագաթին ու բերվում էր մրցասպարեզ:


ՀԻՄՆ ՆԱՎԱՍԱՐԴԻՆ

Հավաքվել են քաջ որդիք մեր մրցության.

Նավասարդյան անթեղ կրա՛կ, հուրհրա~,

Ամեն մեկին տու՛ր հույս, հավատ հաղթության,

Ոգեւորի՛ր խինդը նրանց թող թնդա՛:

Հայր Արայի օրհնանքով ու փառքով

Արարչանիստ Արագածի գագաթին

Արարչական ջահը անմար կրակով

Վահագն հանձնեց մեր նախահայր քաջ Հայկին:

Բացահայտվե՛ք, կտրիճ որդիք Հայկազյան,

Ցուցադրե՛ք եռանդ եւ ուժ անթերի.

Անշեջ հուրը, որպես խորհուրդ օրհնության,

Հաղթանակ ու փառքի պսակ ձեզ բերի:

Քաջության մոլուցքից արբեցած

Քաջերից քաջերին փառապանծ,

Պարգեւի՛ր հաղթանակ վաստակած,

Քաջերի մրցամարտ, Նավասա~րդ:

Blue Wall
Blue Wall

Ավանդույթները

Ժողովրդի մեջ առավել շատ ընդունված և պահպանված է աշնանային նավասարդը, որը համապատասխանում է գյուղատնտեսական տարվա ավարտի հետ, երբ բերքն ամբողջությամբ հավաքվել, ամբարվել էր, գինին հնձանում հասունանում էր, ձմռան համար ղավուրմա պատրաստելու մորթելու անասունն առանձնացվել էր, հացը պահեստավորվել էր:

Մարդիկ նախապատրաստվում էին տոնին հոգեբանորեն, ջանում էին մոռանալ վիրավորանքները, վճարել պարտքերը, մաքուր խղճով դիմավորել տոնը: Շաբաթ օրը խմորեղեն էին թխում (գաթա, նազուկ, բիշի): Երեկոյան, սովորաբար, ընթրիք չէր լինում, սակայն սեղանը զարդարվում էր այդ տոնը խորհրդանշող ուտեստով՝ թարմ ու չոր մրգեղենով, ընդեղենով, թխվածքներով, որի շուրջ հավաքված ընտանիքը սպասում էր այցելու խնամի-ազգականներին:

Այդ գիշեր նշանված աղջիկներն ընկույզ, չամիչ, չոր ու թարմ մրգեր, փեսացուի ընտանիքի անդամների համար մեկական զույգ գուլպա մի գլխաշորի մեջ ծրարած, զգուշորեն մոտենում էին փեսացուի տանը և բաց երդիկից լուռ իջեցնում տոնական նվերը: Տնեցիներն իրար էին խառնվում, դուրս թռչում տնից և ջանում բռնել փախչող հարսնացուին: Եթե հաջողվում էր՝ տուն էին բերում, հյուրասիրում և որևէ նվերով ճանապարհում: Հարսնացուի ընտանիքից այդպիսի այցելություններ հաճախ արվում էին նաև փեսացուի մերձավոր ազգականների տները: Առհասարակ այդ գիշեր բարեկամների երդիկից ընդեղեններ ու մրգեր, երբեմն նաև հավերի, խնձորների, գաթաների շարաններ գցելը ընդունված սովորություն էր:

Ինչպես Ամանորի երեկոյին, այդ նույն գիշեր 10-12 տարեկան տղաների խմբերը շրջում էին գյուղում, երդիկներից դատարկ գուլպա իջեցնում և տոնական երգեր երգելով ընծաներ, տոնական քաղցրավենիք պահանջում:

Նախիջևանում, օրինակ՝ երգում էին.

Ակլը մարեմ, մարեմ,

Ձեր տղայի սոլը կարեմ,

Չամիչ տվեք՝ ատամներս շարեմ,

Ընկույզ տվեք՝ ճակտիս դնեմ,

Նուշ տվեք՝ պորտս ոլորեմ:

Սրան շատ նման էր Սալմաստում երգվող տարբերակը.

Ակլե մարեմ, մարեմ, մարեմ,

Ձեր տղայի սոլը կարեմ,

Չամիչ տվեք՝ ատամներս շարեմ,

Ընկույզ տվեք՝ գլուխս մարթեմ,

Փշատ տվեք՝ փորս լարեմ,

Շաքար տվեք՝ չա յ խմեմ,

Պնդուկ տվեք՝ սիրտս ուզելի,

Կարկատ տվեք՝ փորս լցնեմ

Քյոխվա տանտեր, մի՛ խնայի,

Աստված ձեր հարսն ու փեսան պախի:

Տանտերերը գուլպան լցնում էին սեղանի բոլոր բարիքներով, թեև այցելող տղաների թիվը երբեմն անցնում էր մեկ տասնյակից:

Ինչպես կաղանդին կամ տրնդեզին, այդ օրը ևս չէին մոռացվում նաև անասունները: Տան ծիսական մաքրությունից զատ, գոմը ևս մաքրվում էր հատուկ խնամքով, հարդ էր փռվում և հարդի վրա առատորեն գարի էին շաղ տալիս, կովերի պոչերին կարմիր թել էին կապում, որպեսզի առաջիկա տարին «առատ ու կարմիր օրերով անցներ»: Իսկ տանն այդ ընթացքում պատրաստվում էր տոնի գլխավոր, ծիսական ուտելիքը՝ «կորկոտը» կամ «քյաշկան», Երևանի շրջակայքում ու Նախիջևանում՝ «հարիսան»: Նավասարդի տոնական ճաշը եփվում էր առանց խառնվելու, այս ճաշատեսակին շերեփ չպիտի դիպչեր, որպեսզի տարին հստակ, առանց խժդժությունների անցներ: Այս ուտելիքն այնքան զորավոր էր, որ անմաքուր խղճով մարդն անարժան էր համարվում քյաշկան ուտելու: Գիշերը շատերը չէին քնում: Պարսկահայոց մեջ, ինչպես վկայում է Րաֆֆին, «…Մայրերը կամ հայրերը ամբողջ գիշերը արթուն են պահում բոլոր ընտանիքը... տեսակ-տեսակ մրգեղեններ, մանավանդ ձմերուկ և խարբուզակ ուտեցնելով... որովհետև Խլվլիկը, որ նույն գիշեր ման է գալիս երդիկի վրա, գողանալու էր երեխաներին...»: Խլվլիկը, ըստ այդ պատկերացումների, դև է, որի մարմնի մեջ եթե ասեղ խրեին, դառնում էր խիստ հնազանդ տան ծառայող, բայց մինչ այդ անորսալի էր և բազում չարիքներ էր պատճառում մարդկանց ու նրանց կենդանիներին: Ուրիշ շրջաններում առավոտյան կողմ, դեռ լույսը չբացված, բոլոր տներում վառվում էին լույսերը, սեղանին էր դրվում բուրավետ քյաշկան, ընտանիքը բոլորում էր սեղանի շուրջ: Տան ավագը շնորհավորում էր Նոր տարին և սկսվում էր սրբազան քյաշկայի ճաշակումը: Տոնական ճաշատեսակի հետ հաղորդակցումն այնքան անհրաժեշտ էր, որ յուղառատ հեղուկը քսում էին նույնիսկ նորածին մանուկների շրթունքներին: Արևը ծագելիս ընտանիքն արդեն զուգված էր տոնականորեն, և նրա անդամների մի մասը պատրաստվում էր տոնական այցելություններն սկսելու, մյուսներն՝ այցելուներին դիմավորելու: Այցելում էին նախ այդ տարի ննջեցյալ ունեցած բարեկամների ընտանիքներին, նորապսակներին: Փողոցում միմյանց հանդիպողները ողջագուրվում էին՝ «քաղցր պառավես Նավասարդի պես, շնորհավոր Նոր տարի, որդով, դստրով բարով մեկ էլ էս օր հասնես» բարեմաղթություններով: Տանտերերը եկող հյուրերի գլխին չիր ու չամիչ էին շաղ տալիս՝ առատության բարեմաղթություններով, իսկ վերջիններս, մատուցարանը տանտիրուհուն հանձնելով, շնորհավորում էին Նոր տարին, նույնպես առատ տարի մաղթում:

Մի կտոր կարմիր շոր էին գցում դռան վրա, որպեսզի տարին «կարմիր օրերով» անցներ, կժերը ջրով լցնում էին, առհասարակ աշխատում էին դատարկ ձեռքով տուն չմտնել: Ուշադիր հետևում էին, որ սեղանին դատարկ աման չմնար, կժերի ջուրը լրիվ չվերջանար, վստահ, որ լիքը ամանները լիքը ու բարեբախտ տարի կապահովեն իսկ տուն մտած հյուրերին դատարկ ձեռքով բաց չէին թողնում, քաղցրավենիք էին լցնում գրպանները, որևէ նվեր (գուլպա, գլխաշոր, թաշկինակ) էին տալիս մտերիմներին:

Խաղեր

Կըռան թռփի (ձեռքի գնդակ) Խաղացողները բաժանվում են երկու խմբի: Խմբերից մեկը նշանակված տեղը մի քար է դնում, որի շուրջը խմբվում են խաղացողները: Մյուս խմբի խաղացողները ցրվում են բավական ընդարձակ դաշտում: Քարի մոտ խմբվածներից մեկը տախտակի հարվածով գնդակը նետում է ցրվածներին: Եթե սրանցից մեկն ու մեկը գնդակը օդում բռնում է առանց վայր գցելու, խմբերի դերերը փոխվում են: Եթե գնդակը չի հաջողվում օդում բռնել, ապա ցրվածներից մեկը գնդակը սղղացնելով, գլորելով գետնի վրա՝ ջանում է դիպցնել քարին: Այդ դեպքում քարի մոտից տախտակով գնդակին խփողը «կտրվում» է և դուրս գալիս խաղից՝ տեղը զիջելով հաջորդ խաղընկերոջը: Իսկ եթե գնդակը քարին չի դիպչում, ապա խփողը շարունակում է հարվածները: Խմբերը իրենց տեղերը փոխում են նաև այն դեպքում, երբ առաջին խմբի բոլոր խաղացողները հերթով «կտրվում» են:

Հալի-հալի խաղացողները բաժանվում են երկու խմբի և կանգնում դեմ-դիմաց: Մի կողմը գնդակը «հալում» է, մյուս կողմը՝ բռնում: «Հալել» նշանակում է գնդակը բարձր օդ նետել: Գնդակը օդում որսացողը այս անգամ էլ ինքն է «հալում»: Այն խումբը, որի անդամները երեք անգամ որսում են գնդակը, ընտրում են իրենցից մեկին, որը հեծնում է գնդակը օդ նետած դիմացի խմբի խաղընկերոջը: Վերջինիս ընկերներից մեկը կանգնում է հեծնողի առաջ, մյուսը՝ ետևը: Հեծածի ընկերներից մեկը գնդակը նետում է այն հաշվով, որ հեծածը օդում բռնի: Եթե գնդակը բռնում է կռացածի առջևը կամ ետևը կանգնած իր խաղընկերներից որևէ մեկը, ապա դերերը փոխվում են. հեծածը իջնում է, կռանում, իսկ մինչ այդ կռացածը հեծնում է նրան: Այս գործողությունը կոչվում է «էշը փալան է անում»: Իսկ եթե հեծածը երեք անգամ գնդակն օդում որսում է, ապա նրա ընկերները բոլորը թռչում են հակառակորդ խմբի խաղացողների շալակը, շրջանաձև կամ քառանկյունաձև շարվում և գնդակը միմյանց նետում: Այս գործողությունը կոչվում է «քյաշկա»: Երեք անգամ գնդակը առանց վայր գցելու միմյանց փոխանցելու դեպքում «էշերը» տեղերը փոխում են, և հեծածները շարունակում են խաղը: Գնդակը վայր գցելու դեպքում խաղը վերսկսվում է:


Կընդափետի

Խաղացողները բաժանվում են երկու խմբի: Խաղի գործիքներն են մի թզաչափ ձող՝  «կունդը», և մոտ կես մետրանոց ձողը՝ «կընդափետը»: Ընտրվում են հատկապես ամուր փայտից պատրաստված ձողերը: Կընդափետի ծայրին, մի քանի սանտիմետր դեպի խորքը, խազում են այնպես, որ եթե կունդը դրվի այդ խազին, այն կանգնի կընդափետի վրա: Խաղացողները հերթով «թոխմախ» են անում, յուրաքանչյուրը կընդափետի խազին կունդը դնելով վեր է թռցնում օդ և օդում հարվածելով հեռու գցում, ապա կընդափետը հորիզոնական դնում նախապես արված փոքրիկ փոսի՝ «հոբի» վրա: Եթե կունդը ընկած տեղից ետ են շպրտում այնպես, որ այն կպչում է կընդափետին, կունդը հոբի մոտից նետողը կտրվում է: Իսկ երբ խաղացողը հաջող «թոխմախ» է անում, նա խաղի իրավունք է ստանում, դառնում հոբի տերը: Այդ դեպքում նա կունդը դարձյալ դնում է կընդափետի խազին, ծուլ անելով օդ նետում ու կընդափետով ամուր խփում: Հակառակորդները ջանում են օդում որսալ կունդը, կամ գետնից վերցնելով՝ ետ նետել այն հաշվով, որ այն ընկնի հոբի մեջ: Այդ դեպքում հոբի տերը կտրվում է ու տեղը զիջում իր խմբի հաջորդ խաղընկերոջը: Խաղում հաղթում է այն խումբը, որն ավելի շուտ է լրացնում նախօրոք որոշված «սալերի» թիվը: Կարող է լինել 10, 20, 30 կամ ավելի սալ: Համապատասխան քանակով սալեր հավաքած խմբի անդամներից յուրաքանչյուրը, հաղթելուց հետո, «զու» է կանչել տալիս հակառակորդ խմբի այն անդամին, ով իր գցած կունդը ետ էր նետել: «Զու» կանչելը հետևյալն է. հաղթողներից մեկը կունդը ուղղահայաց ցցում է հոբի մոտ, կընդափետով խփում, թռցնում, կընդի ետևից բարձրաձայն «զու՜» կանչելով գնում է հակառակորդը և առանց «զու՜ն» ընդհատելու, այսինքն առանց շունչ քաշելու, այն ետ բերում մինչև հոբը: Եթե «զուն» ընդհատվի, ամբողջը նորից կրկնվում է: Այսպես «զու՜» են կանչում բոլոր պարտվածները:

bottom of page