top of page

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ

ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ

Image-empty-state.png

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։

Տոնի պաշտոնական՝ Տյառնընդառաջ անունը բացատրվում է Քրիստոսի կենսագրության այն իրողությամբ, որ հրեական օրենքի համաձայն՝ Փրկչի ծննդյան քառասուներորդ օրը նրա ծնողները՝ Մարիամն ու Հովսեփը, որդուն տաճար տարան:Այստեղ վրան ընդառաջ Եկավ խոր ծերության հասած և տիրոջ գալստյանն սպասող Սիմոն ծերունին, որտեղից և տոնի անունը՝ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ, Տիրոջն ընդառաջ:

Տոնական հանդիսությունները, սակայն, ունեն հնագույն ավանդույթներ և առնչվում են կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ: Տյառնընդառաջին վառվող խարույկը գարնան ավետման խորհուրդն ունի: Տարածված էր այն պատկերացումը, որ Տյառնընդառաջի հետ վերջանում է «ձմռան քառասունքը»: Շիրակում Տյառնընդառաջին ասում էին «Մենծ գոլն ընկավ»: Հավատալիք կար, որ «Տըրընդեզի կրակը իր հետ բերում էր օդի բարեխառնություն, հունձքի առատություն, արտերի բերրիություն և ամուսինների օրհնություն»: Ահա այս գաղափարների շուրջն էլ կառուցված էին տոնական արարողությունները:

Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր: Որոշ տեղեր խարույկը վառում էին միայն եկեղեցու բակում, այլ վայրերում՝ բոլոր տների բակերում, երրորդներում՝ միայն նշանված աղջիկների և նորապսակ ունեցող ընտանիքների բակերում: Գերադասելի էր խարույկի համար օգտագործել հատուկ փայտ: Շարուրում գերադասում էին Խաղողենու դյուրավառ փայտը: Սակայն անտառազուրկ վայրերում ծղոտ էլ էին վառում:  Խարույկի փայտը կամ այլ վառելիքը բերում էին նշանված ու նորապսակ երիտասարդները, ընդ որում բուն տոնի օրը: Առաջինը, քահանայի օրհնությունից հետո, վառում էին եկեղեցու բակի մեծ խարույկը: Կրակը վառելու պատվավոր իրավունքն այդ տարի ամուսնացած նորափեսաներինն էր. եթե գյուղում նույնիսկ 10 նորափեսա լիներ, բոլորն էլ պետք է մասնակցեին կրակը վառելու արարողությանը, պայմանով, որ յուրաքանչյուրը որևէ ընծա տար եկեղեցուն՝ մեկ ոչխար, մի տիկ գինի, դրամ և այլն: Այս խարույկը հատուկ էր, այն ողջ համայնքի ընթացիկ տարվա կյանքի նախագուշակը պիտի լիներ: Ամբողջ ժողովուրդն այստեղ էր հավաքվում՝ հետները փայտ, նույնիսկ գերաններ բերելով, կրակը թեժացնելով և միմյանց կոչ անելով «ձմեռը վառել»: Հավաքվածներն ուշադիր հետևում էին խարույկի ծխի ուղղությանը, այն ցույց էր տալիս այդ տարվա առավել բերքառատ գոտին: Այս մեծ, գլխավոր խարույկից մասնակիցները խանձողներ էին տանում, որով վառում էին բակերի խարույկները:

Կրակ անհրաժեշտ էր վառել հատկապես նշանված կամ այդ տարի պսակված հարսնացուի կամ հարսի բակում, որոնց սկեսուրները հարսին պետք է «կրակին ցույց տային»: Եթե հարսնացուն դեռևս հոր տանն էր, սկեսուրը Տյառնընդառաջի առավոտյան նրան «փայ» էր ուղարկում, որ սովորաբար բաղկացած էր լինում աղանձից, զանազան ընկուզեղենից, մրգեղենից, չամիչից, շաքարից և որևէ զարդից: Երեկոյան, եկեղեցու կրակից հետո, սկեսուրն իր ազգական կանանց հետ այցելում էր հարսնացուի տուն և ինքն ուղեկցում հարսնացուին կրակի շուրջը պտտվելու, նորահարս ունեցողները հրավիրում էին հարսի ընկերուհիներին:

Ինչպես Ամանորին, Տրնդեզին ևս ավանդույթ կար ծիսական մաքրություն անելու: Մաքրում էին տան անկյունները, մարագը, փարախը՝ հավատալով, որ ձմեռվա ընթացքում կուտակված աղտեղության մեջ բնակվում են զանազան չար ոգիներ՝ շվոտներ, ալքեր, դրանց փոշու, հարդի ու աթարի մնացորդների հետ ավլում, լցնում էին պարկը, խրտվիլակի տեսք տալիս ու հրդեհում, որ աղբի հետ կրակին տան չարիքն ու ձախորդությունը:

Խարույկի շուրջը նախ պտտվում էին նորապսակ զույգերը: Սրանք հագնում էին պսակի հագուստը, և կրակի շուրջը պտտվելով, օրհնանքներ ստանում. մի տեսակ կրկնապսակ էր կատարվում: Շարուրում նորահարսի գիրկը մի նորածին տղա երեխա էին դնում (ինչպես հարսանիքին), որպեսզի առաջնեկը տղա ծնվեր: Կրակի վրայով նախ թռչում էր տան ամենատարեց կինը, որպեսզի իր «տունը ազատի չարքերից», ապա սկսում էին թռչել երիտասարդները, երեխաները: Կրակի վրայով թռչում էին նաև ամուլ կանայք, նոր ծննդաբերած, քառասունքը դեռ չլրացած կանայք, առաջինները՝ որպեսզի երեխա ունենան, իսկ երկրորդները կրակի վրայով թռչելով՝ համարվում էին քառասունքից դուրս եկած: Առհասարակ Տյառնընդառաջը «կտրում էր» բոլոր քառասունքները: Մոր ու մանկան պտույտը խարույկի շուրջ ապահովում էր նաև մոր բազմածնությունը և մանկան երկարակեցությունը, առողջությունը: Կրակի մոտ էին դուրս բերում նաև հիվանդներին:

Blue Wall
Blue Wall

Որոշ տեղեր գտնում էին, որ Տյառնընդառաջի խարույկի վրայով ցատկողներն այդ տարի ապահովվում էին օձ ու կարիճի խայթոցից, կայծակի հարվածից: Այլ վայրերում մարդիկ այդ կրակով այրում էին իրենց հագուստից մի փոքր կտոր, թեկուզ մի թել՝ վստահ, որ օձն իրենց չի կծի, կապահովվեն չար աչքից կամ կազատվեն հիվանդություններից: Այդ նույն նպատակով ոմանք, հատկապես՝ կանայք, այրում էին մազի ծայրը: Կրակի վրայով թռչելու ժամանակ, եթե չամուսնացած աղջկա շորի ծայրը վառվում էր, նշանակում էր, որ աղջիկն այդ տարի կամուսնանար: Անցյալում նորահարսները ճյուղերի վրա տարբեր գույների կտորներ, լաթեր էին կապում, որևէ իղձ պահում մտքում և այդ ճյուղը գցում եկեղեցու բակում վառվող խարույկը:

Կրակի վրայով թռչողներն իրենց իղձերն ու մաղթանքներն արտահայտում էին երգերի միջոցով: Օրինակ, տարեցները գոչում էին. «Հավերնիս ածան ըլլա, կովերնիս կթան ըլլա, հարսներնիս ծնան ըլլա»: Երիտասարդ տղաները գոչում էին. «Տերնդեզ, քուրդ ինձի տաս, ես պագնեմ, դուն դուրանաս», կամ՝ «Տերնտաս, Տերնտաս, տերտերին ախչիկն ինձի տաս», «Տերընտաս, մարդ ինձի տաս, ես խնդամ, ու դուն լաս»:

Երեխաները մի-մի հավ գրկած կանգնում էին խարույկի շուրջը, որպեսզի խարույկի ուժով զորացած հավերը մեծ պասի ընթացքում շատ ձու ածեն: Հարքում եիտասարդները կրակի մոտ էին բերում հատուկ Տյառնընդառաջի համար պահած ցորենի հասկերը, վառում և հասկերը փշրելով՝ ուտում ու բաժանում հավաքվածներին: Քանի դեռ կրակը վառվում էր, կանայք մի սկուտեղի վրա լցրած փոխինդը, աղանձը (ցորենից ու կանեփից), չամիչը, ընկույզը, կարմրացրած եգիպտացորենը, բոված սիսեռը, դդմի կորիզը, և այլն բերում էին, պտտվում կրակի շուրջը, մի մասը բաժանում երեխաներին, մյուս մասը ներս տանում. երեկոյի կարևորագույն ուտելիքներն էին դրանք, ինչպես նաև մեղրով կամ դոշաբով շաղախած փոխինդը: Տյառնընդառաջին և Սբ Սարգսին շաղախած փոխինդ ճաշակելը ուղղակի անհրաժեշտություն էր: Հողագործ տանտերն ամռանը հավաքած ցորենի հասկերը բաժանում էր երեխաներին և ամեն մի հանդիպողի:

Խարույկը մարելու հետ նորապսակ ունեցող ընտանիքների բակերում սկսվում էին պարերը, ու մինչ երիտասարդները զուռնա-դհոլի նվագի տակ պարում էին, մյուսները բակի խարույկից թիակով կամ մի ամանով կրակ էին վերցնում և տան շուրջը պտտեցնում, խանձողներ էին տուն տանում ու նորոգում տան ճրագը, օջախը, խանձողներ էին գցում հավաբունը, գոմը՝ թռչուններին ու անասուններին ապահովելով բոլոր տեսակի չարիքների ներգործություններից: Շատերն այդ խանձողներից պահում էին և Զատիկի թաթախման երեկոյան դնում այն ճաշատեսակի տակ, որով պիտի թաթախվեին: Խանձողներով գծում էին երդիկի շուրջը ու Խաչ քաշում դռների շրջանակին՝ չար ոգիների դեմ: Կիսայրած ճյուղերը պահում էին մինչև հաջորդ Տյառնընդառաջ և ամեն անգամ օգտագործում օջախում կամ թոնրում նոր կրակ վառելիս:

Երիտասարդները հենց խարույկի մոտ վեր էին նետում մոխիրը և մոխրի՝ քամու քշած ուղղությամբ գուշակում իրենց ապագա կնոջ կամ ամուսնու ապրելու վայրը: Այդ մոխիրն, ըստ պատկերացումների, օժտված էր բուժող ու առատացնող զորությամբ: Այն լուծում էին ջրում և խմեցնում հիվանդներին, ծննդկանին՝ որ հեշտ ազատվի, քսում էին երեխաների վզին ու դեմքին, որ «լուսնի նորից» չազդվեն, չհիվանդանան, ձյունը թաթախում էին մոխրի մեջ և ուտում, որ ամռանը դողէրոցքով չհիվանդանան, մոխիրը աղի հետ խառնելով կերցնում էին անասուններին: Երիտասարդ աղջիկներն ու կանայք այդ մոխրով ներկում էին թարթիչները՝ աչքացավը կանխելու համար: Այդ մոխրից շաղ էին տալիս արտերում, որ մուկը ցանքսը չկտրի, խառնում էին սերմացու ցորենին՝ հունձքի առատության նպատակով, շաղ էին տալիս հավաբնում, գոմում: Շատերը այդ մոխիրը պահում էին և ամեն անգամ հաց Թխելիս մի պտղունց գցում թոնրի կրակի մեջ: Ջավախքում մոխիրը տան երդիկից ներս թափելիս ասում էին՝ «կատուն ներսը, մուկը դուրսը», կարծելով, թե մկները կկոտորվեն:

Այն մայրերը, որոնց տղաներն այդ տարի էին ամուսնացել, իրենց գրպանները լցնում էին աղանձ, դդմի չորացրած կորիզ և գնում եկեղեցի: Այստեղ նրանք ժամերգության ժամանակ կատակներով ու ծիծաղով միմյանց վրա էին շպրտում գրպանի պարունակությունը: Այդ նույն ժամանակ այն պահին, երբ քահանան կարդում է Ավետարանի «Եվ ընդքո անձն իսկ անցցէ սուր» բառերը, բոլոր ունկնդիրներն այրում էին իրենց շորի մի պատառիկ՝ չարքերից անխոցելի մնալու համար:

Տյառնընդառաջի տոնը հանում էր նաև նորափեսայի՝ աներոջ տուն այցելելու արգելքը (անցյալում ընդունված կարգի համաձայն նշանված և նորապսակ երիտասարդները խուսափում էին հարսի ծնողների, հատկապես աներոջ հետ հանդիպել, մինչև հատուկ հրավերք չկազմակերպվեր): Խարույկի վրայով ցատկելուց հետո նա այլևս ազատ էր իր կնոջ ծնողների տունն այցելել: Այդ երեկո նորափեսաներն իրենց ծնողների հետ մրգեղենի սկուտեղներով այցելում էին խնամու տուն և մինչև կեսգիշեր մասնակցում այստեղ կազմակերպված խնջույքին: Այս այցելությունը կոչվում էր «խզեսցուք զկապանս», այսինքն՝ փեսային կապանքից ազատել:

Երեկոյան մանկահասակ երեխաներին մայրերը եկեղեցի էին տանում, օրհնել տալիս, որից հետո մայրը իր զավակի հետ այցելում էր իր ազգականներին, որտեղ երեխան նվերներ էր ստանում: Երեկոյան ընթրիքից հետո տանտիկինը եկեղեցու մեջ վառված իր մեղրամոմից մի քանի կաթիլ կաթեցնում էր իր երեխաների գլխարկների ու գլխաշորերի մեջ, որպեսզի այդ գիշեր «շվոտ» կոչվող ոգին որևէ կերպ տուն չմտնի և նրանց չտանի: «Շվոտի» մուտքն արգելելու համար երդիկի ու պատուհանի կափարիչ տախտակները խարույկի մոխրով թաթախում էին: Համարվում էր, որ Տյառնընդառաջի երեկոյան ծնված երեխան շատ չար ու կրակոտ է լինում, որովհետեւ «կրակի հետ է ծնվել»: Այդ օրն ու Զատիկին ծնված տղաներին լուս-պարոն, աղջիկներին՝ լուս-խաթուն էին ասում:

Ինչպես վկայում է հայ մեծ բանահավաք Գարեգին Սրվանձտյանցը, «կաղանդին կամ տերեգլխույն այնքան հանդիսավոր չէ, որքան այսօր, մեծամեծ խնջույքներ և ուրախություններ կը կատարեն, տաղերով, երգերով, պարերով, ուտելիքով և ընպելիքով կը զվարճանան»: Նվագածուները շրջում էին խնջույքի հավաքված խմբերի մեջ, երգեր երգում, խնջույքի մասնակիցները միանում էին նրանց, արձագանքում նրանց երգերին:

- Կոյսը սիրեմ ես, կոյսը,

Կ՚ըլմանի ժամու լոյսը,- Երգում էին աշուղները:

- Տերնտաս, Մարդ ինձի տաս,

Ես խնդամ ու դուն լաս,

ձայնակցում էին խնջույք անողները:

- Թագը սիրեմ Ես, լոյս թագը,

Կ՚ըլմանի ժամուն արեգակը:

- Տերնտաս, Մարդ ինձի տաս,

ես խնդամ ու դուն լաս...

Երեսը սիրեմ Ես, Երեսը,

Կ՚ըլմանի ժամուն խաչերեսը:

- Տերնտաս, Մարդ ինձի տաս,

Ես խնդամ ու դուն լաս...

Պօյիկը սիրեմ Ես, պօյիկը,

Կ՚ըլմանի ժամուն մոմիկը:

- Տերն տաս, Մարդ ինձի տաս,

ես խնդամ ու դուն լաս...

Կուրծքը սիրեմ ես, կուրծքը,

Կ՚ըլմանի ժամուն խունկիկը:

- Տերնտաս, Մարդ ինձի տաս,

Ես խնդամ ու դուն լաս...

Ծոցը սիրեմ ես, ծոցը,

Կ՛ըլմանի ժամուն խնծորը:

- Տերնտաս, Մարդ ինձի տաս,

Ես խնդամ ու խնդամ, դուն լաս ու լաս...

Ազգագրագետ Գայանե Շագոյանը Սյունիքի մարզի Տաթև գյուղում հանդիպել է տարեց կանանց, որոնք պատմել են, որ դեռևս հիսուն-վաթսուն տարի առաջ Տյառնընդառաջին նորահարսերի տանը երիտասարդ կանանց հավաքներ էին տեղի ունենում, որ Բոլթա են անվանել : Որ տանը նորահարս է եկել, հավաքվել էդ տան կտուրին, երգել, պարել, սկեսուրին հիշեցրել, որ սեղան պիտի գցի: Այս ծեսին մասնակցել են երիտասարդ հարսները: Տան տիրուհին պարաստել է առանց ջրի որևէ ճաշ՝ լոբի, միս, փլավ… վերջում խաղացել են «էշուճկոռոքի» (մի հարսը կռանում էր, մյուսը գալիս վրայով թռչում էր, հենվում մի բանի, հետո 2-3 հարս նստում էին մեջքին, ինքը պիտի դիմանար, ընթացքում ծիծաղում, կատակում էին): Տոնը համարվել է նաև նորահարսների օր:

Անցյալում ննջեցյալ ունեցող ընտանիքների անդամները, մինչև «սգից դուրս չգային», տնից դուրս չէին գալիս: Սակայն Տյառնընդառաջին խնամի-քավոր-հարևան կանայք գալիս էին այդ ընտանիքները, տանտերերին տանում եկեղեցի, որտեղ երեկոյան ժամերգությունից հետո նրանք դուրս էին գալիս գավիթ, ներս մտնում, որից հետո արդեն կարող էին ցերեկը, «արևի ժամանակ» տնից դուրս գալ:

Տյառնընդառաջ-Տրնդեզի առավելապես տնտեսական հաջողություն­ների հետ ունեցած կապն են վկայում Ներքին Բասենում տոնի վերաբերյալ տարածված հետեւյալ երգերը.

Տէրընդեզ՝ դարմանը կես,

Առ հաց ու կես, ելիր զեղես,

Տէրընդեզ, մխի (ծխի) դին (կողմը) տես,

Մէ փութ ցանես` հարյուր քաղես:

***

Տէրընդեզ, դարման ու կես,

Աոնիմ մանգաղ, ելնիմ խոտի դեզ,

Տէրընդեզ՝ ուչխուր վառէ,

Օր ազատվես օձէ, չարէ:

Այս տոնից հետո գյուղերում անասնակերը խնայողաբար էին գործածում: Տաք, արևոտ օրերին ոչխարը հանում էին չոր խոտ արածելու, իսկ խոշոր եղջերավոր անասուններին, կովերից բացի, այլևս խոտ չէին տալիս, կերակրում էին միայն դարմանով: Խոտը նրանց պետք էր գարնանացանի ժամանակ, երբ լծկան անասուններին հարուստ կեր պիտի տային։

Տյառնընդառաջը այնքան կարևոր, սրբացված օր էր, որ նրանով երբեմն երդվում էին կամ նրա անունը տալիս՝ որպես երաշխիք: Օրինակ՝ վանեցիները որևէ գործ սկսելիս, գործի հաջողությունն ապահովելու համար, ասում էին.

Եա պատվական խաչ,

Եա խէրվան Տէնդառաջ,

Տիւ քեաշես պիրես առաջ:

bottom of page