top of page
Search

Նոր հարթակ և հրատարակություն. "Shifting spaces. EaP edition"


"Shifting spaces. EaP edition" պատմությունների ժողովածուն վերաբերում է քաղաքացիական հասարակության գործունեության «տարածքի կրճատմանը» և դրա ազդեցությանը երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդական աշխատանքի և երիտասարդների վրա Եվրոպական միության Արևելյան գործընկերության 6 երկրներում:


Ժողովածուի նպատակն է ստեղծել հնարավորություն, որը կօգնի վերհանել այն փորձը, որ միայն երիտասարդները կարող են ունենալ, և այն հնարավոր չէ գտնել որևէ այլ հետազոտության, հրատարակության կամ քաղաքականության մշակման փաստաթղթերում: Կարծում ենք, որ հատկապես երիտասարդական քաղաքականության մշակման ժամանակ թերագնահատվում են անձնական մոտեցումները և նարատիվները։


Պատմությունների ժողովածուում օգտագործվող «կրճատվող տարածք» եզրույթը նկարագրում է տարբեր գործընթացներ և միջոցառումներ, որոնք ձեռնարկվել են երկրների կառավարությունների կողմից` սահմանափակելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը, նպատակ ունեն սահմանափակելու խոսքի ազատությունը, ինչպես նաև հավաքների կազմակերպման և միավորումների ստեղծման ազատությունը հատկապես երիտասարդական կազմակերպությունների համար: Այսօր կառավարությունները ստեղծում են լրացուցիչ իրավական և վարչական խոչընդոտներ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը դժվարացնելու համար:


Ընդհանուր առմամբ, այս հավաքածուի մեջ ընդգրկված են 15 պատմություններ ԱլԳ 6 երկրներից: Պատմողները 18-35 տարեկան անձիք են: Մարդկանց անունները որոշ պատմություններում հրապարակված չեն, քանի որ դա ցանկացել են անձամբ հարցվողները: Դա արվել է նրանց համաձայնությամբ` կապված թեմաների և խնդիրների զգայունության հետ: Պատմությունները ներկայացված են պատմող մարդկանց լեզվամտածողությամբ, որպեսզի պահպանվի դրանց մեջ առկա հեղինակային ինքնությունը: Բնօրինակ տեքստերը դիտմամբ շատ չեն հղկվել ու փոխվել, այնպես որ դրանք հնչում են որպես առաջին ձեռքից ներկայացված փորձ:


Այս պատմությունները նաև աջակցում և համերաշխություն են բերում Արևելյան գործընկերության տարածաշրջանում ՔՀԿ-ների հզորացման առաքելությանը: Պատմությունները հասանելի են www.shrinking.space հարթակում, որտեղ կարելի է գտնել բոլոր պատմությունները մեկ վայրում: Եթե դուք ևս առնչվել եք որևէ համանման պատմության, ցանկանում եք հանրայնացնել ձեր պատմությունը քաղաքացիական հասարակության համար «տարածքի կրճատման» և դրա՝ երիտասարդական աշխատանքի և երիտասարդների վրա ազդեցության մասին, ապա կարող եք օգտվել հարթակի ընձեռած համապատասխան հատվածից։ Կապ կհաստատվի մարդկանց հետ և թիմը կօգնի պատմելու այդ պատմությունները։ Նոր պատմությունները պարբերաբար կհրապարակվեն www.shrinking.space կայքում:


Այս հարթակն ու հրատարակությունը իրականացվել է Երիտասարդական ակումբների դաշնության կողմից (www.fyca.net) Եվրոպական երիտասարդական ակումբների համադաշնության հետ համագործակցությամբ (www.ecyc.org


Ծրագիրն իրականացվել է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում Եվրոպական միության աջակցությամբ։ Սույն հրատարակության բովանդակությունը բացառապես հեղինակ(ներ)ի կարծիքն է և կարող է չարտացոլել Եվրոպական միության տեսակետը:

bottom of page