ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ
ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ
ԲԱՐԵԿԵՆԴԱՆ
Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային («հայոց ազգի օրեր»), ինչպես նաև ամենաերջանկաբեր, խրախճանք, ճոխ ու առատ ուտելիքներ վայելելու տոն, պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ, որոնց ընթացքում հասարակական հարաբերությունների, ընտանեկան բարքերի, հասակային խմբերի մինչ այդ ընդունված, առօրեական նորմերը գլխիվայր են շուռ գալիս: «Հայոց ազգի օրերը» (Բարեկենդանը) տևում էր երկու շաբաթ, անմիջականորեն հաջորդելով Ս.Սարգսին և ավարտվելով Մեծ պասով:
Աշնանային նավասարդից հետո սկսված հարսանիքներն ու նշանդրեքները Բարեկենդանի անբաժան ուղեկիցներն էին: Դրանք, իրենց հերթին, նոր թափ էին հաղորդում տոնի հորդուն ուրախությանը: Ուրախ պարերը, որ Բարեկենդանի խնջույքների անբաժան ուղեկիցներն էին, հարսանիքներին իրենց շուրջն էին հավաքում բոլոր երիտասարդներին: Բայց միայն երիտասարդները չէ, որ մասնակցում էին պարերին: Բարեկենդանյան պարերը իրենց շրջապտույտի մեջ էին առնում կանանց ու տղամարդկանց, ընդհուպ մինչև զառամյալ ծերերը: Պարերը սկսվում էին հենց առաջին օրը և օրեցօր աշխուժանում: Պարում էին ինչպես զուռնա-դհոլի նվագի տակ, այնպես էլ պարերգերի, որ բազմաթիվ էին: Ավելանում են պարողները, ավելանում են հանդիսատեսները.
Պաղչին պատը փըլեր ը,
Յարըս մեջը քներ ը,
Ձան կուտամ, ձանըս չառներ,
Մըկըր իննմեն ցավեր ը:
Ըս օր աղկեկ մը տեսա,
Կուժն առավ ջուրը կերթա,
Ոտքը սըլըխվավ ինկավ,
Ձեռքին բռնած կուժը կոտրավ:
Մի լար, աղջիկ, ըսի մի լար,
Կուժտ շինիմ ոսկի անկով,
Ջուրը լեցնեմ վարդի ռենկով...
Պարերը, բնականաբար նաև պարերգերը չեն վերջանում, շարունակվում են մինչև ուշ երեկո: Դրանք բազմաթիվ էին, տարբեր ազգագավառներում, երգվում էին տարբեր բարբառներով, բայց բոլորը, որպես կանոն, սիրային և կատակային բովանդակության: Օրեցօր շատանում էին պարերը, բայց հատկապես վերջին շաբաթ-կիրակի օրերը դրանք դառնում էին համընդհանուր, համագյուղական, համաթաղական: Ամենուր այդ օրերին թաղամասերը, նույնիսկ ամբողջ գյուղերը շղթայվում էին կլոր պարախմբերով: Բարեկենդանի գլխավոր զվարճությունը, սակայն, խաղերն ու թատերական ներկայացումներն էին: Հատկապես խաղերը, որոնց մասնակցում էին Երեխաները, պատանիները, ծերերը, հարս ու աղջիկ, չափահաս կանայք ու տղամարդիկ: Խաղերը տեղի էին ունենում թե տներում, թե բակերում ու հրապարակներում: Բարեկենդանին այս պատկերն ամենուր էր: Խաղացողները շրջապատվում էին դիտորդներով, որոնք խրախուսում, ծաղրում, կատակներ էին անում խաղացողների հասցեին և հետո, իրենք փոխարինելով նրանց, ենթարկվում նույն կատակներին: Խաղերը սովորաբար ավարտվում էին խնջույքներով:
Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերին և թատերական ներկայացումներին մասնակցում էին թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները: Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը թափով բացվում էր և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը՝ մեծի, երբեմն՝ ծաղրածուի: Արտաքինը պիտի հնարավորինս ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ, մուր կամ ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացանում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:
Մեծահասակների ներկայացումների սյուժեներն, անշուշտ, ավելի բարդ էին: Նախ, Բարեկենդանի օրերին եկեղեցին նշում էր Ավարայրի ճակատամարտի հերոս Վարդան զորավարի տոնը, և այդ օրերին հայոց տարբեր ազգագավառներում հաճախ էին ներկայացնում Ավարայրի ճակատամարտի որևէ դրվագ: Խումբը, օրինակ, բաժանվում էր հայերի եւ պարսիկների: Ձիուն բազմած Վարդան զորավարը խրախուսող ելույթ էր ունենում, հավաքում իր զորքը և արշավում մյուս ծայրից եկող զինված պարսիկների վրա: Փայտե սրերով խաղացվում էր ճակատամարտի տեսարան, որտեղ հայերը հաղթում են: Հաջորդ դրվագում պարսիկների դերակատարները խեղճ, քրքրված հագուստով, երեսները սևացրած գերիներ են, որոնց վրա քարեր են շպրտում, հայհոյում են, քաշքշում:
Առավել տարածված թատերախաղերից էին իրենց իրականության ծաղրի զանազան դրսևորումները: Արցախում, օրինակ, երիտասարդներն իրենց ընկերներից մեկին հագցնում էին ոչխարենուց իրենց ձեռքով կարված զգեստ՝ բուրդը դեպի դուրս, վրան կախում էին ոսկորներ և զանազան հին զենքեր՝ թուր, դաշույն, ատրճանակ, հրացան, գլուխն էին խցկում մի քրքրված գլխարկ՝ ետևը դեպի առաջ, երեսին մուր էին քսում և նստեցնում մատակ էշին՝ դեմքը դեպի գավակը, ու էշի ագին ձեռքը դնելով, ողջ խմբով, զուռնաչիների ու թմբկահարի առաջնորդությամբ, բակից բակ էին գնում, գոռալով՝ «ճամփա իշի պարոնին», կամ «անբեղն է գալիս, ճանապարհ»: Երիտասարդները սրամտում էին, ծաղրում «պարոնին» ու բոլոր հանդիպողներին, ընծաներ պահանջում: Բոլոր հանդիպող տներից բերում էին ձու, յուղ, ալյուր, ցորեն, պատրաստի խորտիկներ, դրամ: Երեկոյան հավաքված մթերքներով ջահել տղաների ողջ խումբը խնջույք էր կազմակերպում: Բեմականացվում էր նաև «իշի պարոնի» կամ «էշ պատվականի» զոհաբերության կատակ երգ-խաղը, սուտ մեռելի ու սուտ հարսանիքի խաղերը: Փոքրերը կարող էին ծաղրել մեծերին, աշխարհականները՝ հոգևորականներին: Բարեկենդանի վերջին գիշերը Արցախում երեխաներն ընթրիքից հետո իրենց հորը սկուտեղով մատուցում էին զանազան մրգեր, պարան ու մտրակ: Այս ընծայի դիմաց հայրը նրանց նվիրում էր մի քանի կոպեկ:
Բարեկենդանյան ներկայացումների ժամանակ «փակ» թեմաներ, անձեռնմխելի անձեր չկային: Հոգևորականները նույնպես ենթարկվում էին բարեկենդանյան ընդհանուր տրամադրությանը, թատերախաղերը կատարվում էին նաև վանքերի ներսում, վանականների մասնակցությամբ: Այդ օրը նաև կոչվում էր աբեղաթող, երբ աբեղաներին ևս թույլատրելի էին աշխարհիկ հաճույքներ:
Բարեկենդանի կարևոր պարագաներից էր նաև կախովի տիկնիկը: Այդ տիկնիկը ծերունու տեսքով էր: Այն պատրաստվում էր տղամարդու հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ-մորուքով, միոտանի, որի ծայրին խրվում էր սոխը` յոթ փետուրներով, պարզած թևերով, որոնցից քարեր էին կախվում: Ուրիշները ոլորած ճիպոտի ծայրին գլուխ սոխ էին ամրացնում, սոխի վրա այծի մազից բեղ-մորուք սարքում, սոխի մեջ յոթ գույնզգույն փետուր խրում: Այդ յոթ փետուրները ցույց էին տալիս շաբաթվա 7 օրերը և կատարում էին նաև օրացույցի դեր: Շիրակում յուրաքանչյուր փետուրը հանելիս ասում էին «ճիճու, ճիճվարանքը` դուրս, ցորեն, գարին` ներս» և ջարդում ու մի կողմ էին նետում փետուրը:
Վերջացավ Բարեկենդանը, երկար ժամանակով լռեցին երգն ու պարը, դադարեցին հարսանիքները, վերջացավ անհնազանդության իրավունքի շրջանը, բայց կյանքը մտավ ոչ թե առօրեական, այլ չափազանց խստակեցության շրջանը:
Բարեկենդանի երկշաբաթյա տոնական ուտելիքների մեջ նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի, յուղի առատությանը: Ամենօրյա գործածության մեջ էին մսից պատրաստվող զանազան ճաշատեսակները, կաթնասերը, մածունը, խաշիլը, խմորեղենը: Առաջին օրերին պատրաստվում էր մեծ քանակությամբ գաթա, հալվա: Այնուհետև գերապատվությունը տրվում էր փորը ձավարով ու զանազան համեմունքներով լցոնած եւ թոնիրում ամբողջովին խորոված ոչխարին, տվյալ վայրում առավել սիրված կերակրատեսակներին: Շատ էր թռչնեղենը: Կային ընտանիքներ, որտեղ տասնյակից ավել հավեր, հնդկահավեր, սագեր էին մորթվում: Դրանք լցոնում էին բրնձով, չամչով, շագանակով, խորովում, տապակում, ուղղակի խաշում էին: Պարտադիրը, սակայն, խաշիլն էր, որով սկսվում էր տոնը և որը երկու շաբաթ շարունակ պատրաստվում էր բոլոր տներում:
Բարեկենդանի առավոտից երեկո տևող խնջույքները մեծ մասամբ տեղի էին ունենում բացօթյա: Չնայած ձմռան ցրտերին, դրանց մասնակցում էին շատ շատերը, խնջույքի սեղանից հեռանում էին ցանկացած պահի, միանում էին ուրիշները: Երբեմն մի վայրում կեսօրին մասնակիցների մի կազմով սկսված խնջույքը կարող էր ավարտվել բոլորովին ուրիշ կազմով, ընդ որում մասնակիցների դիրքը, տարիքը կարող էր շատ խառը լինել: Մասնակիցներից շատերը խնջույքի սեղանին ավելացնում էին խորտիկների իրենց բաժինը:
Բարեկենդանի ուտելիքների տեսականու քանակը նույնպես կարեւորվում էր: Դրանց թիվը գնալով աճում էր: Այսպես. եթե երեքշաբթի պարտադիր երեք տեսակի ուտելիք պիտի լիներ սեղանին, հինգշաբթի՝ հինգ, շաբաթ՝ յոթ, կիրակի օրը դրանց թիվը հասնում էր տասներկուսի: Այնքան էին ուտում, որ Բարեկենդանը Երբեմն անվանում էին «փորեկենդան». Վերջին օրը, երեկոյան, կաթնապուր ու մածուն էին ուտում, վրայից խաշած ձու կամ ձվածեղ, ասելով, «բերաններս փակում ենք սպիտակ ձվով, Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու»: Մարդիկ հավաքում էին բարեկենդանյան խնջույքներից մնացած մսեղեն-յուղեղեն ուտելիքները և հավաքվում գերդաստանի գլխավորի տանը, որտեղ էլ կայանում էր վերջին խնջույքը, ահա հենց այս տներում էլ միայն վառվում էր օջախը՝ բարեկենդանյան վերջին ձվածեղը պատրաստելու համար: Ուտում վերջացնում էին ողջ մսեղենն ու յուղեղենը, որ պասի ընթացքում աչքները վրան չմնա: Որոշ տեղեր, սակայն, Բարեկենդանի վերջին օրը կրակ չէին վառում, կերակուր չէին եփում:
Այս տարի Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցի՝ Երիտասարդական ակումբների դաշնության անդամները Բարեկենդանի տոնը նշեցին Թեղենիքում:
«Ազգային ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ» ծրագրի շրջանակում երիտասարդները նախ ծանոթացան ազգային ավանդական տոնացույցում ընդգրկված տոների կազմակերպման առանձնահատկություններին, ապա իրենց ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով մասնակցեցին Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում իրականացվող Բարեկենդանի համաժողովրդական տոնախմբությանը:
Երիտասարդներն ակտիվ մասնակցություն ունեցան Բարեկենդանին նվիրված երգ ու պարի, ժողովրդական խաղերի, դիմակահանդեսի, հացաթխման, Սուտլիկ հարսանիքի արարողությանը: