ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ
ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ
ՄԵԾ ՊԱՍ
Բարեկենդանի անհոգ ուրախությանը, կենցաղային թեթևամտությանը, հասարակական սովորույթների ավանդական կարգի խախտումներին փոխարինելու էր գալիս տարեկան պասերից ամենաերկարատևը` Մեծ պասը։
Այն ինքնամաքրման, ինքնազոհաբերման, ապաշխարության, մաքրակենցաղության և ինքնազսպման յոթշաբաթյա շրջան է։ Մեծ պասի հենց առաջին օրը հաշտություն, համերաշխություն սահմանելու օր էր, գժտություններն ու թշնամությունները մեղմելու, հասարակության մեջ ներդաշնակ բարեկամական հարաբերությունները վերականգնելու օր։ Միջնորդները գործի էին անցնում, հանդիպեցնում նույնիսկ թշնամիներին։
Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին»: Հիսուսն իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանա՝ շնորհիվ իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:
Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում Մեծ Պասն սկսում էին Ակլատիզի կամ Ախլոճի պատրաստումով, որն ուներ հետևյալ տեսքը. վերցնում էին մեկ կարտոֆիլ կամ սոխ, կամ խմորից տիկնիկ էին պատրաստում և վրան ամրացնում յոթ փետուր, չորսը՝ սպիտակ, երեքը՝ սև (սպիտակ փետուրները խորհրդանշում էին ձմռան ձյունը, սևերը՝ գարնան օրերը, երբ երկիրը երևում է սև հողով ու կանաչով): Այդ յոթ փետուրները խորհրդանշում էին Մեծ Պասի յոթ շաբաթները, որոնք տանտիկինը, յուրաքանչյուր շաբաթը լրանալուց հետո, հերթով պոկում էր: Ակլատիզը կախում էին թոնրատանը կամ երդիկից, նրա վրա ամրացնում էին նաև մանրիկ քարեր ու կարմիր պղպեղ. ով պասը լուծեր, քարերը կարող էին ընկնել նրա գլխին, իսկ պղպեղը կայրեր բերանը: Ըստ ավանդության, Մեծ Պասի վերջին օրը Ակլատիզը թռչուն էր դառնում և հեռանում՝ նորից գալու իրավունքով:
Նախիջևանցիները Մեծ Պասն անվանում էին Աղացք, աղ ու հաց, ուտում էին միայն բանջար, աղցան, խաշիլ: Մեծ Պասի կեսը (մեջտեղի օրը) կոչվում է Միջինք: Այդ օրը բաղարջ էին թխում՝ Միջունք, մեջը դնում ուլունք կամ դրամ և բաժանում տան բոլոր անդամներին. բաժին էր հանվում նաև անասուններին, հողին: Ուլունքը կամ դրամը ում հասներ, այդ տարվա առատությունն ու հաջողությունները նրանն էին: Մեծ Պասը լուծվում էր Զատիկին և բացվում ձվով ու ձկնեղենով: Ինչպես Ավետարանն է պատվիրում, ուտողը թող չանգոսնի չուտողին և փոխադարձաբար չուտողն էլ թող չքննադատի ուտողին: Թող յուրաքանչյուր ոք իր միտքը հաճեցնի և որ գլխավորն է ու Մեծ Պասի կարևոր խորհուրդը՝ առանց ինքնաքննության, զղջումի ու առաքինի գործերի, պահեցողությունը արժեք չի կարող ներկայացնել:
Բասենում Մեծ պասի առաջին օրը յուրաքանչյուր տան մեջ թխում էին յոթ անալի, անթթխմոր բաղարջ, ի նշան յոթ շաբաթի: Ղազախում Մեծ պասի առաջին օրը ընդունված էր որպես կրակի կիրակի, և ով չընդուներ այն, «նրա շորերը կայրվեին»: Երկրորդ օրը ջրինն էր. չպահողին ջուրը կտաներ: Երրորդ օրը մկանն էր, պասը չպահելու դեպքում մկները մեծ վնաս կհասցնեին տնտեսությանը: Չորեքշաբթի օրը կանանցից ով որ չգնար եկեղեցի և չլսեր առաջին անգամ ասված «Տէր ամենակալը», նա այլևս չէր կարող ջահրը (ճախարակ) մանել: Չորրորդ օրը՝ հինգշաբթի, առաջին գործը պետք է լիներ ճախարակ մանելը, որովհետև նրա մեջ միայն կարելի էր գտնել բարաքեաթ, առատություն: Կանանց մեջ սովորություն կար, որ ամբողջ տարին, չորեքշաբթի և ուրբաթ երեկոյան չպիտի աշխատեին: Չորեքշաբթի օրը կատարած աշխատանքը բարաքեաթ չէր ունենա, իսկ ուրբաթն էլ ուներ իր վատ հետևանքը. կրակին զոհ կգնար շոր, երեխա և այլն: Շիրակում և Կարսում Մեծ պասի առաջին շաբաթ օրը անվանում էին Թալալօսի կիրակի. ով չպահեր, կթալկանար, այսինքն՝ կցնդեր, կխենթանար: Մեծ պասի համար կան նաև ժողովրդական այլ սովորություններ: Մեծ պասի առաջին շաբաթվա երկուշաբթին բակլա-խորան էր կոչվում (այսինքն՝ բակլա ուտելու օր կամ պասուց կերակուրներ ուտելու օրերի սկիզբ), երեքշաբթին՝ խորանի խորան, չորեքշաբթին՝ մկան կիրակի, հինգշաբթին՝ կատաղած շան, ուրբաթը՝ չարչարոց (չար աչքից զերծ մնալու համար), շաբաթը՝ թալալոսի (թալալոսը երեխաների շրջանում տարածված հիվանդություն էր): Մեծ պասի երկուշաբթի օրը, խումբ-խումբ իրար էին այցելում և միասնաբար ճաշում: Սեղանը լիքն էր բազմազան ճաշերով՝ ընդեղեն, կանաչեղեն:
Բարեկենդանի վերջին օրը հրաժեշտ էին տալիս Ուտիս տատին՝ ասելով. «տատը գնաց շերեփը ձեռին, պապը եկավ չոմբախը ուսին», պասի ընթացքում պապը պիտի հետևեր պասը խախտողներին ու նրանց բերաններն այրեր կծու տաքդեղով, սոխ-սխտորով:
Պահոց շրջանի կարևոր կերակուրներից էր մախոխ ապուրը, որը պատրաստվում էր հատուկ արարողակարգով ու հատուկ երգերով (Եկեք ծեծենք սոխ ու սխտոր, Մախոխ ապրի գովքը…):
Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:
Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացի շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:
Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար է: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը: