top of page
Search

Գրոժնյանում տեղի ունեցավ «Voice it!» երիտասարդական ծրագիրը



Սույն թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 8-ը կայացավ Youth Express Network միջազգային կազմակերպության այս տարվա 2-րդ դասընթացը, որն անցկացվեց Խորվաթիայի Գրոժնյան (Groznjan) բնակավայրում: Դասընթացը կազմակերպվել էր ԵԽ-ի Եվրոպական երիտասարդական հիմնադրամի (European Youth Foundation of the Council of Europe) ֆինանսավորմամբ և Եվրոպական Միության Erasmus + ծրագրի համաֆինանսավորմամբ: Դասընթացին, որը կրում էր «Voice it!» խորագիրը, մասնակցում էին 21 երիտասարդներ՝ 10 եվրոպական երկրներից:

Ծրագրին մասնակցում էր նաև Հայաստանի Երիտասարսական ակումբների դաշնության կամավոր Դանիել Շահումյանը:

Դասընթացը նվիրված էր պատմությունների՝ որպես ինֆորմացիա փոխանցելու և խոսքն առավել ազդեցիկ դարձնելու գործիքի արդյունավետ ու ճիշտ կիրառությանը: Ինչպե՞ս պատմել պատմությունը, որպեսզի այն լինի առավել ազդեցիկ, հետաքրքիր և ներկայացնի եղելությունն ամբողջովին, այլ ոչ թե միակողմանի: Այս և հարակից հմտությունների մասին մասնակիցները մի շարք դասընթացների մասնակցեցին ծրագրի ընթացքում:

Ծրագրի բուն նպատակը պատմությունները թվայնացնելն էր, այսինքն՝ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով պատմությանը հարատևություն հաղորդելը, առավել մեծ լսարանին հասանելի դարձնելն ու թվային էֆեկտների շնորհիվ առավել տպավորիչ ու հիշարժան ներկայացնելը:

«Digital Storytelling» - այս թեմայի շուրջ դասընթացի մասնակիցները 10 օր շարունակ մասնագետի օգնությամբ ուսումնասիրեցին լուսանկարչության և վիդեոնկարահանման առանձնահատկություններն ու մասնագիտական նրբությունները: Վերջում մասնակիցներից յուրաքանչյուրը գրեց իր պատմությունը, որը ձայնագրվեց, ապա նկարահանվեցին տեսանյութեր, որոնց հիման վրա պատրաստվեցին 2-5 րոպեանոց ֆիլմեր: Ֆիլմերի հեղինակային իրավունքը պատկանում է մասնակիցներին, դրանք հետագայում օգտագործելու իրավունք ունի նաև Youth Express Network-ը:


bottom of page