Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ hուլիսի 3-ին տեղի ունեցավ ամենամյա «Վարդավառ» միջազգային փառատոնը, որը անցկացվեց հայ ժողովրդի և համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող հուշարձաններում՝ Գեղարդում և Գառնիում: Լինելով Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը և իր շուրջը համախմբելով հազարավոր հայ երիտասարդների` Երիտասարդական ակումբների դաշնությունն առանձնակի պատասխանատվությամբ է մոտենում երիտասարդ սերնդի շրջանում ազգային արժեքների, ավանդույթների ճանաչողության և ամրապնդման գործին: Հայ երիտասարդության շրջանում հենց այս գործընթացի խթանմանն է միտված «Վարդավառ» միջազգային փառատոնը, որն իրականացվում է արդեն երրորդ տարին:
«Վարդավառ» միջազգային փառատոնին ամեն տարի մասնակցում են նաև հարյուրավոր եվրոպացի երիտասարդներ, ինչը մեծապես նպաստում է հայկական մշակույթի, ավանդույթների տարածմանն ու Հայաստանի կերպարի ձևավորմանն այլազգիների շրջանում: Փառատոնը Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների ինքնատիպ, գրագետ և հաջողված PR նախաձեռնություն է` ուղղված արտահայաստանյան լսարանին: Պատահական չէ, որ փառատոնն ընդգրկվել է բազմաթիվ զբոսաշրջային կազմակերպությունների փաթեթներում, ինչն ընդգծում է նախաձեռնության կարևորությունն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տուրիզմի զարգացման գործում:
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, «Վարդավառ» միջազգային փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանի խոսքով` փառատոնը յուրօրինակ կերպով հասարակության լայն շերտերին հաղորդակից է դարձնում ազգային ավանդական տոներին: «Փառատոնի այս տարվա խորագիրն է «Ազգային ավանդական խաղեր». երիտասարդ խաղավարների միջոցով վեր ենք հանելու այն խաղերը, որոնք մեր նախնիներն են խաղացել»,- նշում է փառատոնի ղեկավարը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնը մեկնարկը տրվեց Գառնիում, մարզային տաղավարների բացմամբ, որտեղ յուրաքանչյուր մարզ ներկայացրեց Վարդավառը նշելու իր առանձնահատկությունները, բնորոշ ավանդույթները:
Գեղարդի վանքային համալիրում տեղի կունենա Տիրոջ Պայծառակերպությանը նվիրված Սբ. Պատարագ, որի ընթացքում պատարագիչը ջուր ցողեց գավթում հավաքված հավատացյալ ժողովրդի վրա: Այնուհետև տեղի ունեցավ մատաղի և երիտասարդության օրհնության արարողակարգը, որից հետո ազգային երգ ու պարի ներքո այն բաժանվեց փառատոնի մասնակիցներին:
«Արդեն երեկոյան Գառնիում «Ակունք» ազգագրական երգ ու պարի համույթի, երիտասարդ դերասանների և կատարողների մասնակցությամբ ներկայացվեց Վարդավառի ծիսակատարության բեմադրությունը, որտեղ փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանի ղեկավարությամբ անդրադարձ կատարվեց տոնի պատմական անցյալին և խորհրդին,- նշում է փառատոնի համակարգող Սոնա Փարսյանը և հավելում, որ տոնի ամենաուրախ ջրոցի խաղն էլ համախմբեց ներկաներին»:
Տեղի ունեցավ ազգային պարի ֆլեշմոբ, 120 մետրանոց դրոշի բարձրացման և հիմներգի կատարման, ինչպես նաև մեծաքանակ վարդերի բաժանման արարողություն:
Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանն էլ մեծապես կարևորեց միջոցառման անցկացումը Կոտայքի մարզում և Երիտասարդական ակումբների դաշնության հետևողական աշխատանքը:
«Վարդավառ» միջազգային փառատոնի կազմակերպմանն աջակցում են Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը, ՀՀ Կոտայքի մարզպետարանը, Գառնիի գյուղապետարանը, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ, Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը, Տերյան մշակութային կենտրոնը, Taraz Art-ը, «Ակունք» ազգագրական համույթը, Վահագն դհոլահարների անսամբլը, Վան երգի-պարի ազգագրական համույթը, Պատանի լրագրողների դպրոցը, «Արմենպրես» լրատվական գործակալությունը, eritasard.am առցանց պարբերականը, Anews.am, Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը: