2017 թվականի հոկտեմբերին Սոչիում տեղի կունենա Երիտասարդների և ուսանողների համաշխարհային 19-րդ փառատոնը: Հայաստանն այդ փառատոնին կմասնակցի հատուկ ընտրված պատվիրակներով: Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Երիտասարդության համաշխարհային օրվա և Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) 17-ամյակի առթիվ հրավիրված ասուլիսին տեղեկացրեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, Եվրախորհրդի երիտասարդական քաղաքականության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը:
«1945 թվականին, 2-րդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, նոյեմբերի 10-ին, Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի արդյունքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը։ Այն նպատակ էր հռչակել, տարբեր երկրների երիտասարդների համախմբմամբ պայքարել հանուն խաղաղության, ժողովրդավարության, ազգային անկախության և երիտասարդների քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքների պաշտպանության: Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունն - WFDY ամենամեծ երիտասարդական կառույցներից է, որը իր 1947թ սկիզբ է դրել համաշխարհային երիտասարդական փառատոներին: 2017թ.-ի հոկտեմբերի 14-22-ին Սոչիում կազմակերպվող 19-րդ փառատոնը կհամախմբի աշխարհի 150 երկրների շուրջ 30 000 պատվիրակների»,- իր խոսքում նշեց Ատոմ Մխիթարյանը:
Նոյեմբերի 9-ին Մոսկվայում մեկնարկած ԱՊՀ 25-ամյակին նվիրված ֆորումի շրջանակում ստեղծվեց ԱՊՀ երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան, որի կարևոր ներդրումը պետք է լինի Երիտասարդների և ուսանողների համաշխարհային 19-րդ փառատոնի պատշաճ կազմակերպումը: «Ասոցիացիայի hիմնադիրներից մեկը դարձավ Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA), որի ղեկավարն ընտրվեց ասոցիացիայի նախագահության անդամ: Արդեն մեկնարկել են համաշխարհային փառատոնի նախապատրաստական աշխատանքները. Հայաստանը Սոչիում հանդես կգա առանձին տաղավարով և ներկայացուցչական պատվիրակությամբ՝ դրանում ընդգրկելով նաև 1985թ Մոսկվայում կայացած 12-րդ փառատոնի վետերան-մասնակիցների»:
Զբաղվածության, տեղեկատվության պակասի կամ տեղեկատվությունից օգտվելու հմտությունների բացակայությունից զատ, Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի պատճառով, հայ երիտասարդներն առնչվում են նաև ազատ տեղաշարժվելու, այլ երկրներ այցելելու խնդրին: Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի խոսքով` նմանատիպ նախաձեռնություններն ու ծրագրերը լայն հնարավորություն են տալիս լրացնելու այդ բացը: «Իսկ կազմակերպության 17-ամյակի առթիվ ստեղված նոր պաշտոնական կայքը (www.fyca.net) հնարավորություն է տալիս երիտասարդներին լինել տեղեկացված, ներգրավվել երիտասարդական աշխատանքում, ինչպես նաև ծանոթանալ Հայաստանում ու արտերկրում իրականացվող միջազգային երիտասարդական ծրագրերին»: