top of page
Search

Մոտենում է ԵԱԴ մարզային ակումբների 6-րդ համաժողովը



Երիտասարդական ակումբների 6-րդ համաժողովը տեղի կունենա մայիսի 12-ից 14-ը: Համաժողովը երիտասարդության ներուժի արդյունավետ իրացման գաղափարի շուրջ է համախմբելու Հայաստանի, Արցախի և Ջավախքի երիտասարդներին:

Համաժողովի առաջին օրը` մայիսի 12-ին, երիտասարդները կներկայացնեն իրենց ակումբներն ու կատարված աշխատանքը, ինչպես նաև իրենց համայնքների երիտասարդությանը հուզող խնդիրները, կմշակվի մարզային երիտասարդությանը երիտասարդական-հասարակական աշխանքին ակտիվորեն ներգրավելու հայեցակարգ:

Համաժողովի երկրորդ օրը նվիրված է լինելու սոցիալական ձեռներեցությանը: Այս ընթացքում ոլորտի փորձագետները կներկայացնեն սոցիալական ձեռներեցության միջազգային փորձը և դրա զարգացման օրենսդրական հնարավորությունները Հայաստանում: Օրվա երկրորդ կեսին կկայանա ԵԱԴ-ի «Yes» մրցույթ-նախաձեռնության մասնակիցների ձեռնարկատիրական նախագծերի ներկայացումը, որին ներկա են գտնվելու նաև միջազգային մի շարք կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչներ:

Երրորդ օրը համաժողովի մասնակիցները կհանդիպեն 2017 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանի երիտասարդական կազմակերպություններին, կծանոթանան իրականացված և գալիք ծրագրերին: Օրվա ավարտին կլինի ինքնատիպ բացօթյա ֆլեշմոբ` տասնյակ երիտասարդների մասնակցությամբ:

Համաժողովի աջակիցներն են ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարությունը, «Հայկական PR ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն և «Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայն» (WostAYN) կազմակերպությունը:


bottom of page