top of page
Search

Տեղի ունեցավ հանդիպում «YES» մրցույթ-նախաձեռնության մասնակիցների երկրորդ խմբի հետ



Մայիսի 3-ին կայացավ Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախագահ Ատոմ Մխիթարյանի հանդիպումը Հայաստանում երիտասարդական սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված ԵԱԴ-ի բացառիկ «YES» մրցույթ-նախաձեռնության մասնակիցների երկրորդ խմբի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ԵԱԴ-ի առաջին քարտուղար Նանե Մանասյանն ու կազմակերպության անդամ Դիանա Եղիազարյանը: Հայաստանի տարբեր համայնքներից ինքնատիպ բիզնես գաղափարներով ժամանած մասնակիցները ներկայացրեցին իրենց նախագծերը:

Մասնակից Գրիգոր Բաղդագուլյանը մշակել է առցանց սոցիոլոգիական հարցումների հավելված: Համաձայն նախագծի` հավելվածը ներբեռնող և տարբեր սոցիոլոգիական հարցումների մասնակցող օգտատերերը յուրաքանչյուր հարցման դիմաց կվարձատրվեն: Մեկ այլ մասնակից Արթուր Ոսկանյանն էլ ցանկանում է էքստրեմալ տուրիզմի գոտի ստեղծել Ջերմուկի Հերհեր բնակավայրում` այդպիսով նպաստելով նաև իր համայնքի զարգացմանը: Նախագծի մասնակից Սողոմոնյան Հրաչյան որոշել է օգտագործել խորհրդային տարիներից Հրազդանի Կաքավաձոր համայնքում մնացած արդյունաբերական ենթակառուցվածքները և թռչանբուծարան ստեղծել: Կամո Առաքելյանը, ով երկար տարիներ զբաղվել է սահմանափակ կարողություններով երեխաներին աջակցելու աշխատանքով, ցանակնում է տպարան կամ որևէ այլ փոքրիկ ձեռնարկատիրություն ստեղծել երեխաների ծնողների համար, որտեղից գոյացած եկամուտը կուղղվի կենտրոնի աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում նախաձեռնության մասնակիցները ներկայացրել են սեփական ձեռներեցական նախագծերն իրագործելու իրենց տեսլականը, խոսել են ծրագրից ունեցած իրենց ակնկալիքներից: Ատոմ Մխիթարյանը, ներկայացնելով սոցիալական ձեռներեցության միջազգային փորձը, նախագծերն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, մի շարք ցուցումներ և օգտակար խորհուրդներ է տվել նրանց:

«YES» մրցույթ-նախաձեռնության հաղթողները հնարավորություն կունենան իրենց ձեռներեցական նախագծերը ներկայացնելու մայիսի 13-ին` ԵԱԴ-ի մարզային ակումբների համաժողովի երկրորդ օրը: Նախագծերի ներկայացմանը ներկա են գտնվելու տեղական և միջազգային դոնոր կազմակերպություններ, հիմնադրամներ և պետական մի շարք կառույցների ներկայացուցիչներ:


Հիշեցնենք, որ Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպություն Երիտասարդական ակումբների դաշնությունը, 2017 թվականը հռչակելով երիտասարդական ձեռնարկատիրության զարգացման տարի, նախաձեռնել է «YES» ծրագիրը` ինքնատիպ, իրատեսական և ամենատարբեր ոլորտներին առնչվող ձեռնարկատիրական գաղափարներ ունեցող երիտասարդներին աջակցելու նպատակով: Ծրագրի հիմնական նպատակն է նաև խթանել նորարարությունը և ներգրավել երիտասարդներին երկրի սոցիալ-տնտեսական ոլորտների զարգացման գործընթացին:


bottom of page