top of page
Search

Ամառային ճամբարն ավարտվեց. երիտասարդները Երևանի սրտում տարածեցին համերաշխության ուղերձները



Օգոստոսի 29-ին ավարտվեց Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպություն «Երիտասարդական ակումբների դաշնության» (FYCA) և «MIJARC EUROPE» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ Երևանում իրականացվող «Երիտասարդական ճանապարհ դեպի հանդուրժողականություն» խորագիրը կրող ամառային ճամբարը: Խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարին նվիրված ծրագրի ընթացքում եվրոպական ութ երկրներից ժամանած (Մալթա, Հայաստան, Ռումինիա, Բելգիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Թուրքիա) ավելի քան 40 երիտասարդներ հնարավորություն ունեցան խորքային գիտելիքներ ձեռքբերելու միգրացիայի, ազգային և կրոնական ծայրահեղականության առաջացման, ատելության խոսքի տարածման քաղաքական-հասարակական պատճառների և դրանց հետևանքների մասին:

Այս ընթացքում երիտասարդներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր, եղան Սևանա լճում և հասցրեցին ծանոթանալ Երևանի տեսարժան վայրերին: «Հալէպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում եվրոպացի երիտասարդները ծանոթացան կազմակերպության` սիրիացի փախստականների հետ աշխատելու և նրանց աջակցություն ցույց տալու փորձին:

Ամառային ճամբարի վերջին օրը մասնակիցները ֆլեշմոբ իրականացրեցին, որի ընթացքում դերախաղերի և պարերի միջոցով կարողացան գրավել անցորդների ուշադրությունը և նրանց հասցնել հանդուժողականության և համերաշխության ուղերձները: