
Երևանում ավարտվեց «Երիտասարդական ոչ ֆորմալ աշխատանք և ֆորմալ երիտասարդական հետազոտություններ» միջազգային քառօրյա գիտաժողովը, որին մասնակցում էին Պորտուգալիայից, Բելգիայից, Չեխիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Բելառուսից, Թուրքիայից, Ուկրաինայից, Վրաստանից ժամանած հետազոտական կենտրոնների, համալսարանների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Գիտաժողովը կազմակերպվել էր Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) կողմից Եվրամիության Erasmus+ ծրագրի աջակցությամբ և International Youth Studies /InYouS/ խորագիրը կրող երկարաժամկետ ծրագրի շրջանակում: Երիտասարդական աշխատանքի կազմակերպման ու «երիտասարդական աշխատող» մասնագետների պատրաստման վերաբերյալ գիտաժողովի մասնակիցներն իրենց երկրներում իրականացրել էին հետազոտություններ, որոնք ներկայացվեցին ծրագրի ֆորմալ հատվածում: