Սիրելի երիտասարդներ, ընկերներ,
Մեր պատկերացրած Հայրենիքը շատ մոտ է. նոր սերնդի՝ երիտասարդության հեղափոխությունն իրականություն է: Նոր արժեքային համակարգը, որ տիրապետող էր միայն երիտասարդ սերնդի մակարդակում, արդեն համատարած է՝ համերաշխություն և հանդուրժողականություն, մեծ հավատ ապագայի նկատմամբ, փոփոխությունների ձգտում, հայրենասիրություն և օրինապահություն:
Որպես Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպություն ողջունում ենք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում երիտասարդներիս հասցեին տրված գնահատականը, որով ընդգծվում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած համազգային շարժման մեջ մեր ներգրավվածությունը և վճռորոշ դերը: «Երիտասարդություն, որն իր ստեղծարար եռանդով, նպատակասլացությամբ և հանդուրժողականությամբ այս բախտորոշ օրերին ամենուր սփռում էր լույս, համերաշխություն, սեր և հավատ»:
Հպարտ լինելով մեր Հաղթանակով, միաժամանակ, վստահ ենք, որ նոր Հայաստանում մենք լիարժեք ինքնադրսևորման հնարավորություն ունենալուց բացի կունենանք նաև բոլոր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներում ակտիվ ներգրավման գործուն հնարավորություն: Պատրաստ ենք ստանձնելու արդար Հայաստանի կերտման պատասխանատվությունը:
Եվ ուրեմն՝ կեցցե՛ Երիտասարդական հեղափոխությունը, կեցցե՛ նոր սերունդը, կեցցե՛ Հայաստանի 4-րդ Հանրապետությունը:
Երիտասարդական ակումբների դաշնություն
Մայիս 04, Երևան