Երիտասարդական փոխանակման ծրագրի շրջանակում մի խումբ երիտասարդներ ստանում են երիտասարդական աշխատանքի վերաբերյալ տեղեկատվական արշավներ կազմակերպելու գիտելիքներ ու հմտություններ։
Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնությամբ դեռևս ապրիլին մեկնարկած «Միջազգային երիտասարդական հետազոտություններ» (InYouS) կարողությունների զարգացման երկարաժամկետ ծրագրի շրջանակում Ուկրաինայի Խարկով քաղաքում համախմբվել են Եվրոպայի տարբեր երկրների երիտասարդական կազմակերպությունների ակտիվ ներկայացուցիչներ՝ միմյանց փոխանցելու երիտասարդական աշխատանքի ոլորտում իրենց ունեցած փորձը։

Ծրագրի՝ հոկտեմբերի 26-ից մեկնարկած 4-րդ փուլին մասնակցում են երիտասարդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Պորտուգալիայից, Չեխիայից, Բելգիայից։ Այն հնարավորություն է տալիս զարգացնել երիտասարդների հմտությունները երիտասարդական աշխատանքը գրավիչ դարձնող տեղեկատվական արշավներ պատրաստելիս:
Երիտասարդական փոխանակման ծրագրի շրջանակում մասնակից երիտասարդները ճանաչողական հանդիպում են ունեցել Խարկով քաղաքի երիտասարդական խորհրդի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվել են Ուկրաինայում երիտասարդական աշխատանքի ոլորտում իրականացվող փոփոխություններն ու հաջողությունները:
