top of page
Search

Երիտասարդական աշխատանքի քաղաքականության մշակման նոր ազդակ կտրվի Հայաստանում


Մարտի 11-ից 15-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երիտասարդական կենտրոնում կայացավ «Youth Work Policy in Europe: It's Up to Us!» ուսումնական ծրագիրը, որի նպատակը երիտասարդական աշխատանքի քաղաքականության և Եվրոպայի Խորհրդի կողմից մշակված «Երիտասարդական աշխատանքի մասին» Հանձնարարականի (Youth Work Recommendation (CM/Rec(2017)4) մասին հանրային իրազեկվածության բարձրացումն էր և դրա օգտագործման խթանումը երիտասարդական քաղաքականության առաջխաղացման գործում։


Ուսումնական ծրագիրը կազմակերպվել էր Եվրոպական երիտասարական ակումբների համադաշնության (European Confederation of Youth Club - ECYC) և Եվրախորհրդի երիտասարդական բաժնի կողմից, որի ընթացքում իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) անդամներ Գայանե Բարսեղյանը, Գարիկ Խաչատրյանը, Հրայր Պողոսյանը և Մարգուշ Հակոբյանը: Ծրագրի կազմակերպչական և դասընթացավարների թիմում էր ԵԱԴ-ի միջազգային քարտուղար, ECYC-ի փոխնախագահ Դիանա Եղիազարյանը:


Ծրագրի ընթացքում մասնակիցները գիտելիքներ ձեռք բերեցին երիտասարդական աշխատանքի կարևորության վերաբերյալ, տեղեկացան Երիտասարդական աշխատանքի հանձնարարականի պատմության, կառուցվածքի, բովանդակության և նպատակաների մասին, ներկայացրին իրենց փորձը երիտասարդական ռազմավարության մասին միջազգային հարթակում: Ծրագրի երկրորդ օրը մասնակցիներին հյուր եկավ Եվրոպայի Խորհրդի Երիտասարդական բաժնի նախագահ Անթյե Ռոդեմունդը, որն իր անմիջական մասնակցությունն էր ունեցել Հանձնարարականի ստեղծման գործում:



Ամբողջ ուսումնական ծրագրի ընթացքում 37 մասնակիցներ ակտիվորեն ներկայացնում էին իրենց երկրներում երիտասարդական քաղաքականության իրավիճակի, ծրագրերի ու երիտասարդության կարիքների մասին։ Ծրագրի վերջին օրերին մասնակիցները կազմեցին իրենց գործողությունների պլանը, որը պատրաստակամ են իրականացնել հայրենիքում: