«Միջազգային երիտասարդական ուսումնասիրություններ» ծրագրի վերջին ամփոփիչ կանգառը Բրյուսելում էր
Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնությունն (FYCA) իր եվրոպական մի շարք գործընկերների հետ իրականացնում է «Միջազգային երիտասարդական ուսումնասիրություններ» (InYouS) երկարաժամկետ կարողությունների զարգացման ծրագիրը:

Բրյուսելյան հանդիպման նպատակը ծրագրի ամփոփումն ու երիտասարդական աշխատողի համար հեռավար ուսուցման դասընթացի բովանդակության և մոդուլների մշակումն էր, որը պատրաստ կլինի 2019-ի հունիսին։ Միաժամանակ՝ ամփոփվեցին նախորդ 4 միջազգային ծրագրերը, որոնք իրականացվել էին Հայաստանում, Վրաստանում, Չեխիայում և Ուկրաինայում:
Դասընթացում ներառվելու են մոդուլներ կազմակերպության և ծրագրերի համակարգման, երիտասարդական աշխատողի ունակությունների, երիտասարդական աշխատանքի մեթոդաբանության, կրթության, քաղաքականության, հաղորդակցության և հանրային կապերի, ճանաչման, գնահատման, երիտասարդության մասնակցության, եվրոպական երիտասարդական աշխատանքների և կառույցների, ինչպես նաև վիզուալ հաղորդակցության վերաբերյալ։
Ծրագրային օրերից մեկը նվիրված էր այցելություններին, որի ընթացքում մասնակիցները և ծրագրի կազմակերպչական թիմը այցելեցին ԵՄ Եվրահանձնաժողովի Երիտասարդության և մշակույթի գլխավոր տնօրինություն (DG EAC)՝ հանդիպում-քննարկում ունենալով Էրազմուս+ երիտասարդական քաղաքականության և աջակցության մասնագետ Միխայիլ Մոսչովակոսիի, Կրթության, տեսաձայնային և մշակութային գործադիր գործակալության Էրազմուս սպորտի, երիտասարդության միավորի փոխնախագահ Լենե Մեյերի և կարողությունների զարգացման աշխատակից Քրիստելե Ֆիլիպսի հետ։ Ծրագրի փուլերն ու արդյունքները ներկայացնելուց հետո, մասնակիցները և կազմակերպիչները հարցեր ուղղեցին ԵՄ ներկայացուցիչներին։ Հարցերը հիմնականում վերաբերում էին Եվրամիության երիտասարդական ռազմավարության, ԵՄ-ի Երիտասարդական աշխատանքի օրակարգին: Մասնակիցները հետաքրքրվեցին, թե ինչպես կարող են ներգրավվել Եվրամիության որոշումների կայացման գործընթացին և երիտասարդական աշխատողները ինչպես իրենց ձայնը լսելի դարձնեն: