top of page
Search

Երիտասարդական ակումբը՝ օնլայն հասցեում


COVID-19 համավարակով պայմանավորված՝ երիտասարդական աշխատանքը նույնպես տեղափոխվեց առցանց տիրույթ։ Ապրիլի վերջից ԵԱԴ-ը նախաձեռնեց որակյալ կրթական և ժամանցային հարթակ՝ օնլայն երիտասարդական ակումբ։

Յուրաքանչյուր շաբաթ ակումբը երիտասարդներին առաջարկում էր տարբեր թեմաների քննարկումներ։ Երիտասարդները հատկապես կարանտինի օրերին առցանց դասերից բացի այլ զբաղմունք գրեթե չունեին։ Մեր ակումբը առաջարկում էր տարբեր արդիական թեմաներ, ինչպիսիք էին՝ երիտասարդների իրավունքներ, մասնակցություն, կրթական, սոցիալական խնդիրներ, հետաքրքիր ֆիլմեր ու գրքեր, նոր հմտություններ, կեղծ լուրեր։ Ամեն անգամ ընտրվում էր ասելիքը ներկայացնելու ինքնատիպ ու չկրկնվող ձևաչափ՝ օգտագործելով թվային հեռահաղորդակցության թարմ և երիտասարդների համար գրավիչ գործիքներ և հարթակներ։


Ակումբի հանդիպումների թեմաները երիտասարդներն էին ընտրում՝ քվեարկության միջոցով։

Այս ընթացքում բազում կարևոր հարցերի անդրադարձանք՝

📌 Բուլիինգը երիտասարդների շրջանում

📌 Ինչպե՞ս կառավարել ժամանակը և մնալ մոտիվացված

📌 Երիտասարդների մասնագիտական կողմնորոշումը մեր օրերում

📌 Միջմշակութային բազմազանություն՝ իրական պատմությունների ուսումնասիրմամբ

📌 Ֆիլմերի քննարկում և քուիզ

📌 Փաստերի ստուգումը երիտասարդների համար

📌 Կոնֆլիկտների կառավարում


Ակումբի հանդիպումները անցնում էին ոչ ֆորմալ կրթական մեթոդներով, թիմային առաջադրանքներով և ներկայացումներով։ Ահա թե ինչ են ասում ակումբավարները՝

Մերի Վանեսյան. «Օնլայն երիտասարդական ակումբը ինձ հնարավորություն տվեց ոչ միայն փորձելու իմ կարողությունները, այլև՝ քննարկելու մի շարք կարևոր և արդի թեմաներ, որոնց մասին պետք է տեղեկացված լինի յուրաքանչյուր երիտասարդ: Անկախ աշխարհում ստեղծված բարդ իրավիճակից, վերջին 4 ամիսները լի էին ավելին սովորելու և արտահայտվելու հնարավորություններով»։

Մաշա Գրիգորյան. «Լինելով համակարգողներից մեկը օնլայն երիտասարդական ակումբի շրջանակներում բազմաթիվ նոր մտքեր փոխանակեցի, քննարկվեցին բազմազան թեմաներ, որոնց ինքս բավականին ծանոթ չէի մինչև ակումբի աշխատանքներին ներգրավվելը։ Սա լավագույն փորձ էր խոսքի զարգացման, տարբեր թեմաներ ներկայացնելու առումով։ Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին իրենց աջակցության և ակտիվության համար»։

Մերի Ենգիբարյան. «Իրականում շատ շատ բան եմ սովորել այս ընթացքում։ Նախ և առաջ ավելի ինքնավստահություն եմ ձեռք բերել, որը կարծում եմ ամենակարևորներից մեկն է, սովորել եմ ճիշտ գնահատել իրավիճակը։ Մենք բոլոր համակարգողներով փորձել ենք ամեն անգամ մի նոր ու ավելի հետաքրքիր, տարբերվող բան անել, քննարկել ենք բազմաթիվ օգտակար և արդիական թեմաներ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են մեր ակումբին, ակտիվություն են ցուցաբերել։ Հուսով եմ՝ մեր ակումբը շատ դրական ազդեցություն է ունեցել մասնակիցների ինքնազարգացման համար»։


Ակումբի աշխատանքով տպավորված էին մասնակիցները։ Արուս Պապյանը նշում է. «Շատ ուրախ եմ, որ մի մասն եմ կազմում այս օնլայն երիտասարդական ընտանիքի։ Ակումբի քննարկումները անչափ հետաքրքիր էին և արդյունավետ։ Քննարկումների արդյունքում սովորեցի կիրառել մի շարք օգտակար գործիքներ, ձեռք բերեցի նոր հմտություններ և ծանոթացա հրաշալի մարդկանց հետ։ Փոխանակվեցինք կարծիքներով, սովորեցինք ու սովորեցրինք։ Շնորհակալ եմ FYCA-ին և ակումբի կազմակերպիչներին նման նախաձեռնության և մեզ հնարավորություն ընձեռելու համար 😊»։


Իսկ Մայիս Քարամյանը ասում է. «Անչափ ուրախ եմ, որ առաջին իսկ հանդիպումից սկսած մասնակցել եմ։ Թեև աշխատում էի, սակայն միշտ կարողանում էի ժամանակ գտնել միանալու համար։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին մի քանի ամսվա ընթացքում լիքը գիտելիք փախանցելու ու նոր ծանոթությունների համար ♥️️»։

Ակումբի վերջին հանդիպման թեման էր «Թվային կրթապիտակներ՝ ինչպես խրախուսել կամավորական աշխատանքը», որտեղ բոլոր մասնակիցները ներկայացրին իրենց կամավորության ամենահիշարժան պահերը, քննարկվեց ինչպես խրախուսել երիտասարդների կամավորության ճանաչման հարցը, որից հետո ներկայացվեց ԵԱԴ կողմից ստեղծված թվային կրթապիտակների L-EARN համակարգը։


Նոր համակարգ-գործիքը զարգացնելու և երիտասարդների կամավորությունը խրախուսելու համար ստեղծվեցին թիմեր, որպեսզի երիտասարդները շարունակեն նաև առցանց կամավորությունը երիտասարդական կազմակերպությունում։


ℹ️ ԵԱԴ կրթապիտակների կիրառման մասին տես այստեղ։

ℹ️ Առավել մասնրամասն՝ https://www.europeanprojects.am/l-earn

ℹ️ Կրթապիտակների հարթակը՝ https://www.badgecraft.eu/en/join/b8f...


bottom of page