ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ
ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ
ՍՈՒՐԲ ԽԱՉ
Սեպտեմբերի 14-ին նախորդող կամ հաջորդող կիրակի օրը մեր ժողովուրդը, ինչպես անցյալում, այնպես էլ այժմ, նշում է քրիստոնեական տոնացույցում Խաչվերաց, ժողովրդի մեջ տարածված Սըրբխեչ (Սըբխեչ) կամ Ուլոց (Ուլնոց), Խրով, Խաչեյն, Զադագ և այլ անուններով հայտնի տոնը: Պաշտոնապես տոնը նվիրված է Քրիստոսի խաչելության խաչի գերեդարձին: Խաչափայտը կույս Հեղինեն գտել և մեծագույն հանդեսներով տեղադրել էր Երուսաղեմի Ս. Հարություն եկեղեցում: 610թ. պարսիկները գրավում են Երուսաղեմը և, ի թիվս այլոց, գերի տանում նաև Խաչը: Հերակլ կայսրը 627 թ. պարսիկներին հաղթելով՝ վերադարձնում է Տիրոջ խաչը և կրկին հանձնում Սբ Հարության տաճարին: Այդ առթիվ քրիստոնյա եկեղեցիները սեպտեմբերի 14-ին նշում են Խաչվերացի տոնը:
Խաչվերացի տոնը կատարվում է մեծ հանդեսով: Երեկոյան մի ափսեի վրա բազմեցնում են Կենաց փայտի մասունք պարունակող խաչը, այն զարդարում ռեհանով ու բազմերանգ ծաղիկներով և վրան վարդաջուր ցողում: Ապա խաչը թափորով բերում են եկեղեցու գավիթ և դրանով տյառնագրում աշխարհի չորս կողմերը:
Ավանդույթներ
Պաշ-քալեի Սուրբ Բարդուղիմեոսի վանքում մի ճերմակ գոմեշ էին պահում, որ միշտ անկաշկանդ շրջում էր գյուղից գյուղ, կարող էր մտնել ամենուր՝ ցանքերը, հանդերը, ուտել՝ որտեղ կուզեր, պառկել՝ որտեղ կուզեր: Ոչ ոք իրավունք չուներ այղ գոմեշին ձեռք տալու կամ քշելու: Եթե այդ գոմեշը սատկում էր, հաջորդը կլիներ այն գոմեշը, որին Երազում կտեսներ ծերունի վանականներից մեկն ու մեկը, ապա նվիրական գոմեշը վանք էր բերվում հանդեսներով, երգ ու նվագով, նրա պատվին մատաղներ էին արվում: Միայն թե մատաղացուն գոմեշ չէր կարող լինել: Ահա այս ճերմակ գոմեշին Խաչվերացի օրը վանք էին վերադարձնում, վրան շուրջառ էին գցում, կոտոշները վառվող մեղրամոմերով զարդարում և դուրս բերում պտույտի՝ թմբուկներ զարկելով, սրինգ նվազելով, շարականներ երգելով:
Վահան վարդապետը պատմում է, որ Խաչի օրերին Մուշում Սուրբ Եղիայի անունով ուխտագնացություններ էին լինում բարձրաբերձ վայրերը: Մասնավորապես գնում էին Մշո Հյուղի գյուղի մոտ գտնվող վանքը, որի մոտի մատուռը յոթ տարին մեկ անգամ կանաչում է Խաչվերացի օրը:
Որոշ տեղեր մարդիկ իրենք էին խաչ սարքում և այն զարդարում գույնզգույն ծաղիկներով, բայց հատկապես ռեհանով: Ռեհանն է համարվում խաչի ծաղիկը:
Ընդհանուր առմամբ Խաչվերացը կամ Սըրբխեչը աշնան սկզբի և տնտեսական տարվա մի փուլից մյուսին անցնելու խորհրդանշական, ուրախ տոն էր, որն ավարտվում էր մեռելոցով, երբ տոնական աշնանային բարիքներից «մաս» էր հանվում հանգուցյալներին:
Շաբաթ օրը կանայք խմորեղեն էին թխում, տղամարդիկ` ուլ մորթում: Ուլի միսը այդ օրվա առանձնահատուկ, անցյալում անհրաժեշտ ուտելիքն էր։ Մշակված, մաքրված ուլը կախում էին թոնրի մեջ տակը դնում ձավարեղենով լի կաթսան: Ողջ գիշեր ուլը դանդաղ խորովվում էր մարմանդ կրակի վրա, փակ թոնիրում, իսկ հալվող ճարպն աստիճանաբար ներծծվում էր տակը դրված ձավարի մեջ, առաջացնելով, ինչպես Շիրակում էին ասում, «քշկակ»: Այս սովորությունը Վայոց ձորում կոչվում էր «խրով անել»: Ուլի մի ազդրը հետագայում տրվում էր քահանային, այն կոչվում էր «մեռելափայ»:
Շիրակում առհասարակ ողջ ուլը կտորների էին բաժանում, «քաշկակի» հետ միասին լավաշի մեջ փաթաթում և տանում գերեզմանաքարերի վրա դնում:
Այդ օրը գերեզմանատուն տարվող մրգերը «նան ու տրի» էին կոչվում:
Սբխեչը սգի, ողբի օր չէր, այլ ուրախության, թեթևության: Քահանայի կողմից գերեզմաններն օրհնելուց հետո սկսվում էին խնջույքները, որոնք, որքան էլ մեզ համար զարմանալի է, անցնում էին թեթև, անկաշկանդ մթնոլորտում: Փոքր ինչ զուսպ էին միայն այդ տարի հանգուցյալ ունեցողները, որոնց մոտ հավաքված հարազատները, մտերիմները իրենց վշտակցությունն արտահայտում էին թեթև մռայլությամբ, բայց այստեղ նույնպես ողբի, սգի դրսևորումներ չպետք է լինեին: Մյուս խմբերում անպակաս էին կատակները, ծիծաղը, հյուրասիրությունը: