ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ
ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ
ԿԱՆԱՉ ԿԻՐԱԿԻ ԿԱՄ ԿՐԿՆԱԶԱՏԻԿ
Զատիկին հաջորդող երկու կիրակիները նույնպես զատկական տոնական հանդիսությունների շարունակությունն էին: Առաջին կիրակին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչում է Աշխարհամատրան կիրակի՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Աշխարհամատրան կիրակին կոչվում է նաև Կանաչ կիրակի՝ կապված բնության գարնանային զարթոնքի հետ:
Երևանին հարող Առինջ գյուղի Գետարգել կոչվող վանքում մինչև հիմա Կանաչ կիրակի կոչվող տոնին հավաքվում է ուխտավորների հոծ բազմություն, մատաղներ են արվում, լարախաղացներ են գալիս, նվագածուներ, տոնավաճառներ են կազմակերպվում, մինչև ուշ երեկո զվարճանում են: Անցյալում Կանաչ կիրակին ամենաուրախ և սիրված տոներից էր: Կանաչ կիրակիի ձվերը ներկում էին կանաչ գույնով:
Այս տոնը նշվում էր բացառապես ուխտավայրերում, բացօթյա: Սիրված ուխտավայրերը բազմաթիվ էին՝ Ս. Սարգսի, Ս. Գևորգի, Ս. Կարապետի, Ս. Հակոբի. Կարմիր վանքի և այլն: Ուխտատեղիների հեռու լինելու դեպքում ուխտավորները ճանապարհ էին ընկնում շաբաթ օրը՝ Կանաչ Կիրակի օրը լիարժեք տոնական տրամադրությամբ անցկացնելու համար: Այդ օրը ուխտավայրեր էին գալիս շրջիկ թափառախմբեր, մանրավաճառներ և տոնի անբաժան ուղեկիցն էին դառնում հանպատրաստի տոնավաճառները: Չորս կողմից լսվում էր մորթվող գառների մայունը, տարածվում խորովվող ձկան հոտը, հնչում էր զուռնան, և պարող առաջին խմբերը հրապարակ էին իջնում: Մեկ ուրիշ տեղ ձուն նշանակետ ունենալու հրաձգության մրցույթ էր, իսկ հարթ դաշտերում ձիարշավները հաջորդում էին միմյանց:
1999 թվականին երջանկահիշատակ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այս օրը հռչակվել էր Նորավանքի ուխտի օր: Այդ տարի Կանաչ կիրակին Նորավանքում տոնախմբվեց առանձնահատուկ շուքով: Նորավանքի վանահայրության և ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համատեղ ջանքերով այդ օրը նշվեց նաև վանահամալիրի հիմնադրման 900-ամյակը: Նորավանքում ապրիլի 10-ին հավաքվել էին շուրջ 5 հազար ուխտավորներ Հայաստանի տարբեր մարզերից, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից, Արցախից, Ջավաքից և Սփյուռքից: