
Օգոստոսի 15-ին Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ, Երևանում մեկնարկեց «Կոնֆլիկտների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» միջազգային երիտասարդական ծրագիրը։ Ծրագրին մասնակցում է ավելի քան 40 երիտասարդ 10 երկրներից (Հայաստան, Հունաստան, Թուրքիա, Վրաստան, Իսպանիա, Ավստրիա, Ուկրաինա, Ռուսաստան, Սլովակիա, Ռումինիա, Բելառուս)։
Միջազգային ծրագրի նպատակն է միավորել նախկին կամ ներկա կոնֆլիկտային գոտիներում ապրող երիտասարդների, որոնք մտահոգված են աշխարհում մարդասիրական աղետների վերացմամբ, շրջակա միջավայրի պահպանությամբ, և սևեռել նրանց ուշադրությունը իրենց համայնքներում միջազգային կոնֆլիկտների մասին իրազեկվածության բարձրացման գործի վրա։ Ծրագիր-դասընթացը եվրոպական տարբեր երկրներից ժամանած երիտասարդների համար նաև լավ հարթակ է՝ իրենց երկրում կոնֆլիկտի առաջացման և դրա հաղաթահարման պատմությունը ներկայացնելու համար:

ԵԱԴ-ի նախագահ Ատոմ Մխիթարյանի խոսքերով՝ տարբեր երկրներից ժամանած երիտասարդների համար շատ կարևոր է հասկանալ, որ միայն համատեղ ջանքերով է կարելի կանգնեցնել պատերազմները և նպաստել խաղաղաշինության գործընթացին։ «Պատերազմների թողած հետևանքները շրջակա միջավայրի վրա կարելի է չեզոքացնել միմիայն միացյալ ուժերով՝ վերանալով երկրների քաղաքական սահամաններից, և այդ սահամանների երկու կողմերը կապող համագործակցության կամուրջներ ստեղծելով»,-ասում է Ատոմ Մխիթարյանը: