ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ

ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

ԶԱՏԻԿ

Հայոց բոլոր ազգագավառներում Զատիկ, Կարմիր Զատիկ անունով հայտնի տոնը համապատասխանում է եկեղեցական Սուրբ Հարություն տոնին: Այն շարժական տոն է, այսինքն նշվելու հաստատուն օր չունի: Ամեն տարի այն նշվում է գարնանային գիշերահավասարին՝ լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը, այսինքն՝ միշտ մարտի 22-ից հետո, 35 օրերի ընթացքում:

Մեծ պասի վերջին շաբաթվա բոլոր սպասումները, տոնական հուզումները հագուրդ պիտի ստանային այսօր, և դրանք լիովին փոխհատուցվում էին: Զատիկ օրը, ասում էին, բախտ են բաժանում, ով այդ օրը քներ, բախտից կզրկվեր:

Զատկի տոնի բոլոր նախապատրաստությունները տեսնվում էին, բայց դեռ չէին ավարտվում, գլխավորը՝ զատկական մատաղը, դեռ մնում էր: Այդ մատաղը սովորաբար հասարակական էր, այսինքն՝ համայնքի, գյուղի բոլոր ընտանիքները մասն ունեին այդ մատաղի մեջ: Հավաքված դրամով նախապես գնված մեկ կամ մի քանի եզները, կամ մի քանի ոչխարները շաբաթ երեկո զոհաբերվում էին եկեղեցու բակում և գիշերը եփվում խոշոր կաթսաներում: Զատկական մատաղը, որ համարյա ամենուր «ախառ» էր կոչվում, հսկում էին համայնքի կողմից ընտրված արդար մարդիկ, իսկ եփվող կաթսաների շուրջ հավաքված երիտասարդները մինչև լույս խաղում էին զատկական ամենասիրված խաղը՝ ձվախաղը: Ձվախաղերը տարբեր էին, սակայն ամենահայտնի ձևերը հանգում էին հետևյալին.

  • Խաղում են երկուսով: Որոշում են, թե ով է առաջինը խփելու, և որոշյալը խփում է խաղընկերոջ բռան մեջ գտնվող ձվի երևացող սուր գագաթին: Եթե առաջին հարվածից ջարդվում է խփվող ձուն, խաղընկերն իրավունք ունի դեմ տալու նաև ձվի բութ գագաթը: Եթե ջարդվում է նաև երկրորդ գագաթը, ապա ջարդված ձուն տրվում է խփողին:

  • Կարող են պայմանավորվել նաև այնպես, որ եթե խփողը ձուն ջարդում է, ապա նա ջարդված ձվի տիրոջից ստանում է մի ամբողջական, չխփված ձու:

  • Եթե ջարդվում է խփողի ձուն, ապա նա պարտված կողմն է և անմիջապես խաղընկերոջն է հանձնում իր ջարդված ձուն կամ, ըստ պայմանավորվածության, մեկ ամբողջական, չջարդված ձու:

  • Մի քանի մարդկանցից բաղկացած խումբը միմյանց ետևից գլորում են իրենց ձվերը թեքության վրա և ջանում, որ այն դիպչի իրենից առաջ գլորածներից որևէ մեկի ձվին: Այդ դեպքում նա տիրանում էր մինչ այդ գլորված բոլոր ձվերին: Այս խաղը կարող են խաղալ նաև ջարդված ձվերով:

  • Երեք-չորս-հինգ մարդ միաժամանակ, նույն գծից թեքության վրա գլորում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի արագ և երկար է գնում՝ նա շահում է բոլոր գլորած ձվերը: Այս խաղը կարող են խաղալ նաև ջարդված ձվերով:

  • Երկու-երեք հոգի միաժամանակ, դատավորի հրահանգով, պտտեցնում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի երկար պտտվի, նա շահում է բոլոր պտտվող ձվերը: Սկզբունքորեն այս խաղը կարող են խաղալ նաև ջարդված ձվերով, բայց եթե խաղացողներից մեկի ձուն ամբողջական է, նրա շահելու շանսերը մեծ են:

Մինչ մատաղներն եփվում էին, նաև գիշերային պարահանդեսներ ու խաղեր էին լինում, որոնց մասնակիցները բոլորն էին՝ աղջիկներն ու տղաները, կանայք ու տղամարդիկ:

Այդ նույն գիշեր ում տանը երեխա ծնվեր, մեծ բախտավրություն էր համարվում: Զատկի գիշերը ծնված երեխան գուշակելու շնորհքով օժտված էր համարվում: Նրա հայրը գառ կամ սև ուլ էր մատաղ անում և թիակները պահում, որպեսզի նորածինը մեծանալուց հետո այդ գառան թիակներին նայելով գուշակություններ աներ, գտներ կորած, գողացված իրերը և այլն:

Այդ գիշեր ծնված երեխայի ծննդյան լուրն անմիջապես տարածվում էր և հաջորդ օրը՝ Զատկի կիրակին, նրա ծնողները շնորհավորանքներ էին ստանում, իսկ ազգականները այցելում էին նրանց տուն՝ հատուկ մատաղը վայելելու:

Գիշերային ուրախություններից, եռուզեռից, խաղերից հոգնած մարդիկ առավոտյան կողմ փորձում էին մի երկու ժամ քնել, բուն տոնահանդեսը դեռ առջևում էր, հարկավոր էր ուժ ունենալ: Սակայն ոմանք հենց արևածագից առաջ ակնդետ երկնքին էին նայում, արեւելյան կողմը՝ տեսնելու հարությունն ավետող ղոչի դուրս գալը:

Վաղ առավոտյան, եկեղեցու զանգերը հնչելուն պես, ողջ հասարակությունը, տոնականորեն հագնված, շտապում էր եկեղեցի: ժամերգությունից հետո, շատերը նախապես պայմանավորված լինելով, «ողջումաղբեր» կամ «ողջումաքույր» էին դառնում, այսինքն՝ քահանայի օրհնությունն ստանալով, եղբայրանում ու քույրանում էին միմյանց հետ: Զատկական քույր-եղբայրությունը սրբորեն պահվում էր և խորապես հարգվում հասարակության կողմից: Նրանց միջև ամուսնությունն այնուհետ արգելվում էր:

Այդ օրը տղամարդիկ եզները տանում էին դաշտ՝ նախապես նրանց կոտոշները կարմիր ներկելով: Նրանք պիտի պտտվեին «ձյունի հետ ունեցած կենակցությունից ծոցվոր դարձած հողի վրա»: Պայծառ եղանակին պարտադիր այցելություններից հետո, նախապես կազմված ազգականների խմբերով, մարդիկ նույնպես դուրս էին գալիս դաշտում խնջույքները շարունակելու: Անչափահասներն ու պատանիներն էլ, երբ ձանձրանում էին ձու կռվեցնելուց ու գլորելուց, դարձյալ երգելով շրջում էին տնետուն և կարմիր ձվի նոր պաշարներ հավաքում առաջիկա խաղերի համար:

Զատիկ էր, և ուրեմն նաև՝ տնօրհնեքի օր: Տնից տուն էին շրջում քահանաները, օրհնում իրենց մեկնված մատուցարանները, որոնց վրա շարված էին թթխմոր, աղ, խունկ, հացահատիկ, ջուր, կաթնեղեն և տան կարևորագույն այլ բարիքներ:

Զատկի օրհնած կարմիր ձուն տանը պահում էին մինչև հաջորդ Զատիկ:

Հաջորդ օրը, երկուշաբթի, Զատկի մեռելոցն էր, տարեկան հինգ կարևորագույն մեռելոցներից մեկը: Բոլորը, նորատի հարսներից զատ, գերեզմանատներում էին՝ իրենց հետ ունենալով զատկական կերակուրներ: Շատերն այդ օրը անհատական զոհաբերություններ՝ գառներ էին մատաղ անում, որոնց միսը, կարմիր ներկած ձվերի հետ, գերեզմանատուն տարվող առավել անհրաժեշտ կերակրատեսակներից էր:

Պետք է ասել, որ անցյալում մեռելոցը, մասնավորապես Զատկի և Սուրբ Խաչի, ոչ թե ողբի, այլ ուրախության օր էր: Շատ վայրերում այդ օրերին հենց գերեզմանատներում հացկերույթի սեղաններ էին բացվում, որոնք վերածվում էին տոնական խնջույքների: Խաղերը և նույնիսկ պարերը ոչ միայն արգելված չէին, այլև մեռելոցի անհրաժեշտ ծիսակարգի մեջ էին մտնում, կարծեք իրենց ուրախությանը հաղորդակից դարձնելով սիրելի հանգուցյալներին:

Մի հետաքրքիր սովորություն կար Զատկի երկուշաբթի օրը. քարափում, մողեսների բների առաջ շաքարի կտորներ էին դնում՝ որևէ բան խնդրելով: Եթե մողեսը շաքարի կտորը դեպի բունն էր քաշում, խնդրանքը կկատարվեր, եթե ոչ՝ չէր կատարվի:

  • Black Facebook Icon
  • Black YouTube Icon
  • Black RSS Icon

© Federation of Youth Clubs of Armenia - 2016

Designed & Made by Armenian PR Association
www.ArmPR.org