ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ

ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

ԾԱՂԿԱԶԱՐԴ

Ծաղկազարդը հայկական տոնացույցի ամենաուրախ տոներից է, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Երբ Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոսն իր կամքով եկավ Երուսաղեմ, ժողովուրդը նրան ընդունեց խանդավառությամբ՝ ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի նա, ով գալիս է Տիրոջ անունով»:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:

Հնագույն հավատալիքների համաձայն Ծաղկազարդը երկնքի և երկրի ամուսնությունն էր խորհրդանշում:

Հայոց որոշ ազգագավառներում Ծաղկազարդին (Ծառզարդարին) նշանված կամ նորապսակ երիտասարդ տղաները շաբաթ լույս կիրակի կեսգիշերին արմատախիլ էին անում նոր բողբոջած ուռենիները և բերում եկեղեցի: Եկեղեցու մուտքը զարդարում էին ծաղկե շրջանակով, եկեղեցին՝ ուռենու բողբոջած ճյուղերով, ճյուղերի մի մեծ կույտ էլ դարսում էին կենտրոնում: Նրանց հետևում էին մանուկ տղաներն ու պատանիները՝ ձեռքներին զանազան ինքնաշեն խաղալիքներ՝ «ճեռ»-եր (փայտե խաղալիք, որ կոթի վրա պտտելիս ճըռ-ճըռ ձայն է հանում) և «կարկաչա»-ներ (մեջը մանր քարեր լցրած կոթավոր տուփիկ, որ շարժվելուց չխկչխկոց է հանում), որոնք պտտացնելով կամ թափահարելով՝ աղմուկով էին լցնում եկեղեցին: Այստեղ աստիճանաբար ավելանում էր տոնական հագնված բազմությունը, իսկ դեռատի աղջիկները եկեղեցի էին գալիս այդ օրը հավաքած ծաղիկներով: Եկողները շրջապատում էին ուռենու ծառերը, վառում իրենց հետ բերած մոմերը և ամրացնում ծառերի ճյուղերին. կեսգիշերին, հարյուրավոր մոմերի պայծառ լույսի տակ, սկսվում էր ուռենու ճյուղերն օրհնելու ծեսը: Եկեղեցում սովորական զսպվածությունն ու հանդարտությունը չկար, բոլոր կողմերից կատակներ էին լսվում, բարեկամները գտնում էին միմյանց, ողջագուրվում:

Ժամասացությունը ավարտին մոտենալիս՝ բոլոր ժամավորները ջանում էին ուռենու օրհնված ճյուղերից հնարավորին չափ շատ վերցնել իրենց հետ: Օրհնված ուռենու ճյուղերը տուն էին տանում. այդ ճյուղերին վերագրվում էր չարխափան, առատություն բերող զորություն, տարվա ընթացքում դրանք օգտագործվում էին բազմաթիվ առիթներով, մինչև հաջորդ Ծաղկազարդ:

Այդ ճյուղերից գցում էին բոլոր մթերքների կարասները, ամբարը, թեթևակի խփում էին անասուններին, դրանցից մեկն էլ պահում էին և ամեն անգամ կարագ հարելիս դրանով ստուգում խնոցին: Այդ ճյուղերը հյուսում, օղ էին անում, օղի միջով անցկացնում հավերին, որ դրանք գեր լինեն, խփում էին միմյանց մեջքին՝ «մեջքը տեղը, կամքը տեղը» խոսքերով: Ջավախքում էլ ճյուղերով սրան-նրան խփելիս ասում էին՝ «Քամու տեղ, սրտի դեղ», հուսալով, որ հիվանդությունները կանցնեն: Նոր Բայազետում ծաղկազարդի ուռենու օրհնած ճյուղը ամրացնում էին խնոցու պարանի վրա, որպեսզի «կաթը յուղոտ լինի, խնոցուն աչք չկպչի...»:

Վասպուրականում հավատացած էին, որ եթե Ծաղկազարդին ուռենիներ տնկեն, կարող են հետո կտրել և նրանցով հրաշքներ գործել: Այդ ճյուղերից մի քանիսն էլ գցում էին զատկական կերակուրն եփող օջախի կրակի մեջ: Քեսապում այդ գիշեր ջրի մեջ դնում էին յոթ բուրավետ ծաղիկներ ու խոտեր, իսկ առավոտյան լվացվում էին յոթ ծաղիկների զորությունը քաղած ջրով, որը կոչում էին «յութնյուս»:

Շարուրում չամուսնացած երիտասարդները, որոնք այդ տարի ամուսնանալու մտադրություն ունեին, ուռենիների ճյուղերով շրջող պատանիներից ճյուղեր էին վերցնում, տուն տանում: Իսկ երիտասարդ աղջիկները գույնզգույն կտորներով զարդարում էին ծառերը և աղերսում իրենց երազանքների իրականացում: Այդ օրը բոլորը պիտի «հատիկ» ուտեին, ինչպես նաև՝ այն նվիրաբերեին տուն այցելող երեխաներին, ուստի տանտիկինները խաշած ցորենից, սիսեռից, չամիչից ու շաքարահատիկներից մեծ քանակությամբ «հատիկ» էին պատրաստում: Ճեռեր ճռճռացնող երեխաները երկու-երեք հոգով, երբեմն ավելի ստվար խմբերով, մի-մի դույլ ու տոպրակ առած՝ շրջում էին տնետուն, Ծաղկազարդի երգեր երգում և որպես պարգև հատիկ ու ձու ստանում՝ առաջիկա Զատիկը դիմավորելու համար: Ծաղկազարդին երգվող պարզունակ երգերից մեկը հետևյալն էր.

Ծառզարդար, ծառին զարդար,

Խունկ առեք, խունկ ծխեցեք,

Սև հավեն հավկիթ կուզեմ,

Կարմիր կովեն եղ կուզեմ:


Երեխաները շրջում էին այնքան, մինչև իրենց դույլերը կամ տոպրակները ձվով լցնեին, փոխարենը բաժանում էին օրհնված ուռենու մեկական ճյուղ: Շրջայցերից զատ, որոշ վայրերում Ծաղկազարդի օրը տեղի էին ունենում նաև հատուկ խաղեր: Բալուում, օրինակ, 10-12 տարեկան տղաները նախապես հավաքում էին ուռենու կամ բարդու երկար ձողեր, դրանք ներկում կարմիր գույնով: Խաղացողներից մեկն իր ձողը շեղակի դեմ էր անում պատին, մյուսն իր ձողով հարվածում էր. կոտրված ձողը հաղթողն իրեն էր վերցնում, պահում Զատիկի թանապուրի տակ այրելու համար: Խաղացողների հարվածների ձայնը և հաղթողների հաղթական գոչյունները լսվում էին առավոտից երեկո:


Ծաղկազարդի տոնն այսօր


Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Մանուկների օրհնության օր և այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ, քանի որ Քրիստոսի՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին «օրհնությո՜ւն Դավթի որդուն»:

Ծաղկազարդի նախօրեին՝ շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:

  • Black Facebook Icon
  • Black YouTube Icon
  • Black RSS Icon

© Federation of Youth Clubs of Armenia - 2016

Designed & Made by Armenian PR Association
www.ArmPR.org