ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ

ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆ

Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է. իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Ժողովրդական պատկերացումներում Ս. Սարգիսը գորշ կամ ճերմակ ձիավոր էր, քաջ ու համարձակ, ում կարևոր դերակատարումներից մեկն իր արագավազ ձիով երիտասարդ սիրահարներին օգնության հասնելն էր: Երիտասարդների՝ առ Ս. Սարգիս հղվող աղոթքներից մեկն, օրինակ, այսպես էր.

Մուրազատու Սուրբ Սարգիս,

Դու հասնիս մըր երկուսիս:

Իսկ հարսանիքների ժամանակ Ս. Սարգսին հիշատակում էին փեսայի համար կատարվող հետևյալ օրհներգի մեջ.

Սուրբ Սարգիսն իջավ սարեն,

Քառսուն աղբյուր բխաց քարեն,

Քսանևչորս սուրբ մարգարեն,

Օրհնեն այս մեր թագավորը:

Առհասարակ, Սուրբ Սարգիսը համարվում է նաև ընտանիքների հովանավոր, ուստի Ս. Սարգսի տոնը սիրված ու սպասված տոներից մեկն էր, որ նշվում էր գլխավորապես ընտանեկան միջավայրում: Տոնի պատրաստությունները սկսվում էին երկուշաբթի օրն սկսվող հնգօրյա պահքով, որը հայտնի է «Առաջավորաց պաս» անվամբ:

Հնագույն սովորույթի համաձայն՝ Ս. Սարգսի օրն ամեն տան մեջ աղանձ պիտի արվեր: Այդ օրը բոլոր տներում սկսվում էին «թաթախման», այսինքն՝ Առաջավորաց պահքն ավարտելու նախապատրաստական աշխատանքները: Փոխինդը շաղախում էին մեղրաջրով, դոշաբով կամ շաքարաջրով, ապա բաժանում գնդերի՝ ընտանիքի անդամների թվով: Շաբաթ երեկոյան ավարտում էին Սբ Սարգսի ծոմը կամ պասը՝ հանդիսավորապես ուտելով փոխինդի իրենց գնդիկները:

Որոշ տեղեր Ս. Սարգսի պասն ավարտելու առթիվ աղջիկները հավաքվում էին իրենցից մեկի տանը և համատեղ պատրաստում օրվա հանդիսավոր կերակուրը՝ «հացըրդոնը», որը թավայի մեջ շերտերով տապակված յուղի, ձվի ու ալյուրի շաղախ է:

Նրանք, ովքեր գերադասում էին այդ օրն ուխտի գնալ Ս. Սարգսի անունը կրող որևէ սրբավայր, ուխտավայրում խաչի վրա ջուր էին լցնում, ապա խաչլվայի ջրով ու մեղրով փոխինդից շաղախ պատրաստում և դա ուտելով՝ պասն ավարտում: Ուխտավայրից վերադառնալիս որևէ մեկին հանդիպելիս նրանք ասում էին՝ «Խաչը քեզ ողջույն ուղարկի», ինչին վերջինս պատասխանում էր՝ «Ողջ մնաս»:

Որոշ տեղեր այդ գիշեր հատուկ բաղարջ էին թխում՝ առանց թթխմորի և աղի: Խմորը երկու գունդ էին անում, երկու շերտերի բաժանում, շերտերից մեկի վրա շարում ընտանիքի հարստությունները խորհրդանշող առարկաներ՝ մրգի զանազան տեսակներ, պանրի կտոր, դրամ և այլն, ծածկում խմորի երկրորդ շերտով և թխում: Առավոտյան բաղարջը շերտատում էին երեխաների թվով և բաժանում. ում բաժնից ինչ դուրս գար՝ նրան համապատասխան ժառանգություն էր սպասվում. մրգեղենը՝ այգիներ, պանիրը՝ անասուններ, դրամը՝ հայրական տունը, իսկ եթե այդ առարկաներն աղջիկներին էին բաժին ընկնում, ապա նշանակում էր, որ աղջկա ամուսինը համապատասխանաբար այգեպան, հովիվ կամ հարուստ մարդ պիտի լինի:

Թեհրանի հայերը Ս. Սարգսի ուրբաթ օրը առանց աղի և թթխմորի հաց՝ «չալաքի» էին թխում, և եթե հատուկ իղձ էին պահած լինում՝ մատաղ էին անում, միսը դնում չալաքիի մեջ և յոթ տեղ բաժանում: Այդ նույն գիշեր սկուտեղի վրա փոխինդ էին լցնում, հարթեցնում, դնում տան պատվավոր անկյունում և աղոթում. «Մեռնիմ քի, ատենահաս ձիավոր սըփ Սարգիս, դու կգաս քու ձիու ոտք զարկիս մեջ»: Այդ գիշեր Սբ Սարգիսն ում տուն այցելեր՝ իր ձիու պայտի հետքը պիտի թողներ փոխինդի վրա՝ որպես իր հատուկ վերաբերմունքի նշան, դռանը թասով փոխինդ դնելուց բացի, շատերն այդ գիշեր դուռը բաց էին թողնում: Շաբաթ առավոտյան առաջին գործը պատուհանի գոգին կամ դռան մոտ դրած փոխինդի ստուգումն էր, որով հետո պիտի խաշիլ պատրաստեին՝ անկախ ձիու պայտի հետքից: Իսկ եթե հանկարծ ձիու պայտի հետքը նշմարվում էր՝ աննկարագրելի ուրախություն էր ընտանիքում, ողջ գյուղը, բոլոր ազգականները, հարևաններն իմանում էին:

Ուրբաթ երեկոյան ամուրի տղաներն ու աղջիկները քնելուց առաջ խիստ աղի բլիթ էին ուտում՝ հուսալով երազում տեսնել իրենց ապագա կողակցին: Աղի բլիթի մի կտորը կտրում էին, դնում բարձի տակ, մնացածն ուտում, որպեսզի հաջորդ օրը գուշակություններ անեն գիշերը երազում իրենց ջուր տվող մարդու շուրջ: Առավոտյան պատմում էին իրենց տեսած երազը. ո՞վ կամ ինչպիսի՞ մարդ էր ջուր տվողը, ինչպիսի՞ գավաթով, որքա՞ն ջուր կար գավաթի մեջ և այլն: Այդ մանրամասները գուշակության թեմաներ էին. ոսկե գավաթը հարուստ մարդ էր նշանակում, արծաթե գավաթը՝ միջակ հարստություն, փայտե, պղնձե կամ կավե գավաթը՝ աղքատ, լիքը գավաթը երկար ամուսնական կյանք էր կանխագուշակում, թերի գավաթը՝ կարճ և այլն: Սրանից բացի, մի կտոր հաց, փոխինդի գնդից մի կտոր կամ խաշիլից մի պատառ դնում էին տան երդիկին և հետևում, թե այդ կտորը կտցող թռչունները ո՞ր կողմ կթռչեն՝ այդտեղից էլ սպասվում էր ապագա ամուսինը կամ կինը: Շատ վայրերում, մինչև 20-րդ դարի վերջերը, աղջիկները սովորություն ունեին օրը միասին անցկացնելու, հավաքվում էին որևէ մեկի տանը (թոնրատանը), որպեսզի ոչ ուտեին, ոչ խմեին, ոչ էլ տան գործ անեին՝ հատկապես ավել, ասում-խոսում, զվարճանում, իրենք իրենց զբաղեցնում էին, որ մտքներով չանցնի ծոմը խախտել, ուշ երեկոյան մի-մի աղի պատառ ճաշակում, ապա նույն տեղում էլ գիշերում էին, որ առավոտյան իրար պատմեն, թե ում ով ջուր տվեց:

Քեսապում ամբողջ շաբաթ երեխաները խաղում էին «Մյուշտուկ» կոչված խաղը. «մյուշտուկ»-ները մեկ-մեկուկես թիզ երկարության փայտիկներ էին, որոնք կռվացնելով շահում (խլում) էին միմյանցից: Երեխաների «շահած» ու տուն բերած մյուշտուկները մեծերն օգտագործում էին աղի հացը թխելու համար:

Գետաշեն գյուղում ողջ շաբաթ երեխաները շրջում էին տնետուն, երգում և հավաքում մթերքներ՝ փոխինդ, աղանձ, ցորեն, ալյուր, դոշաբ:

Սիսիանում նույնպես երեխաները խմբերով շրջում էին տնետուն, երդիկներից գուլպա կախում և Ս. Սարգսին նվիրված երգեր երգելով՝ մթերք հավաքում:

Ծալկայում մինչև հիմա մարդիկ հավատում են, որ սբ Սարգսի գիշերը պարտադիր բուք է լինում և որևէ հույն բքախեղդ է լինում: Զարմանալի է, որ սբ Սարգիսն ինքը հույն լինելով՝ հույներին, փաստորեն, չէր սիրում: Այս առումով նաև կարծքի կա, որ սբ Սարգիսը ոչ թե սիրո բարեխոս (կամ ոչ միայն), այլ ձմռան, բքի հետ կապ ունեցող ոգի էր, մանավանդ, որ տոնը հիմնականում համընկնում էր բքերի շրջանի հետ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսնի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Տոնի օրը Ս. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Երիտասարդների կողմից սպասված սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) անդամների ու կամավորների համար հիշարժան օր է համարվում: Արդեն ավանդույթ է դարձել, որ Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրը ԵԱԴ-ն Արարատյան Հայրապետական թեմի և Հայկական Փի Ար ասոցիացիայի աջակցությամբ իրականացնում է գեղեցիկ, սիրառատ և հետաքրքիր միջոցառում:

«Հայաստանի երիտասարդական ամենամեծ կազմակերպությունը հատուկ վերաբերմունք ունի ազգային-եկեղեցական տոների նկատմամբ և, առիթը բաց չթողնելով, յուրաքանչյուր տարի իրականացնում է մշակութային, ուսուցողական միջոցառում, որպեսզի այն արժեքները, որոնք դավանել և ժառանգել են մեզ մեր պապերը կարողանանք փոխանցել երիտասարդ սերնդին՝ նպատակ ունենալով մեզանում բացառել օտարամուտ երևույթները»,- նշել է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Ամենամյա միջոցառման ողջ ընթացքում երիտասարդները հանդես են գալիս ազգային երաժշտական կատարումներով, ասմունքով և, իհարկե, անականկալ սիրո խոստովանություններով, որոնք էլ ավելի են ջերմացնում մասնակիցների հոգիները: Այն համարձակ զույգերը, ովքեր հրապարակային սիրո խոստովանությամբ ներկայանում են միջոցառման ընթացքում, Երիտասարդական ակումբների դաշնության գործընկերների կողմից ստանում են բազմաթիվ նվերներ:

  • Black Facebook Icon
  • Black YouTube Icon
  • Black RSS Icon

© Federation of Youth Clubs of Armenia - 2016

Designed & Made by Armenian PR Association
www.ArmPR.org